Yerkir.am-ը գրում է.

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Թուրքիայում անցկացված ակցիաները` կապված ղրիմյան թաթարների աքսորման 75-ամյակի և Կովկասյան պատերազմի ավարտի 150-ամյակի հետ:

«Ցանկանում եմ հիշեցնել, որ մայիսին Թուրքիայում կայացել են մի շարք ակցիաներ վերոհիշյալ թեմաների կապակցությամբ: Մենք ցավով ենք նշում, որ այդ ակցիաների մեծ մասը, որոնք անցկացվել են նաև Թուրքիայի մունիցիպիալ իշխանությունների անմիջական աջակցությամբ, ունեցել են քաղաքականացված, բացահայտ հակառուսական բնույթ: Ակնհայտ է, որ դա չի նպաստում հարաբերությունների հետագա զարգացմանը»,- նշել նա։

Ըստ Զախարովայի` բացարձակապես համատեղելի չէ Անկարայի կողմից հակառուսական արշավի թողտվությունը նրա` այլ պատմական իրադարձությունների հարցում մոտեցման հետ:

«Մենք կոչ ենք անում Թուրքիայի հասարակական-քաղաքական շրջանակներին,  Թուրքիայի տարածքում բնակվող ժողովուրդներին, որոնք բարեկամական կապեր ունեն ՌԴ-ի հետ, օբյեկտիվություն ցուցաբերել 19-րդ և 20-րդ դարերի բարդ պատմական իրադարձությունների քննարկման ժամանակ, որոնք մասնագիտական ուսումնասիրության կարիք ունեն»,- նշել է նա` հավելելով, որ նման պատմական դեպքերը չպետք է ծառայեն մեկ օրվա քաղաքական կոնյունկտուրային:

Զախարովան դիմել է նաև Թուրքիայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին, որոնք աչքի են ընկել սոցցանցերում գրառումներով, և խորհուրդ  տվել կենտրոնանալ սեփական պատմության ուսումնասիրության վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել