«Չեռնոբիլ» սերիալը ցուցադրությունից անմիջապես հետո դարձավ տարվա ամենաքննարկվող նախագիծը։ Սակայն չնայած բացահայտ արժանիքերին և պատմական ճշգրտություններին՝ և՛ դիտողները, և՛ դեպքի իրական ականատեսները կարողացան գտնել որոշ սխալներ։ Բնականաբար, առանց այդ սխալների հնարավոր չէր, քանի որ այն առաջին հերթին գեղարվեստական ստեղծագործություն է և ոչ թե վավերագրական։
Վայրկենական այրվածքներ
Անգամ այսպիսի վթարների դեպքում ռադիոակտիվ ազդեցությունից վայրկենական այրվածքներ չեն առաջանում։ Վատագույն դեպքում այսպիսի վնասվածքներ առաջանում են մի քանի ժամվա ընթացքում, սակայն սերիալում մարդիկ վայրկենապես այրվածքներ էին ստանում։
Օղի՝ չոր օրենքի ժամանակ
Սերիալի հերոսներն ամեն հարմար առիթի օղի են օգտագործում, իսկ 4-րդ սերիալում այս խմիչքով բեռնված բեռնատար են դատարկում։ Սակայն հաշվի չի առնվում այն փաստը, որ 1985-ից մինչև 1988 թվականները ողջ ԽՍՀՄ-ում գործում էր չոր օրենք։ Խանութների մեծ մասը դադարել էր ալկոհոլ վաճառել, իսկ աշխատավայրում օգտագործելու համար մեծ տուգանքներ էին նախատեսված։ Ոչ, անկասկած, օղի օգտագործվել է, բայց ոչ այդ քանակությամբ։
«Մահվան կամուրջ»
Սերիալի համաձայն՝ այդ կամրջի վրա կանգնած բոլոր մարդիկ արդյունքում մահացել են։ Սակայն, ամենայն հավանականությամբ, սա ուղղակի գեղարվեստական հորինվածք է, և այս իրադարձությունն իրական ոչ մի հաստատում չունի։ Կամուրջն իրոք գոյություն է ունեցել, սակայն այն վթարից հետո փակվել է։
Միջուկային երկրորդ պայթյուն
Ուլյանա Խոմյուկի պնդումների համաձայն՝ միջուկային երկրորդ պայթյուն նույնպես կարող էր լինել, որը «կաղտոտեր» Եվրոպայի մեծ մասը։ Սակայն այն միայն գոլորշային կարող էր լինել և նրա հավանականությունը շատ քիչ էր։ Անհավատալի է հնչում նաև երկրորդ պայթյունի ենթադրելի հզորությունը՝ 2-4 մեգատոննա։ Այսպիսի ուժի համար հարկավոր է ջերմամիջուկային վառելիք, իսկ Չեռնոբիլում այն չի եղել։
Ջրասույզների առաջադրանք
Ենթադրելի պայթյունից բացի՝ դիտողներն առանձնացրել են նաև ջրասույզների առաջադրանքի չափից դուրս դրամատիկ լինելը։ Օրինակ՝ սերիալում ջուրը հասնում է մինչև կրծքավանդակը, իսկ իրականում այն հասել է մինչև ծնկները։ Իմիջիայլոց, բոլոր ջրասույզները ողջ են մնացել, իսկ նրանցից 2-ն ապրում են մինչև այսօր։
Ուղղաթիռի կործանում
Սերիալում ուղղաթիռն ընկնում է 1986 թվականի մայիսին՝ իրական վթարից մի քիչ շուտ։ Այո՛, իրականում ուղղաթիռը բախվել է կռունկին և կործանվել, սակայն դա տեղի է ունեցել ոչ թե մայիսին, այլ հոկտեմբերին։
Կենդանիների գնդակահարություն
Գեներալ-մայոր Նիկոլայ Տառականովը RT-ին տված հարցազրույցի ժամանակ քննադատել է տնային կենդանիներին գնդակահարելու դրվագը։ Նրա խոսքերով՝ բնակելի շրջաններում մարդկանց աչքի առջև երբեք այդպիսի բան տեղի չի ունեցել, քանի որ ինքն անձամբ է ղեկավարել զինվորներին։ Միայն թափառական և վայրի կենդանիներին են գնդակահարել, այն էլ՝ մարդկանց տարհանելուց հետո։