«Հանգստացրեք ձեր երեխային». բոլոր մայրերն էլ գեթ մեկ անգամ բախվում են անծանոթների կողմից հնչող այս պահանջին. չէ՞ որ դրսում իրեն վատ պահող երեխան անհանգստություն և խնդիրներ է ստեղծում։ Եվ այդ ժամանակ մայրը, ճնշվելով շրջապատի կարծիքներից և մեղադրանքներից, հաճախ սխալ քայլերի է դիմում երեխայի դաստիարակության հարցում։
1․ Սովորեցնել լռությանը
Հաճախ երեխաները գոռալով արտահայտում են իրենց հույզերը՝ ուրախությունից մինչև դժգոհություն, այդ պատճառով փորձեք սովորեցնել երեխային ցածրաձայն խոսել։ Եվ նրա պահանջներին այն ժամանակ արձագանքեք, երբ նա ցածրաձայն և հանգիստ կրկնի իր ասելիքը։
2. Սոցիալականացրեք
Երեխան կարող է աղմկել և գոռալ, քանի որ սովոր է տան մթնոլորտին և քիչ է եղել հասարակական վայրերում ու դեռ չի գիտակցում, որ աշխարհում, իրենից բացի, էլի մարդիկ կան։ Այնպես արեք, որ երեխան հաճախ լինի մանկական խաղահրապարակներում, սրճարաններում, այս կամ այն հասարակական վայրում։ Բացատրեք նրան, թե ինչպես պետք է իրեն պահի դրսում։
3. Նորը ուսումնասիրելու հնարավորություն տվեք
Երեխաները հետաքրքրասեր են և, հայտնվելով իրենց համար անծանոթ միջավայրում, օրինակ՝ գնացքում կամ ինքնաթիռում, փորձում են ուսումնասիրել նոր միջավայրը։ Թույլ տվեք, որ նա ուսումնասիրի սրահը, իհարկե, ձեր հսկողության տակ։
4. Գործունեության փոփոխություն
Շատ երեխաներ չեն կարողանում երկար ժամանակ միևնույն բանով զբաղվել։ Աշխատեք ձեռքի տակ ունենալ տարբեր տեսակի զբաղմունքներ՝ գրքեր, մատիտներ, կոնստրուկտոր և այլն։ Բաց մի թողեք հնարավորությունը երեխային ինչ-որ նոր բան սովորեցնելու, եթե, օրինակ, ճամփորդում եք, պատմելով այն վայրի մասին, որտեղ գտնվում եք, կամ այն մարդկանց մասին, ովքեր ձեզ ընկերակցում են։
5. Հարցեր տվեք և բացատրեք ձեր դիրքորոշումը
Չհիմնավորված պատիժը կամ կատեգորիկ մերժումը կարող են միայն վիրավորանք բերել իրենց հետ։ Դրա համար հանգիստ և հասկանալի բացատրեք ձեր դիրքորոշումը կամ հարցեր տվեք նրան՝ պարզելու համար, թե ինչը դուր չի գալիս իրեն, որպեսզի ընդհանուր հայտարարի գաք։
6. Մի մոռացեք ձեր երեխայի մասին
Աղմկոտ վարքը կարող է ոչ այլ ինչ լինել, քան իր վրա ուշադրություն դարձնելու միջոց։ Երեխային ժամանակ հատկացրեք, որքան էլ որ զբաղված լինեք, ձեր ժամանակից թեկուզ հինգ րոպեն կարող է կանխել երեխայի լացն ու աղմուկը։
Դե իսկ եթե ուրիշ երեխայի սկանդալի պատահական վկան եք դարձել, միշտ հիշեք հին ճշմարտությունը. մեղադրելը միշտ ավելի հեշտ է, քան օգնելը, այնպես որ, զսպվածություն պահպանեք, և եթե հնարավոր է, ձեր օգնությունն առաջարկեք։