168.am-ը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հրավիրվել էր ԱԳՆ։ Այս մասին հայտնել էր ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հավելելով, որ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում: Վերջինս լայն քննարկումների առիթ դարձավ հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակներում։

«Չեմ կարծում, թե որևէ երկրի դեսպանի հանդիպումը քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ՝ անկախ նրանից, թե նրանք ինչ կարգավիճակ ունեն՝ ընդդիմադիր կամ իշխանական, ուղղակիորեն միջամտութուն է Հայաստանի ներքին գործերին, որովհետև դա սովորական դիվանագիտական պրակտիկա է»,- 168.am-ի հետ զրույցում թեմային անդրադառնալով՝ նշեց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը։

Քաղաքագետն այս համատեքստում հիշեցրեց  նաև ԱՄՆ դեսպանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումները. «Հայաստանում երևի թե յուրաքանչյուր դեսպան հանդիպել է՝ ում հետ ուզել է, երբ ուզել է, ինչ ֆորմատով որ ուզել է՝ բաց կամ փակ։ Ե՛վ ԱՄՆ դեսպանն է բազմիցս հանդիպել, ասենք, նույն Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, երբ նա նույն ընդդիմադիրի կարգավիճակում էր (2008-ից հետո նույնիսկ՝ ավելի քան ընդդիմադիրի), և՛ ՌԴ դեսպանն է հանդիպել տարբեր ռանգի ներկա ու նախկին քաղաքական գործիչների հետ… Այս տեսակետից՝  չեմ կարծում, թե սա արտառոց դեպք է, եթե, իհարկե, իրենք չունեն այլ ինֆորմացիա, թե իրենք ինչ են խոսել այդ հանդիպման ընթացքում»։

Ըստ Վ.Հակոբյանի՝ դեսպանին ԱԳՆ կանչելու ռեակցիան կարելի է համարել պաշտպանական. «Նույն Ռոբերտ Քոչարյանը, ինչպես էլ իրեն վերաբերվենք, եթե բանտում նստած չէ, դատապարտված չէ, ուրեմն դեռ անմեղ է։

Իշխանություններին գուցե թվում է, որ սրանով իրենք փորձում են իրենց դեմքը պահպանել, ցույց տալ, որ մենք այնուամենայնիվ ռեակցիա ենք ցույց տալիս, սուվերենությունն ենք պահպանում: Տեսնենք, թե ինչքանով է խոհեմ քայլ, տեսնենք՝ ինչ ռեակցիաներ կլինեն՝ և՛ բացահայտ ռեակցիաներ, և՛ քողարկված»։

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել