Վերջին շրջանում տարբեր առիթներով պարբերաբար խոսվում է «հիբրիդային պատերազմ» հասկացության մասին, սակայն համոզված եմ՝ քչերն իրականում գիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում այն, և պրակտիկապես որտեղ է կիառվել և ինչ մեթոդաբանությամբ:
«Հիբրիդային պատերազմ» (hybrid warfare) եզրույթը շրջանառության մեջ է դրվել 20 դարի վերջին ԱՄՆ-ում ռազմական դոկտրինը բնորոշելու համար, որն իր մեջ միավորում է սովորական պատերազմը, փոքր պատերազմը և կիբերպատերազմը: Ներկայումս «հիբրիդային պատերազմը» հանդիսանում է պատերազմի առաջատար տեսակ, սակայն որի առանձին բաղադրիչներ թե՛ նախկինում, թե՛ այժմ առանձին լայնորեն օգտագործվում են: Ըստ Ֆրանկ Հոֆմանի, ով առաջինն է ԱՄՆ-ում ներմուծել այս հասկացությունը, «հիբրիդային պատերազմները նոր չեն, ուղղակի ամեն անգամ նրանք տարբեր են»:
Ըստ էության, հիբրիդային պատերազմը միշտ հանկարծակի է սկսվում, ուստի զինվորականները պետք է նախապես սովորեն, թե ինչպես գործ ունենան անսպասելի սպառնալիքների հետ: Ակնհայտ է մի բան, որ համաշխարհայնացման պայմաններում աշխարհն անկայուն և անկանխատեսելի է դարձել: Աշխարհի հիմնական առանձնահատկություններն են դարձել անկարգությունները, քաոսային վիճակը, հակամարտության ներուժի ավելացումը: Ավելին՝ 21-րդ դարում համաշխարհային խաղաղությանն ու անվտանգության համար նոր սպառանալիք է ի հայտ եկել, որն անվանում ենք հիբրիդային պատերազմ:
Այն ոչ կանոնավոր զինված խմբավորումների օգտագործմամբ ավանդական պատերազմ վարելն է: Հիբրիդային պատերազմի ժամանակ մարդկանց մի խումբ գործարքի մեջ է մտնում ոչ պետական դերակատարների` զինված խմբավորումների, տեղական բնակչության խմբերի, կազմակերպությունների հետ: Այն իր մեջ ներառում է նաև տեղեկատվական պատերազմ:
Հիբրիդային պատերազմն ավելի շատ ոչ թե տանկերով կամ զենքերով պատերազմ է, այլ այն իրականացվում է քաղաքական քարոզչության, ահաբեկչության, ապատեղեկատվության միջոցով:
Քչերին է հայտնի, որ գունավոր հեղափոխությունը համարվում է հիբրիդային պատերազմի մի մաս: Քաղաքական դիսկուրսում «գունավոր հեղափոխություն» հասկացության տակ, որպես կանոն, հասկացվում է իշխող վարչակազմի փոփոխության գործընթաց, որը տեղի է ունենում փողոցային տարբեր ակցիաների և դրսից հասարակական կազմակերպություններից ֆինանսավորմամբ:
Չնայած նրան, որ հիբրիդային պատերազմի վերաբերյալ համընդհանուր սահմանում չկա, սակայն հիբրիդային պատերազմն իրականում գոյություն ունի և այն կիրառվել է Լիբիայի առաջնորդ Քադաֆիին գահընկեց անելու, Սիրիայում քաղաքացիական պատերազմի, ինչպես նաև Եմենում, Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջման և Դոնբասի իրադարձությունների ժամանակ:
ԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարար Ռոբերտ Գեյթսն առաջին անգամ հայտարարեց հիբրիդային պատերազմի մասին և դա ամերիկյան ռազմական մարտավարության մեջ կարևոր դեր ունեցավ:
Հիբրիդային մեթոդներ են կիրառվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկատմամբ: Սիրիայում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի հենց առաջին իսկ տարիներին, Արևմուտքն ու ԱՄՆ-ն զինված ապստամբյալներին աջակցություն էին ցուցաբերում, որոնց նպատակն էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադին գահընկեց անելը: Օրինակ՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ հիբրիդային պատերազմի կարևորագույն տարրերից էր նաև լայնամասշտաբ տեղեկատվական քարոզարշավ իրականացնելը:
Ամփոփելով ֆիքսենք հետևյալը. «հիբրիդային պատերազմը» ոչ նոր, սակայն պատերազմի կարևոր տեսակ է, որը վարում են ոչ այնքան հրանոթներով ու տանկերով, ինչքան քաղաքական քարոզչության ուժերով, ահաբեկչությամբ, ապատեղեկատվությամբ և թշնամու վրա տնտեսական ճնշում գործադրելով: Փաստորեն, «հիբրիդային» գործողությունների դեպքում օգտագործվում է հակառակորդի վրա ճնշում գործադրելու միանգամից մի քանի լծակ, որոնց մեջ մարտական գործողությունները չնայած կարևոր, սակայն ընդամենը մի մասն են: