168.am-ը գրում է.

Հայաստանում ամենամեծ ներուժը մարդկային ներուժն է։ Տավուշի ամենամեծ առավելությունն այն մարդիկ են, որոնք ապրում են Տավուշում և պահում սահմանը, ստեղծում ու արարում։ Այս մասին Դիլիջանում «Իմ քայլը հանուն Տավուշի» տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Հիշեցնենք, որ Դիլիջանում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Տավուշի» տնտեսական ֆորումը, որին մասնակում են ՀՀ վարչապետը, նախարարներ, օտարերկրյա դեսպաններ, գործարարներ, պատգամավորներ և այլք։

Ըստ Հայկ Չոբանյանի, ամբողջ տարվա ընթացքում Տավուշում և Հայաստանի սահամաններից դուրս կանցկացվի «Ներդրիր Տավուշում» փոքրածավալ համաժողովներ, որի նպատակն է ցույց տալ Տավուշի ներդրումային բոլոր հնարավորությունները։

Մարզպետի խոսքով՝ Տավուշում կան բոլոր հնարավորությունները տուրիզմն է՛լ ավելի զարգացնելու համար՝ մաքուր օդ, գեղատեսիլ բնություն, մեղմ կլիմա և այլն։ Սովորաբար Դիլիջանն է առանձնացվում, որպես տուրիզմի հանգրվան, սակայն մյուս շրջանները նույնպես ոչնչով չեն տարբերվում իրենց գրավչությամբ։

«Նոյեմբերյանի տարաշրջանը մեր ուղղվածությունների մեջ առանձնացվելու է հատկապես պատմամշակութային տուրիզմի առումով, քանի որ մեր ուսումնասիրություները ցույց են տվել, որ այստեղ են գտնվում ամենաշատ պատմամշակութային հուշարձանները։

Նոյեմբերյանի տարածաշրջանի երկրորդ առավելությունն այն է, որ գտնվում է Հայաստանի դարպասի վրա և մեր նպատակն է վրացական 8 միլիոնանոց տուրիստական շուկան ուղղորդել դեպի Հայաստան։

Մեր տուրիստական քաղաքականությունը պետք է տանենք երկու օդանավակայանների՝ Թբիլիսիի և Երևանի համակողմանի կիրառման ուղղությամբ, պետք է ունենանք մշտական երթուղի Թբիլիսից դեպի Դիլիջան, սա պետք է ստեղծենք։ Բոլոր տեղերում պետք է ստեղծենք տուրիստական հանգրվաններ»,- նշեց Հ. Չոբանյանը։

Մարզպետն առանձնացրեց նաև Բերդի տարածաշրջանը, որը դժվարին, սակայն մարզի գողտրիկ շրջաններից մեկն է, քանի որ փոքր տարածքում կա բնության մեծ բազմազանություն։

Իսկ Իջևանի տարածաշրջանը պետք է դառնա առողջապահական և վերկանգնողական տուրիզմի վայր, որի վերաբերյալ արդեն կան ծրագրեր։

Անդրադառնալով Դիլիջանին, մարզպետը տեղեկացրեց, որ այն պետք է դառնա ինտելեկտուալ տուրիզմի վայր։ Մասնավորապես՝ կրթական տուրզիմի վերաբերյալ արդեն կան լուրջ պայմաններ։

«Դիլիջանում ունենք կրթական այնպիսի հագեցվածություն, որը չկա Հայաստանի որևէ բնակավայրում, ունենք միջազգային դպրոց, «Թումո» կենտրոնական դպրոց, մեկ տասնյակից ավելի տեխնոլոգիական կենտրոններ և այլն։ Դիլիջանի հաջորդ բրենդը Կոմպոզիտորների տունն է, կա Բեթհովենի համերգասրահ, որը տարածաշրջանի ամենամեծ համերգասրահն է»,- շեշտեց մարզպետը։

Նա նաև հավելեց, որ առաջիկայում Տավուշում գյուղատնտեսական ոլորտը ներդրումների առումով ամենամեծ պոտենցիալը պետք է ունենա։

Զվարթ Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել