Արյան ճնշումը` արյան զանգվածի ճնշումն է զարկերակների պատերի վրա: Արյան ճնշումը չափվում է երկու թվերով, որոնք սովորաբար բաժանվում են գծիկով (օրինակ՝ 120/80): Առաջին թիվը կոչվում է մաքսիմալ (սիստոլիկ) արյան ճնշում, կապված սրտի սիստոլայի (կծկման) հետ, երբ սիրտը արյունը մղում է դեպի աորտա (սրտից դուրս եկող գլխավոր անոթը): Երկրորդ թիվը կոչվում է մինիմալ (դիաստոլիկ) արյան ճնշում: Դա այն ճնշումն է, որի ժամանակ սիրտը նորից լցվում է արյունով՝ կծկումների միջև ընկած հանգստի պահին: Մինչև 120/80 մմ սնդիկի սյան արյան ճնշումը համարվում է նորմալ: Բարձր արյան ճնշում է համարվում 140/90 և դրանից բարձր ցուցանիշները:
Որո՞նք են արյան ճնշման բարձրացման (հիպերտոնիկ հիվանդության) պատճառները.
. ժառանգականությունը
. ճարպակալումը
. սննդի մեջ աղի չարաշահումը
. ալկոհոլի չարաշահումը
. ծխախոտի օգտագործումը
. սթրեսները
. երիկամային հիվանդությունները
. տարիքը
. նստակյաց ապրելակերպը:
Հիպերտոնիկ հիվանդության ախտորոշման միակ միջոցը արյան ճնշման չափումն է, եթե արյան ճնշումը բարձր է, ապա կարող եք ունենալ հետևյալ ախտանշանները.
. տարբեր տեղակայման և ուժգնության գլխացավեր
.ծոծրակի շրջանում տեղակայված ցավեր, որը հատկապես արտահայտված է լինում առավոտյան ժամերին և կարող է ուղեկցել սրտխառնոցով
. գլխապտույտ
. ականջներում և գլխում խշշոցի ու աղմուկի զգացում
. աչքերի առաջ թրթռոց
. ցավեր սրտի շրջանում
. սրտխփոց, հևոց
. դյուրագրգռություն, անքնություն
Ինչպե՞ս կանխել հիպերտոնիկ հիվանդությունը և բարդությունների առաջացումը.
Ժամանակին բուժօգնության դիմելը և բժշկի խորհուրդներին հետևելը մեծապես կօգնի կանխել հիվանդության հետ կապված հետագա բարդությունները:
Եթե արդեն ախտորոշվել է հիպերտոնիկ հիվանդություն, ապա աշխատեք մշտական վերահսկողության տակ պահել արյան ճնշումը (պարբերաբար չափել), քանի որ այն կարող է բարձր լինել առանց որևէ ախտանշանի առկայության:
Սահմանապակել և հնարավորինս նվազեցնել սննդի մեջ օգտագործվող աղի քանակը:
Հետևել քաշին՝ ուշադրություն դարձնել ընդունած սննդի քանակին և կանոնավոր կատարել ֆիզիկական վարժություններ:
Դադարեցնել ծխելը և խուսափել ալկոհոլի չարաշահումից:
Լինել ֆիզիկապես ակտիվ. 1-ժամյա ղբոսանքը ամեն օր կնպաստի ձեր արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցմանը: Կանոնավոր վարժանքները կնպաստեն նաև դիմակայելու սթրեսները, բարելավելու սրտի, թոքերի և մկանների աշխատանքը:
Վերանայել սննդակարգը. ավելացնել մրգերի, բանջարեղենների քանակը՝ պակասեցնելով կենդանական ճարպ պարունակող սննդատեսակները (ճարպոտ միս, բարձր յուղայնությամբ կաթնամթերք, կարագ, յուղ):
Եթե, չնայած ապրելակերպի փոփոխությանը, զարկերակային ճնշումը մնում է բարձր, ապա անհրաժեշտ է բժշկի կողմից նշանակված դեղորայքային բուժում: Հետևողական բուժմամբ կարելի է կասեցնել հնարավոր բարդությունները:
Եղեք առողջ:)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/janna.hakobyan.7/posts/407269412720118
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել