Aysor.am-ը գրում է.

Մինչ աշխարհն արդեն վաղուց օրինական է համարում թուղթ ու թանաքով կնքված պայմանավորվածությունները, Հայաստանում դեռևս շարունակում են «պաշտոնական» որոշումներ կայացնել բանավոր մակարդակով, ինչն էլ հաճախ հանգեցնում է դատական քաշքշուքի:

Օրերս նման իրավիճակում հայտնվեցին 90-ականների ճանաչված երգիչ Արթուր Գալստյանն ու շոուբիզնեսի մերօրյա ներկայացուցիչ Գևորգ Մարտիրոսյանը: Վերջինս որոշել էր Արթուր Գալստյանի «Ով է նա» հեղինակային երգին նոր շունչ տալ: Արդյունքում, պարզվել էր, որ հեղինակային իրավունքի խախտում է կատարել, ու գործը հասել է, այսպես ասած, «դիվանբաշուն»:

Արթուր Գալստյանն Aysor.am-ի հետ զրույցում հրաժարվեց որևէ բացատրություն տալ՝ խնդրելով, որ մեր բոլոր հարցերի պատասխանները ստանանք իր փաստաբան Լուսինե Վիրաբյանից: Վերջինս էլ մանրամասնեց՝ Գևորգ Մարտիրոսյանն, առանց Արթուր Գալստյանի թույլտվության, վերցրել է նրա երգը, երգել ու տեսահոլովակ նկարահանել՝ խախտելով Ա. Գալստյանի ոչ գույքային հեղինակային իրավունքը: 2001 թվականից «Հայ հեղինակ» հասարակական կազմակերպությունում այդ երգի նկատմամբ Արթուր Գալստյանի հեղինակային իրավունքը գրանցված է:

Իր հարցազրույցներում Գևորգ Մարտիրոսյանը պարբերաբար նշում է՝ հեռախոսազրույց է ունեցել երգի հեղինակի հետ, նա էլ համաձայնվել է, որ երիտասարդ երգիչը նոր շունչ ու հոգի տա իր ստեղծագործությանը: Սակայն հեղինակի փաստաբանը նկատում է՝ Գևորգ Մարտիրոսյանի կողմից շահարկվում է այն հանգամանքը, որ ինքն ու Արթուր Գալստյանը հեռախոսային պայմանավորվածություն են ունեցել, ու վերջինս չի առարկել:

«Իրականում, ես չեմ կարող ասել՝ ի՞նչ հեռախոսազրույց են ունեցել իրենք, կամ՝ ունեցե՞լ են, թե՞ ոչ: Բայց եթե մենք հասել ենք այն դաշտին, որ խոսում ենք միայն օրենքի լեզվով, ապա ամեն անգամվա պես պետք է հիշեցնեմ, որ «ազնիվ խոսքը» ապացույցի տեսակ չէ: Թող գան, դատարանում փաստերով ապացուցեն, որ ունեցել են նման հեռախոսազրույց: Չնայած ասեմ, որ եթե նույնիսկ հեռախոսազրույց են ունեցել, միևնույն է, ըստ օրենսդրության՝ պետք է պայմանագրով արձանագրվեր համապատասխան թույլտվությունը: Գրավոր փաստաթուղթ պետք է կազմվեր, համաձայն որի՝ Արթուրը տալիս է իր թույլատվությունը տվյալ երգի օգտագործման համար», - նշեց Լուսինե Վիրաբյանը:

Փաստաբանն ընդգծեց՝ իր վստահորդն այդ երգի կատարման թույլտվությունը որևէ մեկին չէր փոխանցի, քանի որ այն հատուկ է գրվել ու նվիրվել է մի կնոջ՝ Մարի Դալիա Վան Մարկին, ով ևս մեծ վրդովմունք է ապրում, որ իրեն նվիրված երգն օգտագործվել է: Ի դեպ, Գևորգ Մարտիրոսյանի կողմից կատարվող երգն ու տեսահոլովակը «Յութուբում» արգելափակվել է Մարի Դալիա Վան Մարկի պահանջով:

Լուսինե Վիրաբյանը մեկ անգամ հանդիպել է Գևորգ Մարտիրոսյանի հետ: Ասում է՝ չնայած երգիչն ասել էր, որ հանդիպման կգա իր փաստաբանի հետ, սակայն ընկերոջ ուղեկցությամբ էր եկել:

«Մեր զրույցը, մեղմ ասած, չստացվեց: Իրեն առաջարկեցինք խնդրի լուծման 4 տարբերակ՝ հարցը արտադատական կարգով լուծելու համար: Առանց դատարան մտնելու առաջարկում էի օրինական պայմանագիր կնքել, դրամական փոխհատուցում տալ ու ամեն ինչ անել օրենքի սահմաններում: Ես փորձեցի սպառել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի գործը դատարան չմտնի, ու երկու կողմերն առավել շահավետ պամաններում կարողանային վեճի հանգուցալուծում ունենալ: Սակայն չընդունվեց Գևորգի կողմից, ու հիմա նաև այդ նույն պահանջով մենք դատարան ենք մտնում՝ պահանջելով հեղինակային իրավունքի վերականգնում, համապատասխան վնասի, բացթողնված օգուտի հատուցում», - մանրամասնեց նա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել