Սրին տիրապետելու արվեստիմասին  

Շատ դարեր առաջ` սամուրայների (1) ժամանակներում, Ճապոնիայում գրվել է սրին տիրապետելու արվեստի փիլիսոփայության մասին գիրք` «Գիտելիք առանց չարչարանքի» վերնագրով, որը հայտնի է նաև հեղինակի անունով` «Տախլանի տրակտատ»(2(Տախլանը եղել է սուսերամարտի ուսուցիչ և բուդդայական տաճարի վանական): Ես այդ գրքից ինձ համար ընդգծումներ եմ արել:

Միշտ հանգստություն պահպանի´ր

Նա, ով հասկանում է կյանքի իմաստը, գիտե` ոչ մի բան չունի ո´չ սկիզբ, ո´չ ավարտ, և այդ պատճառով երբեք չի վշտանում: Նա պայքարում է այն ամենի համար, ինչին հավատում է, ջանք չի թափում որևէ մեկին որևէ բան ապացուցելու համար, լռելյայն պահպանում է հանգստությունը բավականաչափ խիզախորեն, որպեսզի կարողանա ընտրել իր ճակատագիրը:

Սա վերաբերում է թե´ սիրուն, թե´ կռվին:


Լսի´ր սրտիդ ձայնը

Նա, ով վստահ է իր` ուրիշների նկատմամբ ունեցած իշխանության վրա, համոզված է, որ միշտ կարողանում է կարևոր պահերին ասել կարևոր խոսքեր և իր մարմնի տերն է, ուրեմն խուլ է և չի լսում «իր սրտի ձայնը»: Միայն այն ժամանակ կարելի է լսել այդ «ձայնը», երբ մենք ներդաշնակ ենք ապրում շրջապատող աշխարհի հետ և ինքներս մեզ չենք դնում Տիեզերքի կենտրոնում:

Սա վերաբերում է սիրո´ւն, կռվի´ն:

Սովորի´ր մտնել ուրիշի կերպարի մեջ

Մենք այնքան կապված ենք ինքներս մեզ, սեփական ներաշխարհին, որ հաճախ մոռանում ենք չափազանց կարևոր բաներ. մենք անկարող ենք միայնակ իրականացնել մեր նպատակները` չհաղորդակցվելով ուրիշ մարդկանց հետ: Այդ իսկ պատճառով հարկավոր է ոչ միայն դիտարկել, ուսումնասիրել աշխարհը, այլ նաև փորձել հասկանալ դիմացինի զգացմունքները և կռահել նրա մտքերը:

Սա վերաբերում է սիրո´ւն և կռվին:

Քեզ համար իսկակա´ն ուսուցիչ գտիր

Կյանքի ճանապահին դու կհանդիպես մարդկանց, ովքեր սիրուց կամ էլ մեծամտությունից դրդված կուզենան քեզ ինչ-որ բաներ սովորեցնել: Ինչպե՞ս տարբերել բարեկամին կավատից: Պատասխանն ավելի քան պարզ է. իսկական ուսուցիչը երբեք չի խոսում իդեալական ճանապարհի մասին, այլ աշակերտին առաջարկում է բազմաթիվ արահետներ, որոնք տանում են դեպի ճանապարհ` մայրուղի, որի վերջում էլ քո ճակատագիրն է: Այն պահից սկսած, երբ դու կգտնես քո ճանապարհը, քեզ այլևս ուսուցիչ հարկավոր չէ. այդ պահից սկսած բոլոր դժվարությունները և ճանապարհի բոլոր արգելքները քոնն են, բացարձակապես միայն քոնը:

Սա ո´չ սիրուն, ո´չ կռվին չի վերաբերում, բայց, եթե չհետևես այս խորհրդին, դու ընդհանրապես ոչնչի չես հասնի:

Խուսափի´ր վտանգից

Շատերը մտածում են, որ կյանքում հարկավոր է զոհողությունների գնալ հանուն երազանքի իրագործման, սակայն իրականում այս տեսակետը ավելի քան խաբուսիկ է: Որպեսզի հասցնենք իրականացնել երազանքները, հարկավոր է պահպանել կյանքը և խուսափել վտանգներից: Որքան շատ ենք մենք խորհում մեր կատարելիք քայլերի մասին, այնքան սխալվելու հավանականությունը մեծանում է, որովհետև մենք ուշադրություն չենք դարձնում մարդկանց վերաբերմունքին, արարքներին, մոռանում ենք դասեր քաղել կյանքից, հաշվի չենք առնում այս ամենը` կրքի մեջ հայտնվելով, հաշվի չենք առնում նաև, երբ փոխվում է իրադրությունը: Որքան շատ ենք մենք վստահ, որ տիրապետում ենք իրավիճակին, այնքան քիչ է հավանականությունը, որ մենք իսկապես տիրապետում ենք նրան: Վտանգը գալիս է առանց նախազգուշացման, իսկ արագ հակազդումը պարզապես չի կարող նախօրոք ծրագրված լինել, ինչպես կիրակնօրյա զբոսանքը: Դրա համար, եթե դու իսկապես ուզում ես հասնել ներդաշնակության սիրո մեջ կամ էլ մարտարվեստում, ապա քո մեջ նախապես ձևավորիր արագ հակազդում (ռեակցիա):  Գրագե´տ պահիր քեզ և թույլ մի´ տուր քո` այսպես կոչված կյանքի փորձը, քեզ դարձնի մեքենա: Այդ փորձին դիմիր «սրտիդ ձայնին» լսելուց հետո միայն: Եթե անգամ քեզ թվում է, որ այդ ձայնը քեզ ասում է ոչ այն, ինչ կուզեիր լսել, միևնույնն է, լսի´ր նրան` քո սրտի ձայնին. նա ավելի լավ գիտե` երբ է հարկավոր գործել, երբ մի կողմ քաշվել:

Սա գործում է թե´ սիրո մեջ և թե´ կռվի դեպքում:

1) Սամուրայ` ճապոնական ռազմա-ֆեոդալական դասին պատկանող անձ (թարգմ.)
2) Տրակտատ` գիտական շարադրություն (թարգմ.)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել