Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունիսի 4-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկում դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված փողոցի 220 տան բնակիչ, 40-ամյա Վահան Գալստյանն էր:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտաբերվել, սակայն ոստիկաններն ու քննիչները ունեն օպերատիվ տեղեկություններ, որ մինչև մահանալը նրա և մեկ այլ անձի միջև (նախաքննության շահերից ելնելով, այս պահին այդ անձի ինքնությունը չենք հրապարակում) վիճաբանություն է տեղի ունեցել:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տան ներսում և դարպասի մոտ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր:

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել