Ներկայումս Հայաստանում տնտեսական ակտիվության բարձրացման և ներդրումների խթանման ուղղությամբ ամենահիմնական խնդիրներից մեկը դրամավարկային քաղաքականության խթանող միջոցառումների իրականացումն է, իսկ դրա համար նախևառաջ պետք է վերանայել ՀՀ ԿԲ գլխավոր նպատակը, այն է՝ գների կայունության ապահովումը։ Կարող ենք վստահորեն ասել, որ վերջինս ոչ միայն չի նպաստում տնտեսական աճի բարձր տեմպերի ապահովմանը, այլև ընդհակառակը՝ խոչընդոտում է դրան։ Հետճգնաժամային ժամանակահատվածում, երբ Հայաստանի տնտեսությունը գտնվում էր խորը անկման փուլում, նաև նման զսպող քաղաքականության արդյունքում է, որ մակրոտնտեսական ցուցանիշները, դրսևորելով անկայուն շարժընթաց, մինչ օրս չեն հասել նախաճգնաժամային մակարդակին։

Միգուցե այլ երկրներում, որտեղ բարձր տնտեսական աճի տեմպեր են գրանցվել, գնաճի թիրախավորումը որոշակի ժամանակահատվածում նպաստել է տնտեսության կայունացմանը՝ կանխելով վերջինիս «գերտաքացումը», սակայն վերլուծությունները ցույց են տալիս, որ այն ունեցել է խիստ բացասական հետևանքներ, օրինակ՝ Ճապոնիայում։ Ընդհանրապես, միայն փողի զանգվածի կարգավորման մոնետար մեթոդներով հնարավոր չէ ապահովել տնտեսության կայուն զարգացում, առավել ևս՝ հետճգնաժամային փուլում։ Թերևս սա է պատճառը, որ բազմաթիվ երկրներ հրաժարվել են այս քաղաքականությունից։

Անդրադառնալով Հայաստանին՝ պետք է նշել, որ գնաճի թիրախավորման քաղաքականությունն ուղղակիորեն զսպում է տնտեսական ակտիվությունը։ Բացի այդ՝ այս քաղաքականության միջոցով նույնիսկ գնաճի զսպումը նախանշված թիրախային ցուցանիշի շրջակայքում հիմնականում չի ապահովվում՝ ելնելով մի շարք օբյեկտիվ պատճառներից.

1. Հայաստանում գնաճը հիմնականում «ներմուծվող» բնույթ է կրում՝ կապված արտաքին շուկաներում էներգակիրների և այլ ներմուծվող ապրանքների գների աճով, հետևաբար ներքին շուկայում այդպիսի գնաճի զսպումը կարճաժամկետ հատվածում դժվար իրագործելի խնդիր է։ 

2. Հայաստանյան տնտեսությունն աչքի է ընկնում մենաշնորհացման բարձր մակարդակով, ինչի հետևանքով բազմաթիվ շուկաներում՝ հատկապես սպառողական ապրանքների, արձանագրվում է նույնիսկ երկնիշ թվերով գնաճ։ 

3 .Գնաճի զսպման նպատակից ելնելով՝ դրամի փոխարժեքը արհեստականորեն պահպանվում է արժևորված, միևնույն մակարդակի վրա, ինչը ևս իր հերթին բացասաբար է անդրադառնում արտահանման վրա։

4. Հայաստանի տնտեսությունը բավական խոցելի է արտաքին ցնցումների հանդեպ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է վերանայել ՀՀ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը՝ վերանայելով վերջինիս հիմնական խնդիրը, այն է՝ գների կայունության և ֆինանսական կայունության ապահովումը փոխարինել տնտեսական աճի և ֆինանսական կայունության ապահովմամբ: 
Նման դեպքում որպես թիրախ կընտրվի տնտեսական աճի նախտնտրելի ցուցանիշը, և Կենտրոնական բանկը, կոորդինացնելով դրամավարկային քաղաքականությունը, կառավարության հարկաբյուջետային քաղաքականության հետ համապատասխան գործիքակազմ կիրառելով կխթանի տնտեսության մեջ ներդրումների իրականացումը։ Մասնավորապես, այս ուղղությամբ կարևոր քայլերից մեկը կհանդիսանա ՀՀ ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի աստիճանական նվազեցումը:

Հաշվի առնելով, որ կապիտալի շուկան մեր հանրապետությունում զարգացած չէ, ուստի ներդրումների ֆինանսավորման հիմնական աղբյուրը վարկային ռեսուրսներն են: ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման դեպքում, բնականաբար, կնվազեն առևտրային բանկերի վարկային տոկոսադրույքները, ինչն անհամամեմատ ավելի մատչելի կդարձնի ներդրումների վարկային ֆինասավորումը:

Բացի վերոգրյալից՝ ՀՀ կառավարության և ԿԲ համատեղ ջանքերով ներդրումների խթանման ուղղությամբ կարող են իրականացվել նաև հետևյալ միջոցառումները.
• տնտեսության առաջնահերթ ոլորտներում և սահմանամերձ շրջաններում ներդրումներ իրականացնող կազմակերպությունների համար արտոնյալ վարկերի տրամադրում, 
• արտահանող ձեռնարկությունների կողմից ներդրումների համար ներգրավված վարկերի տոկոսների սուբսիդավորում, 
• ներդրումների ներգրավման նպատակով կազմակերպությունների կողմից պետության կողմից երաշխավորված կորպորատիվ արժեթղթերի թողարկում և առևտրային բանկերի միջոցով առաջնային շուկայում դրանց տեղաբաշխման կազմակերպում,
• կուտակային կեսնաթոշակային հիմնադրամների հավաքագրած ֆինանսական միջոցները Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում որպես ներդրումներ ներգրավելու մեխանիզմների ապահովում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել