«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանը վերջին հեռակա բանավեճից հետո նախօրեին առաջին անգամ համատեղ միջոցառման էին մասնակցում: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների 28-րդ նիստին, ինչպես նաև ընդմիջման ընթացքում Հայաստանի և Արցախի ղեկավարները այդպես էլ ոչ մի բառ չեն փոխանակել: Բակո Սահակյանը համառորեն հրաժարվել է նաև պատասխանել լրագրողների հարցերին:

Այս փաստերը չեն վրիպել ԶԼՄ-ների ուշադիր հայացքից ու դարձել են քննարկումների առարկա՝ ստվերելով բուն միջոցառումը, դրա համազգային կարևորությունը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամն այն եզակի կառույցներից մեկն է, որը մարմնավորում է ազգային միասնության գաղափարը, այն հարթակն է, որտեղ պետք է ձևավորվի համազգային միասնությունը ու ազգային տուրքի գաղափարը ծառայեցվի կենսական համազգային ծրագրերի իրականացմանը։ Թե ինչքանով է «Հայաստան» հիմնադրամի գործունեությունն արդյունավետ եղել նախորդ տարիներին, թերևս առանձին, տարողունակ հարց է, որին առաջիկայում կանդրադառնանք։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ համազգային միասնությունը վերացական կատեգորիա չէ ու հիմնվում է կոնկրետ գաղափարների, ինստիտուցիոնալ հիմքերի վրա։ Եթե դրանք չկան, ապա խեղվում է թե՛ համազգային միասնության և թե՛ տուրքի գաղափարը։

Միանգամայն համաձայն եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամը մեր համազգային բյուջեն է, սակայն այդպիսին ունենալու համար ներդաշնակ ու ինստիտուցիոնալ հարաբերություններ են անհրաժեշտ Հայաստանի ու Արցախի, հայկական երկու պետականությունների ու Սփյուռքի միջև։

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի ու Արցախի ղեկավարությունների հարաբերությունները, մեղմ ասած, ինստիտուցիոնալ ճգնաժամ են ապրում, ու այդ ամենը, ցավոք, ունենում են հրապարակային դրսևորումներ, որոնք դրսևորվեցին, օրինակ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ։

Իհարկե, հակասությունների առաջացման հարցում երբեք չի կարելի տուրք տալ միակողմանի գնահատականներին ու պատասխանատվությունն ամբողջությամբ բարդել կողմերից միայն մեկի վրա։ Երբ Հայաստանում կազմաքանդված է հին համակարգը, դա օբյեկտիվորեն ենթադրում է, որ փոփոխություններ պետք է տեղի ունենան նաև Արցախի իշխանության կոնֆիգուրացիայում։ 

Սա ինքնին հասկանալի է, որովհետև Հայաստանն ու Արցախը գտնվում են միևնույն քաղաքական համակարգում և, ըստ էության, ունեն նույն օրակարգն ու խնդիրները։ Սակայն այս օբյեկտիվ համատեքստը չի ենթադրում հեղափոխության մեխանիկական «արտահանում» Արցախ կամ Արցախի իշխանության դիրքավորում Հայաստանի ներքաղաքական հակամարտ ճամբարներից որևէ մեկում։

Հայաստանի ու Արցախի իշխանությունները պետք է հրաժարվեն այս երկու ծայրահեղ մոտեցումներից՝ դաշտ բացելով ներդաշնակ հարաբերությունների ձևավորման համար։

Առանց Արցախի ու Հայաստանի ներդաշնակ հարաբերությունների՝ հնարավոր չէ առարկայական զրույց ծավալել համազգային միասնության մասին։ Փաշինյանի ու Սահակյանի հարաբերությունների «սառնության» ֆոնին մի տեսակ անիմաստ, նույնիսկ ժամանակավրեպ է թվում համազգային միասնության մասին Փաշինյանի ելույթը։

Հայաստանի ու Արցախի էլիտաների հարաբերությունների ճգնաժամի հաղթահարման տեսանելի միջոցներից մեկը Արցախում հաջորդ տարի տեղի ունենալիք ընտրություններն են։ Պաշտոնական Երևանը պետք է հրաժարվի վտանգավոր գայթակղություններից ու որևէ կերպ չմիջամտի Արցախի ներքաղաքական կյանքին ու դրա օրակարգի ձևավորմանը՝ նախապատվություն տալով այս կամ այն թեկնածուին։ Հայաստանն Արցախում չի կարող ունենալ հատվածական քաղաքական շահեր ու պատրաստ պետք է լինի աշխատել ցանկացած իշխանության հետ, որը ստացել է մեր հայրենակիցների վստահության քվեն»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել