Aysor.am-ը գրում է.

Երևան քաղաքի Ավագանին արձակվում է մինչև աշնանային նստաշրջան՝ քաղաքը թողնելով, եթե չասենք ավելի վատ վիճակում, ապա հաստատ ոչ ավելի լավ, քան կար մինչ այդ։ Անցած ամիսների ընթացքում որևէ էական խնդիր լուծում չստացավ, քաղաքի կյանքում որևէ բարենպաստ կարգավորում ենթադրող նախագիծ չբերվեց Ավագանու օրակարգ։ Նույն կեղտոտ փողոցներն են, նույն հուսահատության «Գազելները», նույն մահվան վերելակները, նույն խցանումները...

Մանդատները ստանալուց հետո ավագանու անդամների համար, կարծես, անտեսանելի դարձան կարմիր գծերը, որոնց դեմ նրանցից շատերը պայքարում էին։ Չեն անհանգստացնում նաև սրճարաններով ողողված ու տեղ-տեղ անանցանելի դարձած մայթերը, կանաչ տարածքների պակասն ու եղածների անմխիթար վիճակը, որն ի դեպ էլ ավելի անխնամ է ու չորացած, քան երբևէ եղել է Երևան քաղաքում։

Փողոցային առևտրի դեմ հայտարարված պայքարը ամիսներ անց մոռացվեց, քաղաքի մայթերին ու հրապարակներում էլ շարունակվում է միրգ ու բանջարեղենից մինչև քաղցր բամբակի ու խաղալիքների վաճառքը։ Մեքենաների կայանման համար նախատեսված հատվածներում ոչ միայն չպակասեցին, այլև բազմակի աճեցին անիվներով կրպակները, որոնց դեմ պայքար էր սկսել քաղաքապետարանը՝ առաջ բերելով վերջիններիս տերերի դժգոհությունը։

Նույնն է մնացել նաև քաղաքացիների և քաղաքապետարանի ու վարչական շրջանների միջև շփման որակը։ Երևանցիներին կրկին ուղղորդում են դիմում գրել ու սպասել, կամ էլ նույն ցրողական պատասխաններով մերժում նրանց առաջարկներն ու ահազանգերը։

Արդարության համար նշենք, որ կրավորական կեցվածքով հանդես եկավ ոչ միայն Ավագանու իշխող ուժի, այլ նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ու «Լույս» դաշինքի խմբակցությունները։ Վերջինիս հաջողվեց մի քանի նախագիծ բերել օրակարգ և ընդունել, սակայն անվանակոչումներից և սեփական աշխատանքը ավելի հարմար դարձնելուց բացի, քաղաքի որևէ լուրջ խնդրի լուծմանն ուղղված առաջարկ նրանցից էլ չլսվեց։ Երևանցիների հիշողության մեջ, թերևս, կմնան քաղաքապետի հասցեին լույսականների հնչեցրած մեղադրանքները, որոնք Հայկ Մարությանի համար որևէ իրական վտանգ չէին ներկայացնում, մտահոգվելու առիթ չէին տալիս, ու ընդամենը այդրոպեական տհաճություն պատճառելու էֆֆեկտ ունեին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել