Լոնդոնի Heathrow օդանավակայանի ուղևորները շուտով ստիպված չեն լինի զննումն իրականացնելիս իրենց պայուսակներից հանել նոութբուքներն ու հեղուկով տարաները:

Օդանավակայանը 50 միլիոն ֆունտ ստեռլինգի ներդրում է կատարել համակարգչային տոմոգրաֆիայի տեխնոլոգիայով նոր սերնդի սկաներների ձեռքբերման համար, որոնք նախատեսվում են տեղադրել օդային նավահանգստում: Սարքավորումները, որոնք հիվանդանոցների ՄՌՏ սկաներներ են հիշեցնում, վայրկենապես կտրամադրեն ուղևորի պայուսակի պարունակության հստակ պատկերը: Օդանավակայանի անվտանգության աշխատակիցը կկարողանա մանրամասն դիտել և ուսումնասիրել յուրաքանչյուր առարկան և դրա պարունակությունը 3D պատկերով՝ անհրաժեշտության դեպքում այն տարբեր կողմեր թեքելով: «Այս առաջադեմ սարքավորումները ոչ միայն կապահովեն օդանավակայանի անվտանգությունը նորագույն տեխնոլոգիաներով, այլև հնարավորություն կտան մեր ապագա ուղևորներին ավելի քիչ ժամանակ ծախսելու զննման վրա»,- բացատրել է Heathrow օդանավակայանի գործադիր տնօրեն Քրիս Գարթոնը:

Նմանատիպ զննման տեխնոլոգիաներ արդեն սկսել են օգտագործել Միացյալ Նահանգներում՝ Ատլանտայի և Չիկագոյի օդանավակայաններում: ԱՄՆ տրանսպորտային անվտանգության վարչությունը նախատեսում է մինչև 2020 թ.-ը 300 նման սկաներներ տեղադրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել