1960 թ. հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին, ում իտալացիները հիշում էին Հռոմում 1950 թ. նրա առաջին համերգից հետո, շնորհվեց Սանտ-Չեչիլիայի իտալական երաժշտական ակադեմիայի պատվավոր պրոֆեսորի կոչում։

Այդ կոչումը տալիս էին միայն այն ժամանակների ամենահեղինակավոր ու հայտնի երաժիշտներին, և շնորհիվ Արամ Խաչատրյանի՝ այդ ազգանունների շարքում հայտնվեց նաև հայկական ազգանուն։

Խաչատրյանի՝ Իտալիա այցի ժամանակ 1963 թ. Սանտ-Չեչիլիայի երաժշտական ակադեմիայի ռեկտոր պրոֆեսոր Բուստինին առաջարկեց կոմպոզիտորին հանդիպել Հռոմի պապ Հովհաննես XXIII-ի հետ։ Խաչատրյանն ընդունեց առաջարկը, և մի քանի օր անց կնոջ հետ արդեն Վատիկանում էր։

«Արամ Խաչատրյանը հիշում էր Վատիկանը՝ որպես հսկայական կառույց, որը նման է թանգարանի։ Այդ տարիներին ԽՍՀՄ-ը դիվանագիտական հարաբերությունների մեջ չէր Վատիկանի հետ, և Արամ Խաչատրյանն առաջին ԽՍՀՄ քաղաքացին դարձավ, որը հանդիպեց Հռոմի պապի հետ։ Նրանց զրույցը մոտ կես ժամ տևեց. ի դեպ, խոսում էր ոչ միայն Հռոմի պապը։ Ինչպես ավելի ուշ հիշում էր Արամ Խաչատրյանը, պապը նրան արվեստի վերաբերյալ բազմաթիվ հետաքրքիր հարցեր էր տալիս»,- պատմում է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը։

Հռոմի պապ Հովհաննես XXIII-ն իր հիացմունքն էր արտահայտել Խաչատրյանի արվեստի վերաբերյալ և ավելացրել է, որ հայ ազգը փոքրաթիվ է, սակայն աշխարհին բազմաթիվ հանճարներ է պարգևել։

Հանդիպման վերջում Հռոմի պապը Արամ Խաչատրյանին շնորհել է իր պատկերով մեդալ, իսկ կոմպոզիտորի կնոջը՝ խաչ։ Մի քանի անց Խաչատրյանին Վատիկանից ուղարկեցին հանդիպման ընթացքում արված լուսանկարները, որոնք մինչ օրս պահպանվում են Երևանի տուն-թանգարանում։

Երբ Արամ Խաչատրյանը վերադարձել է ԽՍՀՄ, շատերը չէին հավատում, որ կոմպոզիտորին հյուրընկալել է հենց Հռոմի պապը, և կարծում էին, որ դա հորինվածք է։ Սակայն համատեղ լուսանկարը փարատեց բոլոր կասկածները։

Արամ Խաչատրյանը Սոցիալիստական աշխատանքի հերոս էր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ինչպես նաև ունի բազմաթիվ այլ պատվավոր շքանշաններ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել