Shantnews.am-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն – Նորք  Մարաշ վարչական շրջաների ընդհանուր իրավասության դատարանի  նստավայրում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր սկսվեց կաշառք ստանալու համար մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի և փաստաբան Վահագն Դանիելյանի գործով արտագնա դատական նիստը: Հիշեցնենք՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրված՝ 2500 դոլար կաշառք  ստանալու, իսկ փաստաբան Վահագն Դանիելյանին՝ կաշառք  ստանալուն օժանդակելու համար:

2019 թվականի մարտի 27-ին ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են Կոտայքի մարզի դատավոր Գագիկ Հեբոյանը և, որպես օժանդակող, փաստաբան Վահագն Դանիելյանը: Երևան-Սևան մայրուղում Հեբոյանի վարած մեքենան կանգնեցրել են ԱԱԾ աշխատակիցները, խուզարկել և հայտնաբերել 2500 դոլար հատուկ նյութով մշակված գումար:

Ըստ մեղադրանքի՝ Հեբոյանն այդ գումարը ստացել է քաղաքացի Բենիկ Հարությունյանից՝ մոտ 3.5 մլն դրամ պետական տուրքերից վերջինիս  ազատելու  խոստումով:  Կաշառք ստանալուն օժանդակել է փաստաբանը: Նա է ուղղորդել քաղաքացուն գումարը ոչ թե առձեռն տալ, այլ նետել փաստաբանի մեքենայի սրահը: Դատավորի լիազորությունները դադարեցվել են ԲԴԽ որոշմամբ: Երկուսն էլ կալանքի տակ են:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 4 դատավոր ինքնաբացարկ է հայտնել այս  գործով և այն մակագրվել է Տաթևիկ Գրիգորյանին: Հենց առաջին դատական նիստին պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավորին այն հիմնավորմամբ, որ կողմերը պատշաճ ծանուցված չեն եղել մայիսի 27-ի դատական նիստի մասին: Պաշտպան Արմեն Նադիրյանի խոսքով՝ գործը դատաքննության նախապատրաստելիս դատավոր Տաթևիկ Գրիգորյանը Հեբոյանի պաշտպաններին պատշաճ չի ծանուցել նրա խափանման միջոցի գործով մայիսի 27-ին տեղի ունեցած նիստի մասին, պաշտպանների բացակայությամբ նիստ է անցկացրել՝ չնայած Հեբոյանի պնդումներին, որ նիստը հետաձգվի: Իսկ ամբաստանյալ Հեբոյանը իր կամքին հակառակ՝ բռնությամբ է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել դատարան: Ամբաստանյալը ցույց է տվել նաև իր նկատմամբ կիրառված բռնության հետևանքով ստացված վնասվածքները:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ :

Պետական մեղադրողը հրապարակել է մեղադրանքը:

Ըստ այդմ՝ Հեբոյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է 1999 թվականից:

«2019 թվականի մարտի 27-ին Բենիկ Հարությունյանը, իր մոտ ունենալով «Կաշառք տալու-ստանալու նմանակում» օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակում հատուկ քիմիական նյութով մշակված 2500 ԱՄՆ դոլար գումարը, գնացել է հիշյալ փաստաբանական գրասենյակ և հանդիպել է Վահագն Դանիելյանին՝ գումարը նրան փոխանցելու համար: Դատավոր Հեբոյանի հանցավոր արարքին օժանդակող Վահագն Դանիելյանը ևս, խուսափելով գումարն առձեռն վերցնելուց, Բենիկ Հարությունյանին ասել է, որ վերջինս այն պատուհանից  գցի դրսում կայանված անձնական օգտագործման «Լեքսուս» մակնիշի մեքենայի սրահը, ինչը Բենիկ Հարությունյանը կատարել է»:

Երեկոյան  փաստաբանը Կոտայքի մարզի գյուղերից մեկում գումարը տալիս է դատավորին: Երկու ամբաստանյալներն իրենց մեղքը չընդունեցին: Դատավորը պարզաբանեց, որ  նրանք մեղադրվում են առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար  որը նախատեսում է պատիժ՝ 7-12 տարվա ազատազրկում՝ գույքի ամբողջական բռնագանձմամբ կամ առանց դրա:

Ի դեպ, թե  Գագիկ Հեբոյանը, և թե  Վահագն Դանիելյանը հրաժարվեցին տեսանկարահանումից: Դատարանը որոշեց ապացույցների հետազոտման կարգը. նախ՝ կհրապարակվեն քրեական գործի գրավոր ապացույցները, կհետազոտվեն իրեղեն ապացույցները, կհարցաքննեն սկզբում՝ վկաներին, վերջում ՝ ամբաստանյալներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել