Մի քանի փոքրիկ դրվագ Խորհրդային Ռուսաստանի և հետագայում ԽՍՀՄ-ի ռեպրեսիվ քաղաքականությունից:
1917թ. նոյեմբերի 24-ին «Ժողովրդական կոմիսարների խորհուրդ»-ն օրենք ընդունեց դատարանի մասին: Ըստ այդ օրենքի՝ ստեղծվում էին «Հեղափոխական տրիբունալներ» քաղաքական հակառակորդների կամ, ինչպես իրենք էին ասում, հակահեղափոխական տարրերի նկատմամբ: Սկսվեց բռնաճնշումների և նրանց կողմից հրահրված քաղաքացիական պատերազմի փուլը:
1917թ. դեկտեմբերին ստեղծվեց բոլշևիկյան ամենասարսափելի պատժիչ մարմիններից մեկը՝ «Հակահեղափոխականության դեմ պայքարի համառուսաստանյան արտակարգ կոմիտեն», որի ղեկավարը տխրահռչակ Ֆելիքս Դերժինսկին էր:
1918թ. հունվար ամսին Լենինը ստորագրեց դեկրետ, որի համաձայն՝ ստեղծվում էր Կարմիր բանակը:
1918թ. օգոստոսի 9-ին Լենինը Պենզայի կոմիտեին հեռագրելու ժամանակ նշում է, որ հարկավոր է զանգվածային տեռոր իրականացնել սպիտակ գվարդիականների, հակահեղափոխականների և բոլոր նրանց հանդեպ, ովքեր կասկածելի կթվան, և նրանց բոլորին ուղարկել քաղաքից դուրս գտնվող համակենտրոնացման ճամբարներ:
1918թ. սեպտեմբերի 5-ին «Կարմիր տեռորի» մասին դեկրետն ընդունվեց: «Կարմիր տեռորի» գաղափարական հիմքը տալիս էր Լենինը, ով ցիտում էր Կարլ Մարքսի այն միտքը, որ նոր հասարակարգի ձևավորման տանջանքները կարելի է թեթևացնել հեղափոխական տեռորով: Լենինը նշում էր, որ բարոյականությունը կեղծ կատեգորիա է, և բարոյական է այն ամենն, ինչ օգտակար է հեղափոխության համար: Գնդակահարությունների համար ստեղծված էին հատուկ դատական մարմիններ, որոնք կոչվում էին «Հեղափոխական տրիբունալներ», որոնք դատական գոծընթացն արագ ընթացակարգով էին իրականացնում և հիմնական վճիռները գնդակահարություններն էին լինում:
1919 թ. մարտ ամսին բոլշևիկներն Աստրախանում գնդակոծեցին բանվորների ցույցը, որի ժամանակ 2000-ից ավել մարդ սպանվեց:
1920թ. աշնանը բոլշևիկները «Զանգվածային տեռորի» քաղաքականություն սկսեցին իրականացնել՝ շուրջ 60-70 հազար մարդու գնդակահարելով Ղրիմում: Նմանատիպ իրավիճակ էր նաև Խարկովում և Կիևում, որտեղ այդ տարիներին մարդկանց գնդակահարում էին տասնյակ հազարներով: Պատմական արխիվներում պահպանված են վկայություններ 1919թ. Խարկովում բոլշևիկների իրականացրած տեռորի վերաբերյալ, որտեղ նշվում էր, որ Խարկովում այդ ժամանակ սարսափելի իրավիճակ էր: Յուրաքանչյուր օր տեղական «Արտակարգ իրավիճակների կոմիտեի» աշխատակիցները շուրջ 30-40 մարդու էին գնդակահարում: Պատմաբանների զգալի մեծամասնությունը նշում է, որ 1917-23թթ. շուրջ 2 միլիոն մարդ գնդակահարությունների և համակենտրոնացման ճամբարների զոհ է դարձել: Զոհերի մեջ զգալի մեծամասնություն էին կազմում գյուղացիները (800 հազարից ավել մարդ), զինվորականները (200-300 հազար մարդ), մտավորականները (300-400 հազար մարդ): Այդ տարիներին բոլշևիկների ամենագլխավոր և դաժան դահիճներից մեկը «Արտակարգ իրավիճակների կոմիտեի» անդամ Մարտին Լացիսն էր, ով, տարբեր տվյալների համաձայն, սեփական ձեռքերով մի քանի հազար մարդու է գնդակահարել:
1927թ. Ստալինը հռչակեց տնտեսության ինդուստրալիզացիայի առաջին հնգամյա պլանը: Դա հնարավոր չէր լինի իրականացնել առանց մթերքի, որը, կարելի է ասել, բացակայում էր: Առաջ եկավ կոլտնտեսությունների ստեղծման ժամանակաշրջանը: Ստալինյան կոլեկտիվացումը ենթադրում էր գյուղացիներից նրանց ունեցվածքի խլում, ինչպես նաև գյուղատնտեսությունների միավորում կոլտնտեսությունների տեսքով: Դա ողբերգական եղավ գյուղացիության համար: Սկզբնական շրջանում երկրի հյուսիսում 1 միլիոնից ավել մարդ մահացավ սովից: Մեռնող մարդիկ շատ հաճախ հանիբալիզմի էին դիմում: Կային նաև այնպիսիք, ովքեր դիմադրում էին: Նրանց սպասում էին գնդակահարությունները և Գուլագները: Ընդհանուր առմամբ, այդ շրջանում բռնի կոլեկտիվացման քաղաքականության հետևանքով առաջացած սովից 5 միլիոն մարդ մահացավ:
1934թ. համակենտրոնացման ճամբարներն անվանվեցին «Ուղղիչ աշխատանքային ճամբարներ» կամ «Գուլագներ»: «Գուլագները» գործեցին մինչև 1950-ականներ: Իրավական ակտերի ներմուծմամբ ամբողջատիրական իշխանությունը մարդկանց զանգվածային ոչնչացմանն օրինական ձև հաղորդեց: «Գուլագներում» պահված մարդկանց թիվը տարբեր տվյալներով հասնում էր 2.5-3 միլիոնի, իսկ մահացածներինը՝ 1.5-2 միլիոնի: 1937թ. հուլիսի 30-ին ընդունվեց որոշում Մեծ տեռոր իրականացնելու մասին: Պատմաբան Ռոբերտ Քոնքվեստի տվյալներով՝ 1930-ականների գնդակահարվածների թիվը հասնում էր 1.5 միլիոնի, իսկ համակենտրոնացման ճամբարներում` Գուլագներում մահացածների թիվը հասնում էր 2 միլիոնի:
1937թ. օգոստոսի 15-ին սովետական ՆԿՎԴ-ի ղեկավար Ն. Եժովի կողմից ստորագրվեց «Հայրենիքի դավաճանների, ընտանիքի անդամների և երեխաների նկատմամբ բռնաճնշումներ իրականացնելու» մասին հատուկ հրամանը: Խորհրդային իշխանության այս հրեշավոր փաստաթուղթը վերաբերում էր 1930-անների Ստալինյան բռնաճնշումների զոհ դարձածներին և նրանց ընտանիքների անդամներին: Այս հրամանի համաձայն՝ ձերբակալման էին ենթակա այն կանայք, ովքեր ձերբակալման ժամանակ բռնաճնշման զոհ դարձածի կինն են եղել: Ձերբակալման էին ենթակա նաև նրանց երեխաները: Անգամ նորածիններն էին իրենց մայրերի հետ միասին համակենտրոնացման ճամբարներ ուղարկվում և մինչև 1-1.5 տարեկան դառնալը մնում այնտեղ: Այնուհետև նրանց խլում էին մայրերից և մանկատներ հանձնում: Մինչև 15 տարեկան դառնալը նրանք մնում էին մանկատներում: Այն երեխաները, որոնք համարվում էին «Վտանգավոր հասարակական տարրեր» և ունակ էին «հակասովետական գործողություններ» կատարելու, ուղարկվում էին հատուկ երեխաների համար ստեղծված համակենտրոնացման ճամբարներ: Այդ առթիվ հարկ է նշել, որ 1938թ. օգոստոսի 4-ի դրությամբ բռնադատվածների ընտանիքներից խլվել էր շուրջ 18 հազար երեխա, և դեռևս 5000-ին նման ճակատագիր էր սպասվում: ԽՍՀՄ իշխանություններն այդ երեխաների համար «Երեխաների Գուլագներ» էին ստեղծել:
1932թ. նոյեմբերի 8-ին «Արտակարգ իրավիճակների կոմիտեի» կողմից որոշում ընդունվեց, համաձայն որի՝ եթե ուկրաինական գյուղերը պետությանը չտրամադրեն իրենց գյուղական ունեցվածքը, այլ կերպ ասած՝ հրաժարվեն կոլեկտիվացումից, ապա ուկրաինական գյուղերը կզրկվեն մթերքից: 1932թ. նոյեմբերի 18-ին Կրեմլի անմիջական հրամանով Ուկրաինական կենտկոմը մի որոշում է ընդունում, որը հետագայում կոչվում է «Գոլոդոմոռ»: Համաձայն այդ որոշման՝ պահանջը չկատարող գյուղերի մուտքի մոտ սև տախտակներ էին տեղադրվում, ինչը նշանակում էր, որ տվյալ գյուղ արգելվում էր մթերք ներմուծել: Մարդկանց նույնիսկ արգելվում էր լքել բնակավայրերը: Երկրի գյուղերի սահմանների երկայնքով զինվորականներ էին հերթապահում: Փաստորեն, սև ցուցակում հայտնված գյուղերը սովի էին մատնվում և կտրվում արտաքին աշխարհից: Մարդիկ, որոնք ԽՍՀՄ իշխանությունների կողմից դատապարտվել էին մահվան, սնվում էին կատուներով, շներով: Սովորաբար այն գյուղերում, որոնք դատարկվել էին, և որոնց բնակիչները սովամահ էին եղել, սև դրոշ էին կախում: Այդպիսի գյուղերի թիվն Ուկրաինայում անցնում էր 50 հազարը: ԽՍՀՄ կողմից կազմակերպված ուկրաինական «Գոլոդոմոռի» ժամանակ միլիոնավոր մարդիկ զոհվեցին:
1939 թ. օգոստոսի 23-ին ԽՍՀՄ արտգործնախարար Մոլոտովը և Մոսկվա ժամանած Գերմանիայի արտգործնախարար Ռիբենտրոպը «Չհարձակման» մասին պայմանագիր ստորագրեցին: Համաձայնագրի գաղտնի մասում կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին և ազդեցության գոտիների բաժանում կատարեցին: Սովետական միությունը համաձայնվել էր չխանգարել Գերմանիային հարձակվել Լեհաստանի վրա և կիսել այն Գերմանիայի հետ: Մերձբալթյան երկրները, Բեսարաբիան, Ֆինլանդիան իրենց հերթին հայտնվելու էին Կրեմլի ազդեցության գոտում: Այս ամենի շնորհիվ Հիտլերը երաշխիք ստացավ, որ արևելքից իր վրա չեն հարձակվելու: Այսպիսով՝ Գերմանիան և Սովետական Միությունը ստրատեգիական դաշնակիցներ էին դառնալու:
1939թ. նոյեմբերի 30-ին ԽՍՀՄ-ը հարձակվեց Ֆինլանդիայի վրա: 1940թ. մարտի 5-ի որոշման համաձայն՝ 22 հազար լեհ զինվորական գնդակահարվեցին Կատինի և Սմոլենսկի անտառներում: 1940թ. ամռանը արդեն լիովին օկուպացվել էր Մերձբալթյան տարածաշրջանը: 1941թ. հունիսի 14-ին Էստոնիայից շուրջ 10 հազար մարդ ընտանիքներով գնացքներով աքսորվեց Սիբիր: Գործողությունը կազմակերպել էր Էստոնիայի ժողկոմիսարիատը՝ կառույցի ղեկավար Բորիս Կումի գլխավորությամբ: Ամառվա ընթացքում աքսորվածների թիվը հասավ 25 հազարի: Հետագայում նրանց միացան 50 հազար էստոնացի տղամարդիկ: Աքսորվածների զգալի մասը մահացավ ճանապարհին, իսկ տեղ հասածները տեղափոխվեցին սիբիրյան Գուլագներ:
Հետպատերազմյան շրջանում՝ 1949թ. մարտ ամսին, տեղի ունեցավ 2-րդ աքսորը: Այդ ժամանակ շուրջ 20 հազար էստոնացի, 31 հազար լիտվացի և 42 հազար լատվացի կրկին աքսորվեց Սիբիր: Աքսորների և բռնաճնշումների հետևանքով ոչնչացվում էր այդ մերձբալթյան երկրների հասարակական-քաղաքական, հանրային և ռազմական էլիտան: Աքսորի և Կրեմլի կողմից տարածաշրջանում իրականացվող ռուսաֆիկացման քաղաքականության հետևանքով մերձբալթյան երկրների ժողովուրդները սեփական երկրներում դեմոգրաֆիական լրջագույն խնդիրներ ունեցան: 1949թ հունիս ամսին տասնյակ հազարավոր հայեր աքսորվեցին դեպի Սիբիր:
1943թ. դեկտեմբերի 28-ին ՆԿՎԴ-ի ստորաբաժանումների կողմից սկսվեց իրականացվել կալմիկների աքսորը դեպի Սիբիր: Կարճ ժամանակում աքսորի ենթարկվեց շուրջ 92 հազար մարդ: 1944թ. մայիսի 18-ի առավոտյան սկսած աքսորի շրջանակներում ՆԿՎԴ-ի 32 հազարանոց զորախմբի մասնակցությամբ իրականացված աքսորը ամենալայնամաշտաբ աքսորներից էր: Մինչ մայիսի 20-ը մոտ 200 հազար թաթար աքսորվեց:
1953թ. հունիս ամսին սովետական զորքերը ճնշեցին Արևելյան Բեռլինի ապստամբությունը:
1956թ. նոյեմբեր ամսին տխրահռչակ Մարշալ Բաբաջանյանի հրամանատարությամբ հողին հավասարեցվեց Բուդապեշտը, և սպանվեց մոտ 3000 մարդ: 1968թ. օգոստոսի 21-ին սովետական և ՎՊ երկրների զորքերը օկուպացրեցին Չեխոսլովակիան:
1979թ. դեկտեմբեր ամսվա վերջին սովետական զորքերը ներխուժեցին Աֆղանստան:
1983թ. սեպտեմբերի 1-ին ԽՍՀՄ կործանիչը գրոհեց մարդատար հարավկորեական ԲՈԻՆԳ-ը: Ամբողջ անձնակազմը զոհվեց:
1989.թ ապրիլի 9-ին սովետական զորքերը Թբիլիսիում ջարդեցին ցուցարարներին:
1990թ.մայիսի 27-ին սովետական զորքը փորձեց գրոհել Երևանը:
1991թ. հունվարի 13-ին սովետական ԱԼՖԱ ջոկատը և տանկերը գրոհեցին Վիլնյուսի հեռուստաաշտարակը պահպանող ցուցարարներին:
1991թ. գարնանը ԽՍՀՄ զորքը ադրբեջանցիների հետ Արցախում սկսեց իրականացնել «Կոլցո» օպերացիան...