Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների քրեական գործով դատավարության մեկնարկը դատարանում դեռ մշուշոտ է։ Ճիշտ է՝ վերաքննիչ դատարանը վերացրեց ՍԴ դիմելու Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 20-ի որոշումը, սակայն պաշտպանական կողմն արդեն իսկ հայտարարել է, որ այն բողոքարկելու է վճռաբեկ դատարան, իսկ Սահմանադրական դատարանն էլ վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի երեք դիմում։ Ասել է թե՝ անկախ ամեն ինչից Բարձր դատարանում քննարկվելու է երկրորդ նախագահին սահմանադրական կարգը տապալելու համար առաջադրված մեղադրանքի սահմանադրականության հարցը։

Քրեական գործի հանրային մեծ հնչեղությունը նկատի ունենալով՝ «Փաստինֆո»-ն հրապարակել է Ռ.Քոչարյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ, որտեղ կային բավական ուշագրավ դրվագներ՝ մի շարք այլ բարձրաստիճան նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ։ Քաղաքական երանգներ պարունակող դատավարական այդ փաստաթղթում՝ առերեւույթ հանցավոր արարքներ էր վերագրվել մի շարք այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։

Մասնավորապես՝ ՀՔԾ-ի կողմից կազմված փաստաթղթում առկա է հետեւյալ միտքը «Մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, ՀՀ ոստիկանության անօրինական գործողությունները քողարկելու, այդ իրադարձություններին զինված ուժերի մասնակցության հանգամանքները թաքցնելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ Նախագահի (խոսքը գնում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիների մասին- հեղ.) օգնականի պաշտոնին նշանակված Գ.Կոստանյանի և ՀՀ նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին նշանակված, ներկայումս՝ հանգուցյալ Գևորգ Մհերյանի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնական անձինք, այդ թվում՝ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, վերջինիս տեղակալ Ալեքսանդր Աֆյանը, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ Հայկ Միլիտոնյանը, վերջինիս տեղակալ Հովհաննես Թամամյանը և ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ, 2008թ. մայիսի 29-ին ՀՀ ոստիկանության պետ նշանակված Ալիկ Սարգսյանը հետին ամսաթվով ստորագրել են կեղծ պաշտոնական փաստաթղթեր, որոնք տրամադրել են մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին և Փորձագետների փաստահավաք խմբին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել