Panorama.am-ը գրում է.

«Առանձնահատուկ  նիստ է, նախագահող դատավորն էլ համաձայն է մեզ հետ այն հարցում, որ առկա է օրենսդրական որոշակի բաց, հստակ կանոններ սահմանված չեն այս պրոցեսի համար, նախկինում նման պրոցեսներ չեն եղել»,- Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքի քննության ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը, ով դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել։

Նա նշեց, որ այս պրոցեսի համար իրենց անհասկանալի է իրենց իրավունքները, խնդրում են պարզաբանում։ Հ. Խուդոյանի խոսքով, իր միջնորդությունը վերաբերում է հենց նրան, որ իրենց մինչև հիմա չի պարզաբանվել, թե ինչ ընթացակարգով պետք է այս վարույթը քննվի, դատարանը խուսափողական պատասխաններ է տալիս, հռետորական հարցերով է պատասխանում, իրենց համար հստակ չէ։
«Մենք ունենք օրենսգիրք, օրենսդրական կանոններ, խնդրում ենք դատարանին ասել՝ շարժվում ենք այս կանոնով»,- նշեց նա։
Փաստաբանն ընդգծեց, որ իր միջնորդությունն ինքնանպատակ չէ, նպատակ ունի վեր հանել դատարանի կանխակալ վերաբերմունքը։

Նա նաև անթույլատրելի է համարում, որ Ա. Դանիելյանը շարունակի այս գործի քննությունը, որովհետև նախկինում  քննել է «Մարտի 1»-ի վերաբերյալ գործեր, հասարակության  որոշակի շրջանակի մոտ կա անվստահություն այդ գործերը քննած դատավորների նկատմամբ։

Հ. Խուդոյանն անդրադարձավ նաև «Մարտի 1»-ի իրադարձություններից տուժող Բաբկեն Մկրտչյանի ներկայացուցիչ, փաստաբան Զորայր Հարությունյանի բաց նամակին՝  ուղղված այս բողոքը քննող  նախագահող դատավոր Ա. Դանիելյանին։ Նա նշեց, որ մամուլում ուշագրավ տեղեկատվություն է հրապարակվել, պետք է գնալ դրա հետքերով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել