«Խրուշչովը մարդկության պատմության մեջ միակ քաղաքական գործիչն է, որը պատերազմ հայտարարեց հանգուցյալին, դա էլ քիչ էր, հաջողացրեց պարտվել այն»։
Ուինսթոն Չերչիլ

Երբ Ալեքսանդր Մատրոսովը կրծքով փակել է գերմանական կրակակետը, նրա սխրանքով ոգևորված՝ շուրջ չորս հարյուր կարմիրբանակային կրկնել է դա։ Հետո է պարզվել, որ այդ սխրանքն այդպես տեղի ունենալ չէր կարող։ Երբ Նիկոլայ Գաստելլոն այրվող ինքնաթիռն ուղղել է թշնամու վերգետնյա տեխնիկայի վրա, նրա սխրանքով ոգևորված՝ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ շուրջ վեց հարյուր անգամ ԽՍՀՄ օդաչուները «տարանի» են գնացել։ Հետո է պարզվել, որ դեպքը ո՛չ այդպես է տեղի ունեցել, ո՛չ էլ Գաստելլոյի հետ։ Բայց պատերազմը հաղթելու համար ոգևորություն էր պետք, հերոսներ, լեգենդներ, ու եթե չլինեին, ապա պետք էր հորինել,
մինչդեռ արցախյան պատերազմի ժամանակ ունեցել ենք թշնամու ահուսարսափ իրական հերոսներ, ու նրանց արածները պետք չէր «ծաղկացնել»։ Մինչդեռ հիմա են պատմություններ հորինվում, որպեսզի նսեմացնեն այդ ամենը, քանի որ նրանց հետպատերազմական վարքագիծը Հայաստանի իշխանություներին դուր չի գալիս։ Անգամ հասել են Արցախ՝ Լևոն Մնացականյան, Սամվել Կարապետյան (Օգանովսկի) և այլք, պաշտոնանկություններ, ճնշումներ, նրանց հանդեպ բացասական մթնոլորտի ձևավորման փորձեր։ Մինչդեռ Քառօրյա պատերազմի ժամանակ հենց ամենածանր հատված ժամանեց Արցախյան պատերազմի կենդանի լեգենդ Օգանովսկին, ռազմական իրավիճակը կտրուկ փոխվեց հօգուտ հայկական ուժերի։ Բայց եթե այս ամենը չգնահատենք, ամեն մեկի կենսագրությունը փորփրենք, բոլորին «տեղը դնենք», գուցե պարզվի, որ ոչ մեկը կարգին չի կռվել, այլ թշնամին «սեփական դարպասն անզգուշորեն գոլ է խփել», ու պատերազմն ավարտվել է մեր հաղթանակով։ 

Հասարակական ամենամեծ աջակցությունն անգամ ժամանակի ընթացքում նվազում է, ու դա պետք է կոմպենսացնել իշխանական կուռ հիերարխիկ համակարգով՝ անկախ նրանից՝ ժողովրդավարական կառավարման համակարգ է, ավտորիտար, թե տոտալիտար։ Ու եթե Փաշինյանն այդքան ունակություններ չունի, որ ժողովրդավարության պարագայում հա՛մ երկիրը զարգացնի, հա՛մ աթոռը չկորցնի, ու իրեն հարկավոր է ողջ իշխանությունը բռում պահել, գոնե այնքան գրագիտություն ունենա, որ իմանա, թե տոտոլիտար երկրներում ինչպես են խնդիրը լուծել։ ԽՍՀՄ լիդերները պաշտոնը լքում էին այս աշխարհը լքելուն զուգահեռ, քանի որ հանրությանը ներկայացվում էր, որ նրանք գերմարդիկ են, բարձր բարոյական հատկանիշներով, մտքի գիգանտներ, անհասանելի ու պաշտելի։ Միայն Նիկտա Խրուշչովը փորձեց բացահայտել նախկին իշխանության խոցելի տեղերը՝ ցույց տալով, որ Ստալինի խորհրդավոր կերպարի տակ թաքնված էր ճղճիմ բռնապետը, ինչի արդյունքում որոշ ժամանակ անց գահընկեց արեցին նույն Խրուշչովին, որ եթե բարձր իշխանավոր լինելու համար լիդերի որակներ հարկավոր չեն, ապա նա կլինի առաջնորդ, ով ունակ է իշխանությունը զավթելու։ Մինչդեռ Ստալինը ժամանակին Լենինին իշխանությունից մեկուսացրել էր, բայց նրա մահվանից հետո մեծարում էր, իրենց գործի անմահ առաջնորդ կոչում, դամբարան ու արձաններ կառուցում, նկարները փակցնում պատերին՝ հասկացնելով, որ հիմա էլ ինքն է «գործող աստված»։ Մինչդեռ Փաշինյանը մի կողմից նախկիններին հայտարարում է քաղաքական դիակներ, մյուս կողմից ամեն օր կռիվ տալիս նրանց հետ։

Արտաքին թշնամու համար ղարաբաղցու հավաքական կերպար է ձևավորվել՝ խիզախ, համառ, աշխատասեր, իր հողուջուրը կյանքի գնով պահող, ու որ ղարաբաղցու հետ առճակատման գնալը հղի է խիստ կանխատեսելի հետևանքներով, բայց ինչո՞ւ մեր իշխանությունները դա մտցրին ներքին օրակարգ ու ղարաբաղցիների դեմ պայքար ծավալեցին՝ փորձելով «կոտրել»։ Համարենք՝ հայաստանցի-ղարաբաղցի հակամարտությունը հատեց անդառնալիի շեմը, դուրս եկանք փողոց ու ղարաբաղցիներին քշեցինք ՀՀ-ից, մեր զինվորներին էլ հետ բերեցինք Արցախից, ինչի՞ ենք հասնելու։ Ադրբեջանն էլ, հասկանալով, որ արցախցիները միայնակ չեն կարող դիմակայել, հարձակվեց Արցախի վրա։ Վերջինս ստիպված հիշելու է, որ երբ Ղարաբաղը Ռուսաստանի կազմում էր, Հայաստանը դեռ պարսիկների տիրապետության տակ էր, ու օգտվելով ինքնորոշման իր իրավունքից՝ դիմելու է ՌԴ-ին։ Երբ կարող է ԱՄՆ-Իրան ռազմական բախում տեղի ունենալ, Վրաստանն անթաքույց դուրս է եկել ՌԴ-ի դեմ, վերջինս ինչո՞ւ պետք է առիքը բաց թողնի ու Արցախ զորք չմտցնի, իսկ այդ դեպքում քանի՞ ժամ կմնա գահին Փաշինյանը։ Քանի՞ ժամ կմնա, երբ նրա կողմից վարվող սադրիչ արտաքին քաղաքականության պատճառով Ադրբեջանը պատերազմ սանձազերծի, իսկ Արցախի ղեկավարությունն ու հասարակությունը հրաժարվեն ենթարկվել գերագույն հրամանատար Փաշինյանին։ 

Պատմություն չունեցողները հորինում են, հերոսներ չունեցողները՝ կերտում, լեգենդներ չունեցողները՝ բանահյուսում, իսկ մենք պատմություն էլ ունենք, հերոսներ էլ, լեգենդներ էլ, ուղղակի իշխանության են եկել կենսագրություն չունեցող անարժաններ և փորձում են ամեն ինչ ջնջել, մերժել, սևացնել։ Լա՜վ, եթե այնքան բարեկիրթ չեն, որ գնահատեն մեր անցյալը, մեր հերոսներին, գոնե այնքան շրջահայաց լինեն, որ հասկանան՝ հասարակական աջակցությունը կորցնելուց հետո ինչի՞ հաշվին են բարձր դիրքում մնալու, երբ իշխանություն ինստիտուտը գցել են գետնին ու ոտնակոխ են անում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել