Ես բոլորովին չեմ կասկածում, որ իմ գրքերը կօգնեն, որ Իսպանիայում ևս մտածեն Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու մասին. «Հ1» հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման շրջանակում նշեց իսպանացի գրող Գոնսալո Գուարչը, ում հեղինակած եռագրությունը` «Հայկական տոհմածառը», «Հայոց կտակ» և «Սպիտակ լեռը», ներկայացնում է ոչ միայն 1915թ. ողբերգական իրադարձությունները, այլև քաղաքական այն դրդապատճառները, որոնք հանգեցրել են ցեղասպանությանը: «Կան վախկոտ քաղաքական գործիչներ, և կան համարձակները: Ես խոսել եմ համարձակների հետ, և հիմք ունեմ կարծելու, որ դուք կհասնեք Ցեղասպանության արդարացի գնահատականին ավելի վաղ, քան սպասում եք»,- նշեց նա:
Պատմելով իր աշխատանքի ակունքի մասին՝ նա հիշեց, որ Ցեղասպանությամբ սկսել է զբաղվել, երբ ծանոթացել է մի հայուհու ՝ մադամ Ակոփյանի հետ, ով իրեն դրդել է գրել ոչ միայն իր, այլև՝ այլ հայ ընտանիքների պատմությունները: «Երբ ես ընկալեցի, թե իրականում ինչ է տեղի ունեցել, որոշեցի անպայման գրել այդ մասին, և դա շատ հուզական դրսևորում էր»,- նշեց նա:
Գուարչը մեծապես ոգևորվել է, երբ տեսել է, որ մարդիկ մեծապես հետաքրքրվել են իր ստեղծագործություններով: «Իսպանացիները, երբ կարդացին իմ գրքերը, դա իրենց շատ հետաքրքրեց, քանի որ երբեք չէին լսել հայերի և նրանց մեծ ողբերգության մասին»,- ասաց նա:
Իսպանացի գրողի դիտարկմամբ՝ հայ ժողովրդի համար շատ կարևոր է այն ժամանակաշրջանը, որ սկսվել է Սևրի պայմանագրից հետո: «Ես հիմա ուսումնասիրում եմ հենց այդ ժամանակաշրջանը, և ուզում եմ այն ներկայացնել մեկ ամփոփ ստեղծագործությամբ»,- ասաց նա:
Գոնսալո Գուարչը նշեց, որ ծավալուն աշխատանք է Ցեղասպանության ճանաչումը. «Իմ գրքերը մի ավազահատիկ են այդ գործընթացում, բայց ես ուզում եմ, որ իմ գրքերով էլ տարածվի այդ ամենը, և պաշտոնյաները դադարեն անտարբեր լինել Հայոց Ցեղասպանության նկատմամբ»:
Նա չի վախենում հնարավոր ճնշումներից, և շարունակելու է աշխատանքն այս բնագավառում: «Ես ոչինչ չունեմ թուրք ժողովրդի դեմ: Ուզում եմ պարզապես իմ փոքրիկ ներդրումն ունենալ, որ այդ պատմական մեծ ողբերգությունն ու անարդարությունը ճանաչվի: Երիտթուրքերը ժամանակին շատ մեծ անիրավություն են արել: Ժամանակին Գերմանիայում ևս նացիստներ կային՝ նույնպես երիտասարդներ: Բայց հիմա Գերմանիայում երիտասարդներն առաջադեմ են: Գուցե կգա ժամանակը, և Թուրքիայում ևս այդպիսի երիտասարդներ կլինեն: Ես ճնշումներից չեմ վախենում: Եվ թուրքերն էլ գիտեն, որ ամենքս Աստծո հայացքի ներքո ենք»,- նշեց գրողը:
Հիշեցնենք, որ նախօրեին իսպանացի գրողին ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պարգևատրել նրան «Մովսես Խորենացի» մեդալով և նշել, որ Գոնսալո Գուարչի գրական աշխատանքը մշակույթների և քաղաքակրթությունների փոխադարձ հարստացման իսկական օրինակ է: