16:38

«Ոստիկանությունը ձեռնաշղթաներով ու կոպիտ ձևով է ձերբակալել Արթուր Դանիելյանին, ընդ որում՝ «Ադեկվատ» ՀԿ-ի գրասենյակ են մոտեցել առանց որևէ օրդերի»։ Այսօր ոստիկանության Կենտրոնականի բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ադեկվատ» ՀԿ-ի անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը։

«Մենք առայժմ տեղեկություններ չունենք, թե ինչ է կատարվում ոստիկանության ներսում։ Վստահ ենք, որ սա քաղաքական հետապնդում է, և Նիկոլ Փաշինյանի բեմադրած քաղաքական կրկեսի հերթական ներկայացնումն է, որովհետև մենք տեսել ենք լրիվ համարժեքը, օրինակ՝ Ջիվան Ավետիսյանի կողմից, բայց նրան ոչ մեկ ձեռնաշղթաներով չէր ձերբակալվել, նրան պարզապես հրավիրել էին ոստիկանություն և բաց էին թողել»,- նշեց Կոնստանտին Տեր-Նակալյանը:

16:27

Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը «Ադեկվատ» ՀԿ-ի ղեկավար Արթուր Դանիելյանի ձերբակալությունը համարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սևազգեստների հետ կապված հայտարարության շարունակությունը։

«Զարմանալի է՝ այն, ինչ կարելի է Կեսարին, սովորական մահկանացուին չի կարելի, այն, ինչ կարելի է իշխանամետ անձանց, իրենց ակտիվիստներին, պաշտոնյաներին, սովորական ընդդիմադիր քաղաքացիներին, այլախոհներին չի կարելի»,- ոստիկանության մոտ ասաց Մելքոնյանը։

Նրա հիշեցրեց, որ Փաշինյանին սատարող ակտիվիստները հայտարարել էին, որ պետք է քարով ջարդել Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը, իսկ ակտիվիստ Վարդգես Գասպարին ոստիկաններին ստրուկ ու լակոտ է անվանում։

16:20

«Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ քաղաքական հետապնդումներ չեն լինելու, իսկ Արթուր Դանիելյանը հայտնի է որպես քաղաքական առաջնորդ, կուսակցության առաջնորդ և որպես բլոգեր: Եթե սա քաղաքական հետապնդում չէ, ապա մամուլի դեմ է»։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի դիմաց լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

16:15

ՎԵՏՕ շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանին ամենևին չի զարմացնում «Ադեկվադ» ՀԿ-ի ղեկավար Արթուր Դանիելյանի ձերբակալումը։ Նա ոստիկանության կենտրոնի բաժանմունքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց, որ թե՛ իր, թե՛ Արթուր Դանիելյանի համար կանխատեսելի էր այս իրավիճակը։

«Սա իշխանությունների կողմից Աբովյան քաղաքում խայտառակ ընտրությունների պատասխանն է, որն ինձ հիշեցնում է հոգեվարքի մեջ գտնվող մարդու ինչ-որ ջղաձգումներ՝ զուրկ որևէ տրամաբանությունից»,- ասաց նա։

Մալյանի համար գաղտնիք չէ, որ երկրում որևէ խնդիր առաջանալու պարագայում նոր իշխանությունները նախընտրում են մարդկանց «պառկեցնել ասֆալտին»։

«Աբովյանում Նիկոլ Փաշինյանը խայտառակ պարտություն կրեց: Հենց Նիկոլ Փաշինյանը պարտություն կրեց,  որովհետև անձամբ էր այդ անհայտ թեկնածուի քարոզարշավն անում և հիմա այդ խայտառակությունը կոծկելու համար ջղաձգումների ու ռեպրեսիոն մեխանիզմներ է կիրառվում»,- շարունակեց Նարեկ Մալյանը։

Նարեկ Մալյանը նշեց, որ կապ է հաստատել Արթուր Դանիելյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ, որը փոքր-ինչ պարզաբանել է իրավիճակը։

«Կարծում եմ՝ լավ կհիշեք, որ երբ Նիկոլ Փաշինյանի աջակիցների խումբը ցույց է կազմակերպել Ազատության հրապարակում, հնչեցին բռնության կոչեր Արցախի նախագահ Բակո Սահակյանի նկատմամբ, և ցուցարարներից մեկը հայտարարեց, որ ժամանակն է եկել «քարով ցխելու Արցախի նախագահի գլուխը»։ Երեկ Արթուր Դանիելյանն ուղիղ եթերով խոսել էր և ասել, որ նման կոչերն անընդունելի են և քաղաքականության հետ կապ չունեն, ինչքանո՞վ ճիշտ կլինի, որ իրենք էլ իրենց համակիրներին կոչ անեն ցխել Նիկոլ Փաշինյանի գլուխը։ Ըստ էության՝ այս հայտարարությունը բռնության կոչ չէ, այլ բռնության կոչին դեմ է»,- ընդգծեց Նարեկ Մալյանը։

15:12

Քիչ առաջ 6 ոստիկան ներխուժել է «Ադեկվադ» ՀԿ-ի գրասենյակ և ձերբակալել ղեկավար Արթուր Դանիելյանին: Այս մասին Tert.am-ին հայտնեց «Ադեկվադ» ՀԿ անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը:

«Առանց ինչ-որ թուղթ ցույց տալու, առանց թույլտվություն ստանալու, ձերբակալել են Արթուր Դանիելյանին, ձեռնաշղթաներով տարել են»,- նշեց նա:

Կոնստանտին Տեր-Նակալյանի տեղեկացմամբ՝ Արթուր Դանիելյանին ձերբակալել են Նիկոլ Փաշինյանին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու սպառնալիքներ անելու համար:

«Միայն Արթուր Դանիելյանին են ձերբակալել: Երեկվա ասուլիսին հնչեցրած մտքի համար, որ եթե այսպես շարունակի, մի օր էլ ստիպված լինենք կոչ անենք, որ Նիկոլ Փաշինյանի գլուխը ցխեն»,- ասաց նա:

Tert.am-ն ուղիղ հեռարձակում է ապահովում ոստիկանության Կենտրոնի բաժանմունքից, որտեղ տարվել է Արթուր Դանիելյանը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել