Artsakhpress.am-ը գրում է.
Այսօր Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքից ահազանգ է եղել, որ Սամվել Բաբայանի Քաշաթաղի գրասենյակի պատասխանատուները ծեծի են ենթարկել համայնքի ղեկավար Էդուարդ Զաքարյանին:
«Արցախպրես» լրատվական գործակալությունն ահազանգի հետքերով մեկնել էր Բերձոր, որտեղ հանդիպել է դեպքի առթիվ ոստիկանության բաժանմունք ներկայացած Վակունիս համայնքի ղեկավարին: Վերջինս մեզ հետ զրույցում ասել է, որ վեճն առաջացել է այն բանից հետո, երբ Սամվել Բաբայանի Քաշաթաղի գրասենյակի անդամները համաձայնության չեն եկել ստորագրահավաքը սահմանված տեղում իրականացնելու շուրջ:
«Հենց այդ ժամանակ էլ ծագել է վեճը: Այնուհետև հայհոյանքներ են հնչել իմ հասցեին և շանտաժային արտահայտություններ` ինձ երկրից վտարելու բովանդակությամբ»,- ավելացրել է Է. Զաքարյանը:
Սամվել Բաբայանի Քաշաթաղի գրասենյակում մենք հանդիպեցինք նաև, ըստ համայնքի ղեկավարի, ծեծկռտուքի մասնակից Կարեն Սահակյանի հետ, ով նշեց, որ իրենք ոչ ոքի ծեծի չեն ենթարկել: Նա մանրամասներ չհայտնեց դեպքի կապակցությամբ` տեղեկացնելով, որ թեմայի շուրջ իրենք հանդես կգան հայտարարությամբ:
Հարցի կապակցությամբ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը մեզ հետ զրույցում ասել է, որ երևույթն արատավոր է: Նա դատապարտել է ծեծի մասնակիցներին, որոնք խոչընդոտել են համայնքի ղեկավարի պարտականությունները օրենքով սահմանված կարգով կատարելու գործին:
«Ստորագրահավաքի համար, ըստ սահմանված կարգի, պետք է հատկացվի տարածք: Մի շարք գյուղերում ենթակառուցվածքները այդքան էլ բարվոք վիճակում չեն: Հենց այդ պատճառով որոշ տեղերում այդ շինությունները չկան, և հատկացվում են հատուկ սենյակներ»,- ասել է Ս. Սարգսյանը:
Նշենք, որ սույն գործով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նյութի աղբյուր՝ https://artsakhpress.am/arm/news/107979/inchu-en-tsetsel-vakunis-hamaynqi-xekavarin-tesanyut.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել