Lragir.am-ը գրում է.

Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձավ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարություններին:

Գյուլումյանն ասաց, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը Ազգային ժողովի կողմից ընտրված օրինական ՍԴ նախագահ է: Եվ նա պետք է պաշտոնավարի մինչև 2015 թվականի Սահմանադրության նշած ժամկետների ավարտը:

Հիշեցնենք, որ ԱԺ կողից ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ մտնելով ՍԴ՝ ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունների կատարումը, քանի որ դատարանը նոր Սահմանադրությամբ ունի երկու դատավոր, մնացածը ՍԴ անդամներ են, որոնք լիազորություններ չունեն: Ըստ Գրիգորյանի՝ քանի որ առաջին դատավորը արձակուրդում է, ինքը  ստանձնում է ՍԴ նախագահի պաշտոնը:

«Ես ուզում եմ կարդաք Սահմանադրության անցումային դրույթների 213 հոդվածը: Կարդացեք, ինքներդ կունենաք պատասխանը: Այսինքն՝ ըստ դրա՝ մինչև 2015 թվականի Սահմանադրութան որոշված ժամկետները պետք է ՍԴ այս կազմը պաշտոնավարի»,- մեզ հետ զրույցում ասաց Ալվինա Գյուլումյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության անցումային դրույթների 213 հոդվածը սահմանում է սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը: Ըստ այդմ՝ Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:

Ինչ վերաբերում է Վահե Գրիգորյանը հիմնավորմանը, թե ՍԴ անդամները լիազորություններ չունեն, Ալվինա Գյուլումյանն ասում է՝ ՍԴ դատավոր, թե անդամ, դրանք նույնն են:

«Դրանց տարբերությունը մի ամբողջ գիտական աշխատանքի թեմա է: Համենայնդեպս, դրանց մեջ որևէ տարբերություն չկա, դրանք երկուսն էլ արդարադատություն են իրականացնում: Կարևորը գործառույթն է, ոչ թե անունը»,- նշեց նա:

Հարցին, որ այսինքն՝ այս հայտարարությամբ նաև կասկածի տա՞կ է դրվում ՍԴ նախորդ ամիսների աշխատանքի օրինականությունը, Գյուլումյանը պատասխանեց, որ ինքը օրինականության խնդիր չի տեսնում: Ըստ նրա՝ յուրաքանչյուր կարծիք գոյության իրավունք ունի:

Վահե Գրիգորյանը նաև ասել էր, որ այս խնդիրները կքննարկի ՍԴ գործընկերների հետ, որպեսզի լուծուներ գտնեն:

«Կքննարկենք, աշխատանքային հարաբերություններ են, կլսենք միմյանց կարծիքը, կփորձենք մեկս մյուսին համոզել, թե ինչի մասին է խոսքը: Առայժմ քննարկում չենք անցկացրել»,- ասաց Ալվինա Գյուլումյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել