Կարող ենք արձանագրել, որ հանդիպումը հստակ արդյունքներ չի տվել, ինչպես և ակնկալվում էր, այդ թվում՝ որևէ քայլ առաջ չկա ապրիլի 15-ին համաձայնեցված հումանիտար ոլորտում քայլերի իրականացման առումով: Միաժամանակ, եղել է մտքերի փոխանակում բովանդակային հարցերի շուրջ:

Արձանագրվում է, որ կողմերը հստակեցրել են իրենց դիրքորոշումներն ու ակնկալիքները հումանիտար և անվտանգային միջոցառումների առնչությամբ միջնորդների առաջարկների վերաբերյալ (դրանց մասին ասվել է նաև տարածաշրջանային արդյունքում տարածած հաղորդագրության մեջ): Հետաքրքիր է, թե որքանո՞վ են կողմերի մոտեցումներն ու ակնկալիքները մոտ իրար, և արդյոք կհաջողվի՞ կյանքի կոչել պայմանավորված միջոցառումները, այդ թվում՝ այստեղ սկզբունքայինը Արցախի լիարժեք մասնակցությունն է այդ միջոցառումներին:

Ուշագրավ է, որ, չնայած Հայաստանի ԱԳՆ վերջին հայտարարություններին, համատեղ հայտարարության մեջ չեն հիշատակվում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները: Միաժամանակ, հիշատակվում է Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունը օպերատիվ կապի հաստատման մասին:

Հաղորդագրության մեջ նաև ոչինչ չի ասվում քննարկումների կառուցողական միջավայրի մասին, ինչը վերջին շրջանում հաճախ էր արձանագրվում Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների շփումներից հետո:

Հ.Գ. Ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ-ում, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, սակայն հանդիպմանը մասնակցել են միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը: ԱՄՆ պաշտոնյաների հետ շփումները տեղի են ունեցել նախքան ԱԳ նախարարների հանդիպումը: ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն ոչ միայն չի մասնակցել հանդիպմանը, այլև չի հանդիպել կողմերի հետ (ի տարբերություն Փարիզի և Մոսկվայի հանդիպումների, որոնց Ֆրանսիայի և ՌԴ-ի ԱԳ ղեկավարներն անձամբ մասնակցել են):

#NKPeace

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել