Շիլաներ եփելը մի ամբողջ գիտություն է։ Կախված ցանկությունից՝ կարող եք պատրաստել փխրուն, կպչող, ջրիկ և խյուսանման շիլաներ։

Փխրուն շիլաները (հնդկաձավար, բրինձ, գարեձավար, բլղուր) կարող են խավարտի դեր կատարել կամ աղցանների մեջ օգտագործվել: Կպչուն և ջրիկ շիլաները հիանալի նախաճաշ են համարվում: Վերջիններս առանձնանում են իրենց յուրահատուկ քաղցր համով:

Կախված ձավարեղենի և ջրի հարաբերակցությունից՝ շիլայի կազմությունը փոփոխվում է. օրինակ՝ կորեկաձավարի ջրիկ շիլա ստանալու համար պետք է 1։4 հարաբերակցություն, կպչող շիլայի համար` 1։3, իսկ փխրուն շիլա ստանալու համար` 1։1,5-2։

Inchpes-chisht-epel-shila-3

Խորհուրդներ

  • Ջրիկ և խյուսանման շիլաներ պատրաստելու համար լավ կլինի աղացած ձավարեղեն օգտագործել։
  • Շիլաները երկար եփելու ընթացքում կորցնում են իրենց օգտակար հատկությունները: Դիետոլոգները խորհուրդ են տալիս ձավարեղենը նախապես լվանալ և 6 ժամ թողնել սառը ջրում, իսկ եփելիս թրջած ձավարը պետք է լցնել եռացող աղաջրի մեջ և տաքացնել, մինչև կրկին եռման աստիճանի հասնի։ Այնուհետև անհրաժեշտ է կաթսան վերցնել կրակից և եփել գոլորշու վրա, մինչև պատրաստ լինի։ Արդյունքում վիտամիններն ու սպիտակուցները կիսով չափ պահպանվում են:
  • Եթե նախընտրում եք փաթիլներով շիլա, ապա աշխատեք այն չեփել:
  • Շիլաների մնացորդները դեն մի նետեք, քանզի դրանցով շատ համեղ ջեռեփուկներ, կարկանդակներ և անգամ աղանդերներ են պատրաստվում՝ մասամբ փոխարինելով բանջարեղենին կամ ալյուրին:
  • Պատրաստի շիլայի մեջ կարագի փոխարեն աշխատեք 1 ճ/գ թանձր սերուցք կամ կաթի սեր ավելացնել ավելի նուրբ կաթնային համ ստանալու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել