Արմեն Մխեյանի այս վիպակն ունի բավականին հետաքրքիր սյուժե, գործողությունների անհավանական ու կտրուկ զարգացում: Վիպակն ընդհանուր առմամբ վեր է հանում բնապահպանական և հանքարդյունաբերության խնդիրները, սակայն որպես գեղարվեստական ստեղծագործություն, ընթերցողին գրավում է իր ուրույն սյուժեով և ժանրով: Իրադարձություններն զարգանում են մեր օրերում: Գլխավոր հերոսները պատահմամբ հայտնվում են իրադարձությունների կիզակետում, որտեղ սուտն է, կեղծիքն ու դավաճանությունը: Հանուն ճշմարտության պայքարը դառնում է նրանց գլխավոր ուղենիշը:

Վիպակում օգտագործվել են որոշ տեղանունների, պետական կառույցների, ինչպես նաև «Հետք» և «Հրապարակ» թերթերի անունները: Ընկերությունների անունները հորինված են, իսկ կերպարների անունների ցանկացած համընկնում՝ պատահականություն: 
Հատուկ շնորհակալություն «Հետքի» և «Հրապարակի» խմբագրակազմին և բոլոր նրանց, ովքեր իրենց լուման են ներդրել այս ստեղծագործության ստեղծմանը:
Խմբագրեց՝ Արամ Հովակիմյանը:
Այս գիրքը էլեկտրոնային տարբերակն է: Այն ենթակա չէ տպագրման և տարածման՝ առանց հեղինակի թույլտվության:
http://armmkheyan.blogspot.com© ArmenMkheyan 
 
Ժողովուրդն արտաքին թշնամու դեմ կարող է մեկ բռունցք դառնալ՝ նրա դեմ
հանելով բոլոր զենքերը: Այդպես են ծնվել բոլոր մեծ հաղթանակները: Բայց
արտաքին թշնամուց ավելի զորեղ կա մեկ այլ թշնամի՝ ներքին թշնամին: Այս 
թշնամու առավելությունը մեկն է՝ իր դեմ չեն կարող համախմբել...
Ա. Մխեյան


Այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են տասից ավելի հանքեր, որոնք շահագործման են ենթարկվում օտարերկրյա ընկերությունների կողմից: Հանքարդյունաբերության ոլորտը լուրջ խնդիրների առաջ է կանգնած մեր երկրում: Հայաստանը հիմնականում արտահանում է անմշակ հումք, ինչը չի կարող այդ ոլորտի զարգացում դիտարկել: Հայաստանի ընդերքն այսօր անխնա շահագործվում է՝ հանգեցնելով մի շարք լուրջ բնապապահպանական խնդիրների: Հնարավոր բոլոր բնապահպանական վնասները գրեթե ուշադրության չեն արժանանում պատկան մարմինների կողմից: Մի քանի տասնյակ կազմակերպություններ, երիտասարդական նախաձեռնություններ և հազարավոր բնապահպաններ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, սակայն նկատելի արդյունք չկա: Հանքարդյունաբերության ոլորտը «վերահսկվում» է մի քանի օլիգարխների կողմից, որոնք հսկայական եկամուտ են ստանում, սակայն պետբյուջե է գնում շատ չնչին տոկոսը: Հայաստանի Հանրապետության վերջին տարիներին տնտեսական տարեկան աճի հիմնական խթանը հանքարդյունաբերությունն է, որը էական դրական ազդեցություն չի կարող ունենալ ՀՀ հասարակ քաղաքացիների աղքատության մակարդակի նվազման գործում, քանի որ հանքարդյունաբերությունից միայն շահում են որոշ անհատներ: 
Նման անխնա կերպով ընդերքի շահագործումն առաջիկա տարիներին մեր պետությանը կկանգնեցնի բավականին մեծ էկոլոգիական խնդիրների առաջ, սակայն իշխանությունները համառորեն չեն ուզում տեսնել հնարավոր այն բոլոր վտանգները, որոնք արդեն իսկ առկա են:
***
Մարգարտա գյուղը Լոռվա ողջ հրաշք բնության պատկերն է ասես իր մեջ հավաքել: Հատկապես գարունն այստեղ այնքան գեղեցիկ է, որ թվում էր՝ դրախտի դարպասներն այստեղ են: Թեժ լեռան ստորոտին բազմած բնության այս հրաշք անկյունը մարդկությանը դեռ վաղուց է հայտնի: Այս տարածաշրջանում հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված գտածոներն զարմացնում են իրենց վաղեմությամբ ու միևնույն ժամանակ լավ պահպանված լինելով: Գյուղն իր անունը ստացել է հին ավանդապատումից, ըստ որի Աստղիկ դիցուհին այստեղ հաճախ է զբոսնել, ու նրա անցած ճանապարհի ողջ երկայնքով մարգարտածաղիկներ են ծաղկել: Մինչ օրս էլ գյուղում և շրջակա հովիտներում մարգարտածաղիկը ամենատարածված ծաղիկն է: Գյուղից հարավ` Փամբակի լեռներն են ու հենց այդ լեռնաշղթայի ամենաբարձր կատարը` Թեժ լեռը, որը նաև սահմանաբաժան է հանդիսանում Լոռվա ու Կոտայքի մարզերի միջև: Լեռան փեշից, կանաչ մարգագետնի ու թավ անտառների միջև ընկած գյուղից, հրաշալի տեսարան է բացվում դեպի Լոռվա աշխարհը, բնության անձեռակերտ հրաշք մի աշխարհ: Թեժ լեռան բարձրությունից երևում է Գուգարք աշխարհի մյուս լեռանապարը՝ Բազումի լեռները, իսկ մի փոքր աջ նայելիս՝ Խալաբ լեռան բարձունքը: Գուգարաց աշխարհի այս մի փոքրիկ հատվածն է միայն, որ Հայաստանի Հանրապետության կազմում է մնացել: Հանրապետության հյուսիս-արևելյան այս հայտվածը առանձնանում է իր անտառներով, գեղեցիկ մարգագետիններով, խոր ձորերով ու կիրճերով:
Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես գարունը չէր խնայել կանաչն ու ողջ լեռան փեշը պատել էր զմրուխտ կանաչով: Մարգարտա գյուղը ևս բնության այս հրաշագործության մասն էր կազմում: Փոքրիկ գյուղի յուրաքանչյուր անկյունում փթթում էին ծառերը: Բայց այս գարունը այդքան էլ բարի չէր թվում մոտ մեկ հարյուր շեն ունեցող համայնքի համար: Հենց գարնան սկզբից, գյուղից ոչ հեռու սկսվեցին շինարարական աշխատանքներ անցկացվել: Ոչ ոք տեղյակ չէր, թե ինչ է կառուցվում, սակայն շուտով պարզվեց. կառուցվում էր շինություն, որը պետք է ծառայեր մոտակա հանքավայրի շահագործման աշխատակիցների համար գրասենյակ, հետազոտական և տեղանքի ուսումնասիրման աշխատանքների մշակման վայր: Գյուղի բնակիչներն այդքան էլ մեծ ոգևորությամբ չընդունեցին այս լուրը, թեպետ նախագծի շրջանակներում պետք է կառուցվեր դեպի գյուղ տանող նոր ասֆալտապատ ճանապարհ, սակայն ոչ վաղ անցյալի այդ հատվածում հանքավայրի կառուցման ձախողված փորձը, հատկապես տարեց գյուղացիները լավ էին հիշում: Դեռ խորհրդային տարիներից Թեժ լեռը գրավում էր իր հարուստ ընդերքով: Մոտ կես դար առաջ փորձ արվեց այստեղ նոր հանքավայր բացել, սակայն նախագիծը կիսատ մնաց բնապահպանական լուրջ ռիսկերի պատճառով: Նախագծային աշխատանքների հետևանքով բնակավայրը հայտնվեց սողանքի գոտում, սակայն սողանքը այդքան էլ վտանգ չէր ներկայացնում կարծես թե, քանի որ սկսվեց գյուղի վերաբնակեցման հարցը քննարկվել: Բայց մի գեղեցիկ օր նախագիծը արգելվեց և լեռան բարձունքի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման աշխատանքները անակնկալ կերպով դադարեցվեցին: Պաշտոնական տեղեկություններով, հիմնական պատճառը շահավետ չլինելն էր, սակայն միայն տարիներ անց պարզ դարձավ, որ հանքավայրի շահագործումը արգելվել էր լեռան այսպես կոչված «վտանգավոր» լինելու պատճառով: Այստեղ հայտնաբերվել էր ռադիոակտիվ տարրերի կուտակումներ ու հանքի թե՛ փակ, թե՛ բաց շահագործումը կարող էր հանգեցնել էկոլոգիական աղետի: Շատերը չգիտեին շահագործման դադարեցման իրական պատճառների մասին, սակայն գիտեին, որ Թեժ լեռը շարունակում է մնալ գաղտնիքներով պարուրված…
***
–Պարո՛ն Դավթյան, հաջորդ հարցը, – շարունակեց լրագրողուհին, – Դուք` որպես գյուղապետ, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում այս պահին կանխելու համար Թեժ լեռան հանքի շահագործումը:
Մոտ հիսուն տարեկան տղամարդու դեմքին հերթական անգամ դժգոհության նշաններ երևացին: 
–Ես նորից եմ պնդում, որպես այս գյուղի գյուղապետ, պարտավոր եմ պայքարել, որ հանքը չշահագործվի: Հենց այսօր պատրաստվում եմ մարզպետարան ներկայացնել անհրաժեշտ բողոքներն ու մի քանի բնապահպանների կողմից արված ուսումնասիրությունների արդյունքները, որոնք լիարժեք հիմք են դադարեցնելու «ԻնտՎես Մեթալ» ընկերության գործունեությունը:
–Բայց ինչո՞ւ այդ մասին մեկ տարի առաջ չէիք բարձրաձայնում, մինչ ներդրումներ արվելը, մինչև շինարարության սկիզբը, – գրեթե ընդհատելով գյուղապետին շարունակեց լրագրողուհին՝ շտկելով անվանաքարտը, որին մեծ տառերով գրված էր՝ Անի Խաչատրյան, «Հետք», հետաքննող լրագրողներ: 
–Մենք ակնկալում էինք բնապահպանական կառույցների և բնապահպանների օգնությունը: Թեժ լեռը իմ սեփականությունը չէ, որ չթողնեմ: Կա Կառավարության թույլտվություն, մարզպետարանի հետ պայմանագիր և այլն: Եվ հետո, պետք է հանքի բացման աշխատանքները սկսվեին լեռան հարավային հատվածում, այլ ոչ թե հյուսիսային: Այդ մասին իմացա միայն վերջերս: Ուզում եմ ձեր թերթին ու մյուս լրագրողներին ևս շնորհակալություն հայտնել, որ բարձրաձայնում եք այս խնդրի մասին:
–Շնորհակալություն, պարոն Դավթյան հարցազրույցի համար: Վերջում ուզում եմ տեղեկացնել և նաև թույլտվություն վերցնել,– լրագրողի դեմքին հայտնվեց մեղմ ժպիտ,– որ մեր նկարահանող խումբը մի քանի լուսանկար անի լեռան այդ տարածքում:
Գյուղապետը, որ անընդմեջ ժամացույցին էր նայում, հասկացնելու համար թե շտապում է, թեթևացած շունչ քաշեց:
–Իհարկե, կարող եք: Մեր գյուղաբնակները ձեզ կօգնեն այդ հարցում, եթե կամենաք,– լայն ժպտալով ոտքի կանգնեց նա: 
–Շնորհակալ եմ Ձեզ:
Լրագրողների հեռանալուց րոպեներ անց Դավթյանն իր անձնական «Միթսուբիշի» մեքենայի ղեկին էր և ուղևորվում էր մարզկենտրոն: Մարզպետի հետ վերջին հանդիպումը գրեթե ապարդյուն էր եղել:
«Խաչիկ ջան հիմք չկա վախենալու: Ես հատ-հատ նայել եմ բոլոր փաստաղթերը: Գյուղին սպառնացող վտանգը զրոյական է, էլ չեմ ասում ինչքան օգուտ կլինի այդ ամենից,– հիշում էր մարզպետի բառերը: – Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որևէ վտանգ չկա: Նույնիսկ պոչամբարը մի քանի կիլոմետրով հեռու է գյուղից լինելու, ինչի՞ համար ես վախենում:»
Բայց մարզպետի ասածը վստահություն չէր ներշնչել: Բնապահպանական մի քանի կազմակերպություններ և ակտիվիստներ շարունակում էին բողոքել ու մատնանշել հնարավոր բոլոր վտանգների մասին, որոնց առաջ կարող էին կանգնել ոչ միայն Մարգարտա գյուղը, այլև Մարգահովիտը, Շահումյանն ու մի քանի այլ համայնքներ: Այսօր ինքը կներկայացնի բոլոր այն ուսումնասիրությունների արդյունքները, որոնք ոչ թե մտահոգում են, այլ սարսափեցնում են իրեն: Բայց սա դեռ վերջը չէ: Լավագույն ընկերներից մեկը խոստացել էր այսօր հանդիպմանը ներկայացնել այնպիսի փաստեր, որոնք կարող են վերջնականապես մոռանալ տալ լեռան որևէ հատվածում ցանկացած մեխանիկական աշխատանքի մասին: Այդ ամենը երեկոյան, իսկ այժմ պետք էր ցանկացած գնով հասնել նրան, որ մարզպետը իր ձեռքի տակ եղած փաստաթղթերը ներկայացնի բնական պաշարների նախարարության ընդերքի տրամադրման գործակալություն: Իր մոտ եղած փաստաթղթերը խոսում են այն մասին, որ լեռան ուսումնասիրությունները արվել են կոպիտ խախտումներով և ոչ մանրազնին ուսումնասիրության արդյունք են: 
Մարզպետ Վարդան Գևորգյանը իր վաղեմի ընկերն էր ու զինակիցը: Միասին մարտական ուղի էին ացնել, բայց վերջերս հարաբերությունները լարված բնույթ էին ստացել: Անգամ մամուլը հասցրել էր մի քանի աղմկահարույց հոդված ներկայացնել, որ «իր ու մարզպետի ջրերը մի առվով չեն հոսում»: Այս անգամ ամեն ինչ իսկապես ավելի վառ գունավորում կստանա, երբ վաղը լրագրողների հետ հանդիպի ու ներկայացնի այն ամենը, ինչ ունի իր ձեռքի տակ: Ամեն ինչ կախված է մարզպետի հետ հանդիպումից: 
Մարզպետարանի մոտ մեծ բազմություն էր հավաքվել: Այստեղ էին նաև բնապահպան ակտիվիստեր, ովքեր մի քանի օր է անընդմեջ բողոքի ակցիաներ էին կազմակերպում մարզպետարանի դիմաց: Աննկատ անցնել նրանց միջով անհնար էր, բայց Դավթյանն այս անգամ վճռական էր տրամադրված: Նա արագ մոտեցավ ու ձեռքը մեկնեց բարևելու համար: Մինչ այս պահը Մարգարտայի գյուղապետը ցուցարարների հետ չէր հանդիպել: Մի քանիսը սկսեցին բացականչել՝ գյուղապետը գյուղի կողքին է:
Չգիտես որտեղից հայտնվեցին լրագրողները:
―Պարոն Դավթյան մարզպետի հետ հանդիպմա՞ն եք, թե միացել եք ցուցարարներին:
―Ե՛վ մեկը, և՛ մյուսը,― ծիծաղելով պատասխանեց գյուղապետը:
―Եթե գաղտնիք չէ, կարո՞ղ եք ասել ինչի մասին եք զրուցելու մարզպետի հետ:
―Ներկայացնելու եմ համապատասխան փաստաթղթեր և հորդորեմ ներկայացնել դրանք պատկան մարմիններին: Ավելի մանրամասն վաղը կներկայացնեմ:
Րոպեներ անց Դավթյանին հաջողվեց դուրս գալ ամբոխի միջից ու ոստիկանների օգնությամբ մտնել մարզպետարանի շենք:
   
***
 Վարդան Գևորգյանը թերթում էր հաստ թղթապանակի թերթերը: Այստեղ մի քանի բնապահպանական կազմակերպությունների կողմից արված եզրակացություններ էին: Աղյուսակներ, հաշվարկներ, նախագծային, բաց հանքերի շահագործման, տեղանքի բարդ ռելիեֆի, մոտակա բնակավայրերի քարտեզներ, աղբյուրների, ներքին ջրերի տեղաշարժի, հողի տեղաշարժման հնարավոր սահմանների վերաբերյալ: Դավթյանը հետևում էր Գևորգյանի յուրաքանչյուր շարժմանը ու հասկանում, որ վաղեմի ընկերն իսկապես այլայլված ու մտահոգ տեսք ունի: Այստեղ նաև փաստաթղթեր էին, որոնք հանվել էին ազգային արխվից: Քարտեզներ հողային տեղաշարժերի և հնարավոր էկոլոգիական վնասների մասին:
―Ի՞նչ է նշանակում այս ամենը: Կառավարությունում գիտե՞ն այս ամենի մասին, եթե այո, ապա ինչպե՞ս են թույլատրել հանքի շահագործումը,―վերջապես խոսեց Գևորգյանը՝ սևեռուն հայացքը ուղղելով Դավթյանի կողմը: ― «ԻնտՎես Մեթալ» ընկերությունը բավականին հայտնի ընկերություն է և նրան է վստահված այս աշխատանքը, խուսափելու համար հնարավոր բոլոր վատ հետևանքներից: Ի՞նչ է ստացվում, որ կազմակերպությունը ամիսներ շարունակ ուսումնասիրութուններ է անցկացրել և կեղծե՞լ արդյունքները:
Տիրեց քար լռություն:
Վերջապես լռությունը խախտեց Դավթյանը:
―Ինչպես պարզվում է, այո: Բայց որքան ես տեղյակ եմ, այն ընկերությունը, որը զբաղվել է նախնակական հետազոտական աշխատանքերով, «ԻնտՎես Մեթալ»-ը չէ, այլ տեղական կազմակերպություններից մեկը: Ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ «ԻնտՎես Մեթալ»-ի համար հետազոտություններ անցկացնող ընկերությունն է մեղավոր այս ամենի մեջ:
Մարզպետի նյարդերը տեղի տվեցին, նա արագ վեր կացավ ու մոտեցավ պատուհանին: Դրսում դեռ շարունակվում էր բնապահպանների ցույցը:
― Նախարարությունում, համոզված եմ, չգիտեն այս մասին: Տվյալ ընկերությունը զբաղվել է մի շարք նման հանքերի ուսումնասիրմամբ, և բնականաբար երաշխավոր է հանդիսանում: Վատն այն է, որ Կառավարությունն արդեն իսկ թույլատրել է ու հիմա ամեն վայրկյան կարող են սկսվել աշխատանքները:
 Նորից տիրեց քար լռություն:
―Բայց սա դեռ ամենը չէ,― խոսեց գյուղապետը, վաղն իմ ձեռքում կլինեն փաստաթղթեր, որոնք իսկապես կստիպեն այդ ընկերությանը ենթարկել պատասխանատվության:
Գևորգյանն ասես չլսեց ինչ ասաց Դավթյանը: Նրա ուշադրությունը գրավեց «Պորշե» մակնիշի մեքենան, որ կանգ առավ հենց մարզպետարանի շենքի դիմաց: Մեքենայից դուրս եկավ մի երիտասարդ: Գևորգյանն անմիջապես ճանաչեց նրան: «ԻնտՎես Մեթալի» ներկայացուցիչն էր: 
Գևորգյանն արագ մոտեցավ սեղանին, հավաքեց թղթերն ու տեղավորեց 
թղթապանակի մեջ: 
―Ուրեմն այսպես: Այս թղթերը վերցնում ես, իջնում Մարտինյանի մոտ, ես հիմա նրան կտեղեկացնեմ: Կրկնօրինակում ես, պահում ես քեզ մոտ, մյուսը հենց այսօր կուղարկեմ նախարարություն: Վաղը կհանդիպենք: Եթե նոր ու արժեքավոր բան իմանաս, իմաց տուր հենց այսօր:
Դավթյանը անակնկալի եկավ Գևորգյանի նման պահվածքից, բայց մտածեց որ փաստաթղթերն իսկապես ազդեցին: Մինչ Դավթյանը կհասցներ ձայն հանել, մարզպետն արդեն հավաքում էր մարզպետարանի բնապահպանության վարչության պետի աշխատասենյակի հեռախոսահամարը:
Վայրկյաններ անց Դավթյանը դուրս եկավ Գևորգյանի աշխատասենյակից ու ընդունարանի դռան մոտ հանդիպեց բարձրահասակ, ակնոցով երիտասարդի, որ հենց այդ պահին ուզում էր բացել ընդունարանի դուռը: Դավթյանն այնքան էր շտապում, որ ուսով մի լավ հարվածեց երիտասարդին, ապա ներողություն  խնդրեց ու շարժվեց աստիճանավանդակի ուղղությամբ՝ չնկատելով երիտասարդի հայացքը, որ իրեն հետևեց մինչ ինքը հասավ առաջին հարկ:
Կես ժամ էլ չէր անցել, Վանաձոր քաղաքի կենտրոնից երեք մեքենաներ ուղևորվեցին Երևան: Առաջին մեքանան ընթանում էր մեծ արագությամբ, երկրորդը նույնպես: Նրանց ղեկին նստած վարորդները չգիտեին, որ մի քանի րոպե առաջ նրանք հանդիպել են, իսկ երրորդի ուղևորները գիտեին ամեն ինչ երկուսի մասին, բայց աշխատում էին աչքից հատկապես չկորցնել առաջին մեքենան…
***
Մարինեն հազիվ կարողացավ ասել, թե ով է սպասում ընդունարանում, երբ լսեց պարոն Գևորգյանի ոչ այնքան նյարդային, այլ հուզված ձայնը՝ թող մտնի:
Գևորգյանն արդեն երեք տարի մարզպետ էր, ու Մարինեն երբեք իր վերադասին նման տրամադրության մեջ չէր տեսել: Երիտասարդի հետ հանդիպումն ավելի կարճ տևեց, քան գյուղապետի: Համ էլ ընդմիջման ժամն է մոտենում, լավ է որ մարդ չկա, կարող է հանգիստ հարցնել ու գնալ ընդմիջման:
 Հազիվ էր մոտեցել դռանը, երբ ներսից լսվեց մարզպետի բարձր ձայնը: Մարինեին թվաց՝ իրեն է կանչում, բայց Գևորգյանը սովորություն չուներ գոռալ, ընդամենը սեղմում էր կանչի կոճակը: Հեռախոսի զանգի ձայն չէր եկել: Մարզպետը ակնհայտորեն զայրացած էր: Դռան արանքից Մարինեն տեսավ Գևորգյանին, որ բջջայինն ականջին պահած այս ու այն կողմ էր քայլում:
―Ինչպես կարող էիր նման բան անել, ապուշ... Դու օգտվեցիր իմ վստահությունից... 
Տիրեց լռություն, բայց այդ լռությունը պայթեց մարզպետի բամբ ձայնից:
―Ուրեմն կան մարդիկ նախարարի՞ց էլ վերև, հա՞, նախագահի՞ց էլ: Դու ոչնչի էլ չես հասնի, ես քեզ թույլ չեմ տա...
Մարինեին թվաց՝ մի բան գետնին ընկավ: Մեկ ակնթարթ հետո բջջայինի մարտկոցը հայտնվեց դռան ու պատի անկյունում: «Բջջայինը գետնին հարվածեց»,― անցավ Մարինեի մտքով, բայց հենց այդ վայրկյանին ականջին հասավ մեկ այլ ձայն՝ ցավից բացականաչության: 
Գործավարուհին արագ բացեց դուռն ու չկարողացավ զսպել ճիչը: Պարոն Գևորգյանը պառկած էր հատակին, ձախ ձեռքը կիսածալված ու ձգված էր, իսկ աջ ձեռքով սեղմում էր կրծքավանդակը:
   
***
Սրճարանի անկյունի սեղանիկի մոտ նստած երիտասարդը միացրեց նոթբուքն ու WI-Fi միջոցով միացավ համացանցին: Այստեղ հաճախ են հայտնվում նման երիտասարդներ, ովքեր այցելում են սրճարան օգտվելու միայն գերարագ կապից, բայց այս երիտասարդն առաջին անգամ էր այս սրճարանում: Շուտով սեղանին հայտնվեց նաև մեկ այլ սարք, որն ավելի շուտ կրիչ էր հիշեցնում:
«Հերթական այցելուն, որ հայտնվել է այստեղ, ֆիլմ ներբեռնելու համար»,―մտածեց մատուցողուհին ու ժպիտը դեմքին մոտեցավ սեղանին:
―Բարև Ձեզ, ի՞նչ կկամենաք:
―Մեկ գավաթ սուրճ, բնական հյութ ու ամենաթարմ խմորեղենի մի կտոր:
Մատուցողուհին անակնկալի գալով նման արագ պատվերից ու նման ինքնավստահ կեցվածքից, միայն մի քանի վայրկյան լռությունից հետո կարողացավ պատասխանել՝ հիմա:
«Համացանցի հերթական զոհերից մեկը»,― մտքում հաճախորդի հասցեին շպրտեց մատուցողուհին ու քայլեց դեպի բարը: 
Երիտասարդի սեղանին հայտնվեց նաև ականջակալ, ու հիմա նրա ողջ ուշադրությունը գամվեց համակարգչի էկրանին: Ձեռքի մի փոքր շարժումով սեղանին դրված տարօրինակ փոքր առարկան, որ մատուցողուհու կարծիքով ամենայն հավանականությամբ մեծ ծավալի հիշողության կրիչ պետք է լիներ, հայտնվեց թղթապանակից հանված մի քանի թղթերի արանքում: Երիտասարդը մի պահ շուրջը նայեց համոզվելու համար արդյո՞ք իրեն չեն նայում: Ամեն ինչ նորմալ էր կարծես:
Մոտեցավ մատուցողուհին ու սկուտեղը դրեց սեղանի ազատ մասում, ապա պարունակությունը սեղանին տեղափոխելուց հետո ստանալուվ միայն գլխի մեկ թեթև շարժումով շնորհակալություն, հեռացավ: Այն պահից ինչ երիտասարդը հայտնվեց սրճարանում, նրա ուշադրության կենտրոնում դիմացի շարքի նստած տղամարդիկ էին: Ալեհեր ծերունու՝ (թեպետ տարիքը չէր գերազանցում վաթսունը, բայց մազերն ամբողջությամբ ճերմակ էին) դեմքն իրեն շատ լավ տեսանելի էր, բայց ծերունու դիմաց նստած միջին տարիքի տղամարդու դեմքը չէր երևում, թեպետ ինքը շատ լավ գիտեր այդ մարդկանց ու անգամ գլխի էր ընկնում թե ինչի մասին են նրանք զրուցում: Երիտասարդը ձեռքն աննկատ շարժեց թղթերի վրայով ու ականջակալի մեջ լսվեցին առաջին ձայները, իսկ էկրանին հայտնվեց հաղորդագրություն՝ «Ձայնագրե՞լ, թե ոչ»: Երիտասարդը սեղմեց «ձայնագրել» տարբերակը ու մի կում արեց սուրճի գավաթից: Փոքրիկ սարքը, որ մատուցողուհուն կրիչ էր թվացել, իրականում ձայնագրման թվային սարք էր, որ ունակ էր մինչև տասը մետր հեռավորության վրա գրանցել ձայնային ալիքները, իսկ սարքի ծայրին տեղադրված լուսաթարթիչը օգնում էր, որ սարքը գրանցի այն ձայնային ազդանշանները, որոնք գալիս են համապատասխան վայրից միայն:
Ականջակալը լուռ էր, ապա գրեթե շշուկով լսվեց՝ «Աստված իմ, չեմ հավատում»: Տղամարդկանց սեղանին կար նոր սերնդի «Այփադ» ու ավելի երիտասարդ տղամարդը ժամանակ առ ժամանակ ինչ-որ գործողություններ է անում, սեղմելով պլանշետի էկրանին: 
«Միայն թե միացված լինի»,― մտքում աղաչեց երիտասարդն ու ակտվացրեց ծրագիրը: Մի քանի վայրկյան անց էկրանին հայտնվեցին բոլոր հնարավոր սարքերը որոնք կարող էին միացված լինել տեղի WI-FI-ից: «Այփադ» պլանշետ միայն մեկն էր ու հենց նրանցը: Երիտասարդն ակտիվացրեց մեկ այլ ծրագիր ու սեղմեց «ուղարկել» տարբերակը:
«Հիմա անհրաժեշտ է միայն մեկ հպում, դե»,― հայացքը տղամարդկանց սեղանին հառեց երիտասարդը: 
―Բայց ինչու՞, նախարարությունը առանձին հետազոտություն չի՞ անցկացնում,― ականջակալում լսվեց ավելի երիտասարդ տղամարդու ձայնը:
―«ՀԵՄ Մոնիթ» ընկերությունն արդեն մի քանի տարի զբաղվում է հանքարդյունաբերական տարածքների ուսումնասիրմամբ ու գնահատամամբ: Կառավարությունն էլ սահմանափակվում է միայն այդքանով…
«Ինչ խոսելու ժամանակ է, սեղմիր, դե՛»― բայց պլանշետի էկրանին ոչ ոք չէր հպվում: Հատուկ ծրագիրն ուղարկված էր, անհրաժեշտ էր միայն համակարգի ակտվացում և այն աննկատ կներբեռնվեր ու կկարողանար կրկին վերադառնալ սկզբնական համակարգ, բայց այս անգամ իր հետ բերելով համակարգի ողջ ինֆորմացիան: Երիտասարդի նոթբուքի էկրանին կրկին հայտնվեց հաղորդագրություն ՝ «Սպասել, վերբեռնվում է»: Ահա տղամարդը վերջապես հպվեց գերզգայուն էկրանին, ու նոթբուքի էկրանին նորից հայտնվեց հաղորդագրություն՝ «Վերբեռնված է»:
Մի քանի գործողություններից հետո երիտասարդին մնում էր սպասել ու ներբեռնել պլանշետի երեսուներկու գիգաբայթ հիշողության ծավալից ընդամենը մեկ գիգաբայթը, իսկ այն ընդամենը րոպեների հարց էր: 
«Իսկապե՜ս, այս սրճարանում հիանալի WI-FI կապ է գործում»: Երիտասարդը մեջքը հենեց աթոռի թիկնակին ու վայելեց հերթական սուրճի գավաթից արված կումը: Ամեն ինչ այնպես ստացվեց, ինչպես ցանկանում էր: Նրանց խոսակցությունը ձայնագրվում է, իսկ պլանշետի ինֆորմացիան հասանելի կլինի իրեն հաշված րոպեների ընթացքում: Նրա հայացքը կանգ առավ մատուցողուհու կողմը, ապա լայն ժպիտ պարգևեց մատուցողուհուն ու համտեսեց թխվածքը:
***
 Գյուղապետարանից դուրս գալուց հետո Անին ու Սարգիսը մեքենայով դուրս եկան գյուղից ու երբ արդեն մեքենան անկարող էր շարունակել բարձունքը, ոտքով շարունակեցին վերելքը: Նրանք արդեն պատրաստված էին եկել՝ լեռան շուրջը մի լավ թափառելու  համար: Վերևում ամպեր էին կուտակվում: Ամեն դեպքում պետք էր շտապել, հատկապես բարձունքը բավականին երկար էր, իսկ արահետը տեղ-տեղ կորչում էր թփերի ու մացառուտների արանքում: Եղանակի կտրուկ փոփոխությունը տարվա այս եղանակին այդքան էլ արտասովոր չէր, բայց անհրաժեշտ էր նկարահանում կատարել մինչ կսկսվեր տարափը: Գյուղը բավականին հեռու մնաց ու կորավ լեռան փեշի մյուս կողմում: Գրեթե 2500 մետր բարձությունից բացվում էր չքնաղ տեսարան: Երկուսն էլ կանգ առան:
―Հենց այստեղից էլ կարող ենք սկսել,―առաջարկեց Անին: 
Սարգիսը հանեց լուսանկարահանման սարքը ու տվեց Անիին, իսկ ինքը միացրեց տեսախցիկը:
Ու հենց այդ պահին երևաց արևը: Պետք էր շտապել, քանի որ հյուսիսից եկող սև ամպերը կարճ ժամանակ հետո կհասնեին արևին: 
―Իսկապես որ, չուտես, չխմես նստես ու մտիկ անես,―կատակեց Սարգիսը:
―Հիմա որ անձրևը սկսվի, ես քեզ կասեմ,― վրա բերեց Անին ծիծաղելով,―ավելի լավ է եռոտանին ամրացնես:
Սարգիսը գլխարկն ավելի ամուր սեղմեց գլխին ու եռոտանու ոտքը փորձեց ամրացնել քարե ելուստի ու հողի արանքում, որպեսզի այն հնարավորինս ամուր լինի: Բայց անսպասելիորեն եռոտանու ոտքը մխրճվեց փափուկ հողի մեջ, ապա զգաց ինչպես իր կոշիկն ամբողջությամբ անցավ հողի տակ: Անին իրենից բավակին հեռվացել էր ու լուսանկարչական սարքը ձեռքին լուսանկարում էր հովիտը: Զարմանքից քարացած երիտասարդը շրջվեց գործընկերուհին և մինչ կհասնցեր ձայն հանել, հողը ոտքերի տակից փախավ ու հասկացավ, որ գահավիժում է ներքև: Վերջին պահին կարողացավ գոռալ:  
Անին նայեց ձայնի ուղղությամբ բայց Սարգիսին չտեսավ:
―Այս անգամ, է՛լ չեմ հավատա, բավական է կատակես, գործի՛ անցիր:
Անին Սարգիսին վաղուց էր ճանաչում ու գիտեր՝ կատակասեր Սարգիսը երբեք առիթը բաց չէր թողնում վախեցնելու, զվարճանալու համար:
―Օգնի՜ր...
Անին շրջվեց դեպի ձայնը՝ հասկանալով, որ այս անգամ կատակ չի անում: Ինչ-որ վատ բան է կատարվել:
―Ան, առաջ չգաս, քարանձավ է...
Բայց Անին ոչ թե առաջ էր գալիս, այլ վազում էր: Հանկարծ նրա դիմաց հայտնվեց ավելի քան մեկ մետր տրամագծով խորխորատ: Անին վախեցած կանգ առավ ու նայեց ներքև: Մոտ երեք մետր խորության մեջ ընկած էր Սարգիսը:
―Ան, մի վախեցիր, կարծես ամեն ինչ լավ է, կոտրվածք չունեմ: Տես` կարո՞ղ ես պարան գտնել: Ուսապարկի մեջ նայիր:
Անին սարսափած ետ քաշվեց ապա գրպանից հանեց բջջայինն ու փորձեց օգնություն կանչել, բայց ապարդյուն, այստեղ կապ չկար, հետո վազեց ուսապարկի մոտ: Սարգսի ականջին հասնում էր Անիի հեկեկոցը: 
―Անի՛, ես չեմ մահացել, հերիք է լացես:
Անին վերջապես գտավ պարանը ու վազեց Սարգիսի մոտ:
Ընկնելուց վայրկյաններ անց Սարգիսի աչքերը հարմարվեցին մթությանը ու վախը փոխվեց զարմանքի: Ուր ինքը հայտնվել էր, բնավ քարայր չէր: Այն ուներ հստակ անկյուններ, իսկ պատերին երևում էին ապարի մեխանիկական կտրման հետքեր:
Ոտքերի տակ հարթ էր ու բավականին կոպիտ: Բարեբախտաբար վերևից պոկված հողակտորը առաջինն էր հասել գետին ու իր «վայրէջքն» ավելի փափուկ դարձրել:
Վերևում երևաց Անին:
―Ան, առաջ չգաս, ոտքերիդ տակ ոչինչ չկա...
Անին փորձեց մի քայլ ետ գնալ, բայց արդեն ուշ էր: Սարգիսը տեսավ ինչպես փափուկ հողը փլվեց ու Անին հողի հաստ շերտի հետ միասին ընկավ...
  
***
 Դավթյանը չէր կարողանում զսպել զայրույթը:
―Սա իսկական հանցագործություն է, դավաճանություն:
Դիմացը նստած մեծահասակ տղամարդը, գլխով համաձայնության նշան ցույց տվեց:
―Բայց սա դեռ ամենը չէ, շարունակիր կարդալ,― հորդորեց ծերունին:
―Ես զարմանում եմ, Արտեմ, եթե այս բոլոր փաստաթղթերի գոյության մասին նախարարությունը տեղյակ է եղել, ապա ինչպես են թույլատրել:
―Այնպես, ինչպես այն ժամանակ,― մի փոքր լռությունից հետո շարունակեց մեծահասակ տղամարդը ժպտալով,― շատ քիչ բան է փոխվել, Խաչիկ ջան: Նախարարության մի քանի աշխատակիցներ բավականին մեծ ֆինանսական աջակցություն են ստանում այդ կերպ աշխատելով: Գուցե մեծ պաշտոնյաները չգիտեն այս ամենի մասին, բայց հավատա, որոշ մարդիկ լավ հոգ ենք տանում որ նրանք չիմամանան ոչինչ: Հանքը կշահագործվի, մոնիթորինգ իրականացրած ընկերությունները կհասցնեն լուծարվել ու միակ պատասխանատուն կմնա այդ միջազգային կորպորացիան: Քեզ թվում է ինչն է՞ հիմնական պատճառ հանդիսանում, որ զարգացող երկրներում ներդրումներ անելը ավելի մեծ ռիսկերի հետ են կապում: Միայն նման ոչ պատասխանատու ընկերությունների: 
―Բայց Կառավարությունը…
―Կառավարությունը ի՞նչ,―ընդհատեց Արտեմը,― կարծո՞ւմ ես նախարարներն իրենք պետք է գան ու ուսումնասիրե՞ն, իհարկե ոչ, բայց հենց այդ Կառավարության մեջ կան շատ չինովնիկներ, որոնց թեթև ձեռքով «ՀԵՄ Մոնիթի» նման ընկերությունները մի քանի տարում հասնում են այնպիսի հաջողությունների, որ ասելու չէ, ու հետո արագ անհետանում, ինչպես լինելու է այս դեպքում: Մի քանիսին գուցե կարողանան ենթարկել պատասխանատվության, բայց բոլոր մեղավորներին գտնել անհնար է:  
Խաչիկը նորից գլուխը բարձրացրեց պլանշետի գերզգայուն էկրանից:
― Ուզում եմ իմանալ, որտեղից քեզ այսքան ինֆորմացիա…
Դիմացինի դեմքին խաղաց հերթական ժպիտը:
―Խաչիկ ջան, մի մոռացիր, ժամանակին ես խորհրդային մեր Հանրապետության առաջատար բնապահպաններից մեկն էի ու հատկապես Թեժ լեռան հանքավայրի ուսումնասիրությունների կազմակերպիչներից մեկը:
Խաչիկը հայացքը նորից էկրանին սևեռեց: Ինքն Արտեմին ճանաչում էր վաղուց: Միասին շատ անգամ էին սեղան նստել ու վեր կացել, բայց հիմա էր հասկանում՝ Արտեմը ամեն ինչ չէ, որ իրեն ասել էր: Այն, ինչ կարդաց ինքը րոպեներ առաջ, կցնցեր բոլորին: Պարզվում է Թեժ լեռան հատվածը հանդիսանում ռադիոակտիվ տարրերի մեծությամբ երկրորդ տարածքը Հանրապետությունում: Դեռևս նախորդ դարի հիսունականներից այստեղ տարվել են գաղտնի ուսումնասիրություններ ուրանի, թորիումի և այլ ռադիոակտիվ տարրերի հայտնաբերման համար: Նախկին Խորհրդային Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից  արգելվել է հանքի շահագործումը ցանկացած տիպի հանույթի համար: Աշխատանքների հենց սկզբից նկատվել էր ռադիոկատիվ ֆոնի մեծացում և արդյունքում արված փոսերը լցվել էին բետոնով:
―Աստված իմ, չեմ հավատում, որ այսքան տարի դու լուռ ես մնացել: Բայց ինչու՞, իսկ ինչո՞ւ նախարարությունը առանձին հետազոտություն չի՞ անցկացնում,― Խաչիկը չկարողացավ զսպել հուզմունքը:
―«ՀԵՄ Մոնիթ» ընկերությունն արդեն մի քանի տարի զբաղվում է հանքարդյունաբերական տարածքների ուսումնասիրմամբ ու գնահատամամբ: Կառավարությունն էլ սահմանափակվում է միայն այդքանով, իսկ ես հիմա նման կառույցների համար հասարակ բնապահպան եմ և ոչնչով չեմ տարբերվում այն բնապահպաններից, ովքեր շարունակում են բողոքել:
―Բայց սրանք փաստեր են...
―Խաչիկ մի ծիծաղեցրու, ես միայնակ ծերունի եմ, ես չեմ կարող մենակ գործել ու կանգնել մի ողջ Կառավարության դեմ: Բացի այդ այս ամենի մասին ոչ միայն ես գիտեմ, այլև շատ-շատերը, ուղղակի իմացողներին ոչ մեկ չի լսում: Ես քեզ ուրիշ փաստաթղթեր ևս կտամ ու պետք է վստահ լինեմ, որ կներկայացնես համապատասխան մարմիններին և լրատվամիջոցներին: Ես քեզ կարող եմ վստահեցնել՝ «ԻնտՎես Մեթալ» ընկերությունն այստեղ մեղավոր է միայն նրա համար, որ սեփական նախաձեռնությամբ հետազոտություն չի անցկացրել: Այդ դեպքում ներդրումային ֆոնդի գումարը եռակի մեծ կլիներ ու հենց այդ պատճառով էլ ինքը չի զբաղվել: Հիմնական մեղավորը տեղական ընկերությունն է, իսկ Կառավարությունը շատ դեպքերում աչք է փակում ու արդյունքում լինում է այն, ինչ այսօր ունենք: Իսկ դու տեղյա՞կ ես «ՀԵՄ Մոնիթ» ընկերության մասին: Ներդրող կազմակերպությունը առաջին մի քանի ամսում արդյունահանված պաշարների միայն քսան տոկոսն էր տնօրինում, որն էլ, ըստ համապատասխան պայմանագրի` հանդիսանում էր նախնական հետազոտությունների փոխհատուցում:
Տարեց տղամարդը մի հայացք գցեց իրենցից ոչ հեռու նստած երիիտասարդի ուղղությամբ, ով ուշադրությունը չէր կտրում իր առջև դրված նոթբուքից ու միաժամանակ համտեսում էր քաղցրավենիքը:
―Ամուր բռնիր ու կարդա,― ավելի կամաց շարունակեց տարեց տղամարդը: 
Մի քանի րոպե լռություն տիրեց: Լսվեց բջջայինի ձայնը, որ դրված էր սեղանին: Խաչիկն արագ սեղմեց անջատման կոճակը:
―Դեռ կհացնես ուսումնասիրել, բայց եթե երկու խոսքով ասելու լինենք՝ այդ ընկերության մեքենայությունները բացահայտված են: 
Խաչիկ Դավթյանի համար ամեն ինչ պարզ էր: Ընդամենը երկու տարի առաջ ստեղծված այս կազմակերպության թեթև ձեռքով մի շարք հանքարդյունաբերական ընկերություններ ստացել էին տասից ավել հանքերի շահագործման լիցենզիաներ: Կազմակերպության մոնիթորինգային ծրագրերը իրականացվում էին Կառավարության պատվերով: Ներդրումային ընկերություններին ավելի գայթակղիչ առաջարկներ անելու համար Կառավարությունն ինքն էր պատվիրում հետազոտությունը և արդյունքերը տրամադրում հանքարդյունահանող ընկերությանը: Ստացվում էր՝ արդյունաբերական ընկերություններին մնում էր միայն շահագործել հանքը: Նախատեսված գնահատումը, հետազոտական ողջ ծախսերը իրականացում էր տեղական կազմակերպությունը. բավականին մատչելի գներով և պետբյուջեի հաշվին: Լեռան հատվածում վերջին մեկ տարվա ընթացքում որևէ հետազոտական աշխատանքներ ինքը չէր նկատել: «ՀԵՄ Մոնիթ» ընկերությունը մսխում էր գումարը, առանց նախնական հետազոտությունների ներկայացնում ու օժանդակում արդեն մեկ այլ կազմակերպության՝ Կառավարությունից համապատասխան լիցենզիա ստանալու գործում: Կարճ ժամանակում մի քանի անգամ ավելի գումար վաստակելով և տնօրնելով արդյունահանված պաշարների մեծ մասին՝ ձեռքերը լվանում էր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել