«Էս գրել ես, յանիմ ի՞նչ», «ha inc?», «ապուշություն», «parap eq? mnatsel, vor senc himmarutyunner ek grum»... հիմնականում գողացված ստատուսների ու պոստերի տակ ամենահաճախ հանդիպող էս մեկնաբանությունները ծանո՞թ են։
Սպառող հասարակությունը ամեն գրած, հրատարակած գիր համեմատում է իր ակնկալիքների հետ, համարում է իր սպառմանն ուղղված ապրանք։ Իսկ սպառմանն ուղղված ապրանքը, ինչպես սովորեցրել են մեծն Ադամ Ադամովիչ Սմիթը (բա մարդ է՞լ տղուն իր անունով կոչի) ու յուր համախոհները, պետք է բավարարի սպառողների պահանջներին։ Պետք է, բայց հաճախ չի բավարարում։ Որովհետև գրողը գրել է իր ու իր մտածելակերպն ունեցող, ԻՐ տարածքը մտնող ԻՐ ընթերցողի, ամեն առավոտ ընկերաժապավենը կարդացող ԻՐ կամրադի համար, իսկ գրածը հայտնվել է առևտրային նպատակներ հետապնդող մի որևէ լրատվականի պատին։ Իսկ էդ պատը կարդացող ընթերցողը ակնկալում է, որ պատին գրվածը իրականում ԻՐ համար է, հարիր ԻՐ արժեքային համակարգին, ԻՐ մտածելակերպին... Դու քո ընկերանց համար գրում ես, խալխը տանում է, սարքում փեշակ։ Ու էդ գրածդ շատ դեպքերում փեշակավորին հարիր չի. ավելի լավը կամ ավելի վատը չի, ուղղակի ուրիշ է։ Դուրս է գալիս, որ դու, հարգելի բլոգեր, քո ԳՈՐԾԸ լավ չես անում։ Լավ չես գրել, լավ չես վերլուծել, լավ չես արտահայտել էսինչ խմբի կամ էնինչ խմբավորման տեսակետը։ Քեզանից, հարգելի բլոգեր, հասարակությունը հիսաթափված է... Հետևաբար սրտնեղում և ուշունց է տալիս էդ տրանսլիտասեր հասարակությունը։ Գնա՛, աշխատի՛ր քո վրա, հարգելի բլոգեր, ավելի լա՛վ գրի, ավելի լա՛վ համապատասխանեցրու գրածներդ չեմմանումորտեղից բուսնած սլաք-մլաքների համար։ Որ ընթերցողդ գոհ մնա, ու, համապատասխանաբար, գրի «dzzzec», «ааааааааааааа», «халал а, ахперс»...
***
Առաջին անգամ համակարգիչ տեսա համալսարանում։ Նորտոն Քոմմանդեր, Քլիպպեր ծրագրավորման լեզու... հրաշք թվաց էդ ամենը։ Հետո, առաջին աշխատավայրում առաջին անգամ Վինդոուզ ու Մաքինթոշ տեսա։ Շշմեցուցիչ էր... Հետո, ավելի ուշ, եկավ նորին մեծություն ինտերնետը՝ իր կրիայի արագությամբ, բայց անսահման մեծ հնարավորություններով։ Շատ շուտով հասկացա, որ խուժանական նկարներից, ցանցառ խաղերից ու շուլուխներից անդին մի ահռելի հնարավորությունների շտեմարան է սա. համաշխարհային մտքի շտեմարան, հաղորդակցության՝ համարյա թե կատարյալ միջոց։ Շատերի նման ես էլ անմիջապես վերածվեցի ինտերնետային պարազիտի՝ ախր ամեն ինչ տոննաներով, ավելի ճիշտ՝ տերաբայթներով լցված է, ձրի... Վերցրու, բանացրու, դեն նետիր։
Նոր Ադոբի փաթե՞թն է պետք, խնդրեմ... էքսելում անլուծելի խնդի՞ր կա, համեցեք... Համակարգչի էսինչ զրթիկը էնինչ անցքն ես խոթել առանց հասկանալու ու էկրանի լազուրին ճերմակ ուշունցնե՞ր են հայտնվել, հոգ չէ... Քեզնից առաջ ուրիշ մարդիկ էդ զրթիկներից էլի նույն անցքերն են խոթել, նույն անհասկանալի ուշունցները ստացել ու հետո հասկացել՝ ինչն ինչոցն է. լուծում են տվել։ Ու, ի տարբերություն քեզ, չեն ալարել, նստել, հետագա դանդալոշների համար հանգամանալից նկարագրել են խնդիրն էլ, լուծումն էլ... Որ իմ ու քո պես պարազիտներն օգտվեն, սիրելի էս տողերը կարդացող կամրադ կամ ընթերցող։
Ու էստեղ էր, որ որոշեցի մի լումա էլ ինքս փորձեմ էդ շտեմարանում ավելացնել։ Ախր էտենց լուծումներ որի՞ս կյանքում հաճախակի չեն լինում. մի մակրոս է պետք եկել, գրել ես, արդեն պատրաստ է. դի՛ր, թող օգտվեն։ Մի հնարք ես գտել, կիսվի՛ր... Սա էր, թերևս, բլոգ պահելու առաջնային մղումը՝ «ոչ թե ուրագի պես, այլ սղոցի պես» պայմանական նշանաբանով։
Բայց էդ բլոգերական առաջին փորձին զուգահեռ եկավ մի նոր բացահայտում. էստեղ էր, որ հասկացա՝ համաշխարհային էդ ահռելի շտեմարանին զոհաբերությունները միայն տեխնիկական զրթիկները չեն։ Իմ նոր՝ վիրտուալ ընկերների շարքերում անհատականություններ կային, որ օր էին ստեղծում, օր էին լցնում։ Երբ փակ էին լրատվականներն, ու երբ միակողմանի էր ողջ տեղեկատվությունը, հին աքսակալ բլոգերներից էի ստանում այլընտրանքային տեղեկությունները։ Հետո, դրանցից անդին, բացահայտեցի մյուս աքսակալների՝ արդեն զգացմունքային տիրույթները։ Վիրտուալ տարածքը վերածվել էր մի փոքրիկ, վիրտուալ խոհանոցի՝ առավոտյան բարև-բարլուսներով, քեֆ-հալերով... ամեն մեկն՝ իր ուրույն ու անկրկնելի ոճով։ Ես էլ էի ուզում բրդվել էդ մտերմիկ առօրյան...
Իսկ հետո եկավ Ֆեյսբուքի դարաշրջանը՝ պաշարը փոխարինելով հոսքով ու իր հետ բերելով քաղաքականությունն ու ընթերցողների՝ գնալով ահագնացող քանակը, բոտերին ու ֆեյքերին, գրառումների որսորդներին ու սկանդալի քուրմերին։ Էս հորձանուտն իր մեջ ներառեց շատերիս (սրա վերջածանցը հպարտությամբ եմ ավելացնում, քանի որ ինձ էլ սկսել էի, չգիտեմ հիմնավորված, թե անիհմն՝ էն փակ ակումբի մասնիկը համարել)։
Հետո բլոգերներից շատերը, հոգնած ու հիասթափված էդ ամենից, սկսեցին վերադառնալ իրենց բնօրրանը։ Էլի գրել հույզերի ու զգացմունքների մասին, վերլուծել, քննարկել՝ ամեն մեկն իր ոճով ու իր համուհոտով։ Բայց Ֆեյսբուքի դարաշրջանին հատուկ մուննաթը մնաց...
«Es grel es yanim inch??...»