Կարդում ես ադամանդագործ Աշոտ Սուքիասյանի դեմ հարուցված քրեական գործի մանրամասները ու ապշում ես, թե ինչ մասշտաբի ու միևնույն ժամանակ՝ ինչ տրիվիալ մեխանիզմներով իրականացվող մախինացիաներ են անում էս մի թիքա Հայաստանում:
Հատկապես հետաքրքրական է Փայլակ Հայրապետյանի հարցազրույցի մի դրվագը, որտեղ նա պատմում է, թե ինչպես եղավ, որ ինքը իր ողջ անշարժ գույքը գրավադրեց, որպեսզի Կճոյանի սանիկին 10 միլիոն դոլար փող տա.
«2009-ին էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ հանդիպում-խորհրդակցություն է կազմակերպվում 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որին ներկա է եղել նաեւ ինքը։ Հանդիպման հիմքում եղել է Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեն աշխատել։ Խորհրդակցությանը ներկա են եղել նաեւ վարչապետը։ «Այդ օրը գործարարներից Աշոտ Սուքիասյանը, ով «Ձորագյուղ» ԱԿ նախագահն էր, ներկա գործարարներին հավաստիացրեց, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից մինչեւ 30 տոկոս ավելի էժան եւ ավելի բարձր որակի ապրանք առաջարկել, քանի որ ինքն Աֆրիկայում՝ Սիերա Լեոնե պետությունում, ոսկու եւ ադամանդի հանքեր ունի։ Ավելին` Սուքիասյանը ծրարով բերեց իր ապրանքը՝ 370 կարատ ադամանդի հումքը, եւ գործարարները հավանություն տվեցին: Բայց գործը սկսելու համար Սուքիասյանը 12 միլիոն դոլար ներդրում պահանջեց՝ սարքավորումներ, մեքենաներ գնելու համար: Ես, լինելով բոլորից ավելի տարիքով եւ լինելով հայրենասեր, առաջարկեցի գրավադրել իմ ունեցվածքը»,– մանրամասնել էր Փայլակ Հայրապետյանը եւ ավելացրել, որ համաձայնության գալուց հետո գրավադրում է 33 միլիոն դոլարի արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկ»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլարը տալիս Սուքիասյանին: Ընթացքում նա վերցված գումարներով ո՛չ աշխատանք է իրականացրել, ո՛չ գումարն է վերադարձրել: Դատական գործ է սկսվել, որի ընթացքում Հայրապետյանները կորցրել է իրենց ընտանիքին պատկանող «Հայաստան» հանրախանութի մի մասը»:
Սակայն եկեք մի պահ կտրվենք Փայլակ Հայրապետյանի գործից ու կրկին անգամ ուշադրություն դարձնենք այս տողին. «100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով»:
Հարց. լավ, ասենք Հայրապետյանին 10 միլիոնով քցեցին, ու էդ 10 միլիոնը ոնց որ թե նույն այն 10 միլիոնն է, որ երևաց Կիպրոսյան օֆշորներում՝ Սուքիասյանի, Կճոյանի ու վարչապետի անունների ներքո, բա էդ 100 միլիոնի ադամանդի հումքն ի՞նչ եղավ, որ Ռուսաստանը տվեց, ո՞ւմ միջև բաշխվեց, ո՞ւր գնացին այդ հումքի վերամշակումից ստացված ադամանդները/դրանց վաճառքից գոյացած միջոցները...
Այնպիսի տպավորություն է, որ Հայրապետյանի 10 միլիոնը միայն այսբերգի երևացող հատվածն է, իսկ ջրի տակ են մնում տասնյակ ու հարյուրավոր միլիոն դոլարներ, որոնք նույն կացնային եղանակներով պարզապես մսխվել են, իսկ այդ փողերը վերադարձնելու բեռը մեր ուսերի վրա է մնացել...
Հենց դրա համար էլ ընթացք չեն տալիս այդ պատմությանը, որովհետև ռուսական 500 միլիոնանոց չարաբաստիկ վարկը մսխելու մանրամասները եթե բացահայտվեն, կարող է այնպիսի բողոքի ալիք բարձրանա, որ համակարգի հիմքերը խարխլվեն...
Կից նյութը` այստեղ