Armenpress.am-ը գրում է.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Արթուր Հովհաննիսյանին պատգամավորական մանդատ տալու մասին արձանագրություն է կազմել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԿԸՀ-ն արձանագրությունը կազմել է հունիսի 10-ին կայացած նիստի ընթացքում: 
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը,  հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի` հունիսի 7-ի «Ազգային Ժողովի պատգամվոր Նարինե Խաչատուրյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմել է արձանագրություն, ըստ որի՝ Ազգային Ժողովի «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվում է նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արթուր Հովհաննիսյանին»,- ասված է ԿԸՀ տարածած հաղորդագրության մեջ:
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել մայիսի 31-ին: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 7-ին  ստորագրել էր ԱԺ պատգամավոր Նարինե Խաչատուրյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին համապատասխան արձանագրությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել