Ամենաշատը մենք ուրախանում ենք նոր հայտնագործություններից և բացահայտումներից, քանի որ դրանք բարելավում են մեր կյանքը, սակայն երբեմն նոր հայտնագործությունները կարող են վնասել ոչ միայն հավանական օգտագործողին, այլ նաև սեփական ստեղծողին։

Հենրի Սմոլինսկի

Առաջին ավտոմեքենաների ստեղծումից հետո հայտնագործողները երազում էին ստեղծել թռչող մեքենա։ Նման մեքենա ստեղծելու փորձեր շատերը կատարեցին, սակայն դրանք որևէ արդյունք չունեցան։ Ամենաամբիցիոզ նախագծերից մեկը AVE Mizar մեքենան էր, որը ստեղծվել էր 1971 թվականին Հենրի Սմոլինսկու կողմից։

Միտքը շատ հասարակ է. մեքենային ամրացնել փոքրիկ ինքնաթիռի թևեր և շարժիչ, որպեսզի այն թռչի։ Առաջին անհաջող մեկնարկից երկու շաբաթ անց Հենրին ինքն է նստում իր ստեղծած մեքենայի ղեկին, սակայն այս փորձն էլ է տապալվում։ Թևերի ամրացված հատվածները չեն կարողանում պահել ծանրությունը, և մեքենան բարձրությունից ցած է ընկնում։ Պատահարի հետևանքով Սմոլինսկին և նրա օգնականը մահանում են։

Հենրի Ուինսթենլի

Բրիտանացի նկարիչ և ինժեներ Հենրի Ուինսթենլին հայտնի էր տարբեր մեխանիկական սարքերի հանդեպ իր մեծ հետաքրքրությամբ։ Նա իր սեփական բնակարանը վերածել էր հրաշք տան, որտեղ հազարավոր այցելուներ էին գալիս՝ մեխանիկական սարքերը տեսնելու համար։

1690 թվականին Ուինսթենլին նոր նախագիծ սկսեց։ Նա որոշեց փարոս կառուցել վտանգավոր ժայռերի վրա, որտեղ բազում առևտրական նավեր են խորտակվել։ Չնայած բազում դժվարություններին՝ նրան հաջողվեց կառուցել փարոսը։ Իր կառուցած փարոսի ամրությունը ստուգելու համար նա որոշեց փոթորիկի ժամանակ մնալ փարոսի ներսում։

Սակայն այդ ժամանակ՝ 1703 թվականին, Մեծ Բրիտանիայի ափերին հասավ Բրիտանիայի պատմության մեջ ամենահզոր փոթորիկը, որը խլեց ավելի քան 8 հազար մարդու կյանք։ Հենրիի կառուցած փարոսը չդիմացավ փոթորիկի հարվածներին և կործանվեց՝ իր հետ տանելով նաև իր ստեղծողին։

Օտտո Լիլիենտալ

Առաջին ինժեներներից մեկն է, ով փորձել է թռչող սարք ստեղծել։ Իր գործունեության ընթացքում նա բազում փորձարկումներ և թռիչքներ է կատարել։ Նրա ուսումնասիրությունները մեծ նշանակություն ունեցան Ռայթ եղբայրների կողմից առաջին ինքնաթիռը ստեղծելու ժամանակ։

Այսպես՝ 1896 թվականին՝ հերթական թռիչքներից մեկի ժամանակ, Օտտոն Գերմանիայի հյուսիսում թռչում էր իր ստեղծած սարքով։ Թռիչքի ժամանակ թռչող սարքի շարժիչը հանկարծակիորեն կանգ է առնում, և նա ցած է ընկնում 15 մետր բարձրությունից։ Ընկնելու ժամանակ նա վնասում է իր պարանոցը, իսկ բժիշկները չեն կարողանում փրկել նրա կյանքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել