Շուրջ 1 ամիս առաջ՝ մայիսի 12-ին, ԱՄԷ-ի ալ-Ֆուջայրա նավահանգստում 4 նավթակիր նավերի հրդեհի միջադեպից հետո, որի հետ կապված ԱՄՆ-ն և նրա տարածաշրջանային դաշնակիցները մեղադրում են Իրանին և նրա հովանավորյալ ուժերին, նախօրեին տեղեկատվություն էր տարածվել արդեն իրանական մի քանի նավահանգիստներում 7 նավերի միտումնավոր հրկիզման վերաբերյալ: Վերջին դեպքերը մի շարք աղբյուրների կողմից ներկայացվել են իբրև սաուդական վրեժ՝ ընդդեմ Իրանի:
Այսօր առավոտյան արդեն տեղեկատվություն է տարածվել Օմանի ծոցում երկու նավթակիր նավերի՝ Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող նորվեգական Front Altair-ի և Պանամայի դրոշի ներքո նավարկող Kokuka Courageous-ի դեմ հարձակման մասին, որոնք համապատասխանաբար բավական պատկառելի ծավալով էմիրաթական և սաուդական նավթ էին տեղափոխում դեպի Ճապոնիա և Սինգապուր:
Այս զարգացումները տեղի են ունենում ամերիկա-իրանական հարաբերությունների աննախադեպ լարվածության և Վաշինգտոնի կողմից Թեհրանի դեմ նավթային էմբարգոյի ամբողջական կիրառման ֆոնին, երբ աշխարհի որևէ պետություն ամերիկյան պատժամիջոցների պատճառով խուսափում է բացահայտ կերպով գնել իրանական նավթը: Իսկ նման պայմաններում նավթային շուկայում առաջացած բացը խոստացել էին փակել հատկապես Սաուդյան Արաբիան և դաշնակից մյուս արաբական երկրները:
Վերոնշյալի համատեքստում վերջին միջադեպն էլ ավելի է սրում քաղաքական, տնտեսական, քարոզչական, հոգեբանական՝ «նյարդերի հակամարտությունը» տարածաշրջանում՝ ստեղծելով պայթյունավտանգ իրավիճակ՝ հղի անկանխատեսելի հետևանքներով:
Իսկ նման պայմաններում բավական բարդ է առարկայական հետևություններ անել իրավիճակը սրող կողմերի վերաբերյալ, քանի որ մի շարք դերակատարների շահերի բազմաշերտ բախման հարցում շատ մեծ է սադրանքների կիրառման հավանականությունը:
Ուշագրավ է նաև, որ նոր սրացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Իրանում է գտնվում Ճապոնիայի վարչապետը, որի այցի հետ լուրջ հույսեր էին կապվում ամերիկա-իրանական լարվածության թուլացման առումով: