1910 թ. նախիջևանյան Բիստ գյուղում՝ Իսկանդեր և Սոֆյա Համբարձումյանների ընտանիքում լույս աշխարհ եկավ տղա, որին անվանեցին Սարգիս։ Նրան վիճակված էր կյանքի զարմանալի ճանապարհ անցնել և իր անունը ոսկե տառերով գրել խորհրդային և հայկական սպորտի պատմության մեջ։ Այդ ճանապարհի ամենասկզբում ապագա չեմպիոնը զարմացրեց շրջապատին. նա ծնվել էր 7 կգ 200 գ քաշով։

20 տարեկան հասակում Սարգիսը տեղափոխվեց Երևան, որտեղ աշխատանքի անցավ որպես ավտոմեխանիկ ԽՍՀՄ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատում։ Պատմում են, որ մի անգամ ապագա լեգենդար սպորտսմենը զարմացրել է շրջապատող մարդկանց՝ ձեռքերով վեր բարձրացնելով բեռնատարը, որը հարկավոր է նորոգել։ Սերգոն, ով ասպետական կազմվածք ուներ, մեկ անգամ չէ, որ իր ֆիզիկական ուժի շնորհիվ հրաշք է գործել, սակայն, ամենայն հավանականությամբ, հենց այս փոքրիկ դրվագը փոփոխեց նրա ողջ ճակատագիրը։ Հաղթանդամի մասին շշուկները հասան մինչև կառավարություն, և տղային առաջարկեցին իր ուժերը փորձել սպորտում։ 1930 թվականից ի վեր Սերգո Համբարձումյանը սկսեց զբաղվել ծանր աթլետիկայով «Դինամո» համայնքում և նույն տարում ստացավ Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։

1933-1935 թթ. Սերգո Համբարձումյանը երեք անգամ նվաճեց ԽՍՀՄ ծանրքաշային կարգում չեմպիոնի տիտղոսը, ԽՍՀՄ ռեկորդներ սահմանեց։

1936 թ. Բեռլինում անց էին կացվում 11-րդ Օլիմպիական խաղերը։ Այդ խաղերում ծանր աթլետիկայի հաղթող դարձավ գերմանացի սպորտսմեն Յոզեֆ Մանգերը, ով աշխարհի բազմակի ռեկորդակիր էր։ Ասում են, որ այդ արդյունքները շատ զայրացրին Ստալինին, և նա որոշեց, որ ինչ էլ որ լինի, այնպիսի խորհրդային սպորտսմեն պիտի գտնի, որը կկարողանա անցնել գերմանացիների ռեկորդը։

Այդ սպորտսմենը դարձավ Սերգո Համբարձումյանը։ Ըստ ականատեսների հուշերի՝ նրան կանչեցին Կրեմլ, որտեղ Ստալինը նրա առջև առաջադրանք դրեց՝ անցնել Մանգերի ռեկորդը։ Դրա համար Համբարձումյանին կցեցին փորձառու մարզիչ՝ Յան Սպարեին, և ապահովեցին լիարժեք սնունդով, ինչն այնքան էլ հեշտ չէր 30-ականներին։ Արդյունքները երկար սպասեցնել չտվեցին. 1938 թ. դեկտեմբերին Երևանում Սերգո Համբարձումյանը եռամարտում բարձրացրեց 433,5 կգ՝ անցնելով գերմանացու ռեկորդը 8,5 կգ-ով։ Այս հաղթանակը Սերգո Համբարձումյանին մեծ հեղինակություն բերեց։

Պատահական չէ, որ երբ 1939 թ. նշվում էր հայկական «Սասունցի Դավիթը» էպոսի 1000-ամյակը, այդ իրադարձությանը նվիրված թատերական ներկայացման մեջ Համբարձումյանը հանդես էր գալիս Սասունցի Դավթի կերպարում։

1947 թ. համախորհրդային շքերթի ժամանակ հայտնի աթլետը Կարմիր հրապարակ դուրս եկավ՝ ձեռքերում հսկայական ծանրաձող, որի սկավառակների փոխարեն գնդակներ էին։ Եվ այդժամ անհավանական մի բան տեղի ունեցավ. գնդակները բացվեցին, և դրանցից դուրս թռան երեխաներ՝ 22 երիտասարդ ֆուտբոլիստ, որոնց ընդհանուր քաշը 440 կգ էր։

Այդ տարիներին խորհրդային ծանր աթլետները չէին մասնակցում մայրցամաքային և համաշխարհային մրցույթներին ու Օլիմպիական խաղերին, այդ իսկ պատճառով Սերգո Համբարձումյանին բախտ է վիճակվել աշխարհի չեմպիոնատում հանդես գալ միայն մեկ անգամ՝ 1946 թ., որտեղ նա միայն 5-րդը դարձավ։

Հանրահայտ սպորտսմենը մահացավ 1983 թ. ապրիլի 13-ին և թաղված է Երևանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել