168.am-ը գրում է.

Չնայած այն հանգամանքին, որ երեկ Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հաստատում էին ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունը, ըստ որի՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում կնշանակվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայիս խորհրդական Եղիշե Կիրակոսյանը, սակայն ինչպես նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականից առաջ և այսօր էլ տարբեր միջավայրերում խոսվում է այդ պաշտոնում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ղեկավար Դանիել Իոաննիսյանի նշանակման մասին:

Նկատենք, միչ օրս իշխող ուժի որևէ անդամ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։ 168.am-ի հետ զրույցում ՔՊ վարչության որոշ անդամներ, մեղմ ասած, տարակուսանքով արձագանքեցին այս թեկնածուի՝ իրենց կողմից նախընտրելի լինելու վերաբերյալ մեր հարցադրումին:

Ավելին, ակնարկեցին նաև, որ ներկուսակցական նեղ շրջանակում մինչ այս պահը Դանիել Իոաննիսյանի մասին որևէ անգամ հիշատակում չի արվել, ինչը նշանակում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս թեկնածուի մասին կուսակցության վարչության անդամների կարծիքը լսելու անհրաժեշտություն չի էլ ունեցել:

Ինքը՝ Դանիել Իոաննիսյանը, 168.am-ի հետ զրույցում չթաքցրեց, որ ունի նման հավակնություներ, ավելին, համարում է, որ ինքն ի վիճակի է այդ պատասխանատվությունը կրել՝ ընդգծելով, սակայն, որ նման առաջարկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից համենայնդեպս չի ստացել.

«Վաչապետն ինձ նման առաջարկ չի արել, բայց եթե անի՝ կմտածեմ։ Ես համարում եմ, որ իմ մասնագիտական ունակությունները դրան ձգում են»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:
Հարցին, միգուցե, իշխանության, այսպես կոչված՝ սորոսական թև՞ն է իր թեկնածության մասին լուրերը շրջանառում, Իոաննիսյանը այսպես արձագանքեց.

«Դե, ինչ ասես… մարդիկ սկսել են ամեն տեղ «Սորոսի» հետքը տեսնել, այս կամ այն ազատումը ասում են՝ Սորոսն է որոշել, նշանակում են՝ դարձյալ Սորոսի ուղղորդում են տեսնում, այսպիսի անհեթեթ խոսակցությունները մեկնաբանելու կարիքը չեմ տեսնում»:

Ի դեպ, վարկած կա, որ այդ սորոսական թևին ձեռնտու այս տեղեկատվությունը հատկապես այս շրջանակներից է դրվում շրջանառության մեջ՝ հայտնի տեխնոլոգիայի տրամաբանության մեջ՝ որ Իոաննիսյանին էլ վարչապետ Փաշինյանը որպես հնարավոր թեկնածու դիտարկի:

Իսկ որքանո՞վ է դա հավանական։ Իշխող ուժից մեր աղբյուրները գրեթե բացառում են և վկայակոչում են առանցքային մի քանի խնդիրներ՝ սկսած Ռուսաստանի նկատմամբ քաղաքական հայացքների հետ հավանական բախման հնարավորությունից մինչև դատաիրավական ոլորտը վարչապետի կառավարման տիրույթից կորցնելու հավանական ռիսկեր:

Ի դեպ, որ դատաիրավական համակարգում ռեպրեսիվ մեթոդներով օրենսդրական փոփոխությունների նախագծերում Դանիել Իոաննիսյանի ակտիվ դրսևորումներից մեկը հենց հակակոռուպցիոն դատարանի ստեղծման գաղափարն է: Այս հայեցակարգը, ըստ էության, մասնագիտացված դատարանների ընկալման տակ հավակնում է զրոյացնել մինչ այս պահը նախկին իշխանություների ջանքերն ու աշխատանքը և ներկա իշխանության պատկերացումները անցումային ադարադատության հաստատման տեսանկյունից:

Այս օրերին Արդարադատության նախարարության որոշ ստորաբաժանումների հետ սորոսական թևի աշխատանքն, ըստ որոշ փորձագետների, իրականում լուծում է այս դաշտում լծակների համակենտրոնացման խնդիր: Այս թևի առաջարկած հակակոռուպցիոն համակարգի մոդելը հակակոռուպցիոն ապակենտրոնացված համակարգն է. հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) հենքի վրա ձևավորված հակակոռուպցիոն մարմին, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ կանխարգելիչ և կրթական գործառույթներ և հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և հակակոռուպցիոն միջոցառումներ, պետական կառավարման համակարգի մարմինների մոնիթորինգ, կոռուպցիայի դեմ պայքարի խորհրուրդ, կառավարության և Արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանումներ:

Նշենք, որ գարնանը Հայաստանի քաղհասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան հինգ էջանոց փաստաթղթով հիմնավորեց Հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին ունենալու առավելությունները:

Ուշագրավ է, որ հակակոռուպցիոն ապակենտրոնացված համակարգի կողմնակից է ՀԿ-ների դաշտում դոմինանտ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» («Սորոս») կազմակերպությունը: Այս մոդելի կիրառման դեպքում լայն լիազորություններ է ստանում Հատուկ քննչական ծառայությունը:

Այդ կառուցակարգով, ըստ որոշ փորձագետների՝ սորոսական թևը պիտի ծառայի միմիայն մեկ անձի կարողություններն ուժեղացնելուն: Ի դեմս Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի, ով ի դեպ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ղեկավարներից մեկի՝ Դավիթ Խաչատրյանի հարազատ եղբայրն է:

Հիշեցնենք` ԱԱԾ-ի պետ Արթուր Վանեցյանի և ԱԱԾ-ի քննչական գործառույթների դեմ կազմակերպած Դանիել Իոաննիսյանի զանազան արշավները հենց այս դիտանկյունից են ընկալվում ներքաղաքական շրջանակներում: Ըստ մեր աղբյուրների՝ Ա. Վանեցյանի և Ս. Խաչատրյանի հարաբերությունները հարթ չեն ընթանում։ Բուն պատճառները դեռևս անհայտ են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել