Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել հայկական սպորտում: Թվում է, թե մինչև վերջերս այն ամբողջովին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձեռքերում էր, սակայն այժմ սխալված կլինենք, եթե այդպիսի բան ասենք: Լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի` Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակվելուց հետո պատկերը փոխվել է: Ի դեպ, այդ գերատեսչությունը նախարարություն է կոչվել միայն այն պատճառով, որ այն ժամանակ իշխանության մաս կազմող, քաղաքական կոալիցիայի ներկայացուցիչ ԲՀԿ-ն մեծ թվով նախարարական պորտֆելներ ունենար: Թերևս այդ է պատճառը, որ երբ նախարարությունը գլխավորեց մինչև այդ Հայաստանի նախագահի խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Վարդանյանը, Ծառուկյանը խոստովանեց, թե ամենևին էլ պարտադիր չէ, որ այդ գերատեսչությունը նախարարության կարգավիճակ ունենա: Հետաքրքիր էր, թե ինչ կարող էր փոխվել նոր նշանակումից հետո, առավել ևս, որ Վարդանյանն անսպասելիորեն պարզել էր, որ հնարավոր է` Ծառուկյանը 3-րդ հարկում գտնվող իր առանձնասենյակից տարվա ընթացքում օգտվի մեկ անգամ, ուստի հանել էր ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկայնի անունով ցուցանակը, որպեսզի այդ տարածքը դարձնի խորհրդակցությունների սենյակ: Բայց, ի զարմանս շատերի, օրեր անց ցուցանակը կրկին հայտնվեց նույն տեղում: Ընդ որում, երբ դրանից առաջ փորձել էին ցուցանակը վերականգնել ՀԱՕԿ-ի ներկայացուցիչները, նրանց արգելել էին: Թե ինչ է կատարվել իրականում, դժվար է ասել: Խոսակցություններ կան, որ Վարդանյանը և Ծառուկյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի միջնորդությամբ ընդհանուր հայտարարի են եկել և պարտավորվել ընդհանուր ոլորտում խաղաղ գոյակցել: Եվ բավարարվել են նրանով, որ զբաղեցրած պաշտոններն ազատեն, այսպես ասած, քավության նոխազի վիճակում հայտնվեն ԲՀԿ-ի ներկայացուցիչներ, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը և նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը: Ընդ որում, վերջինս սկզբում համաձայնվել է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել, սակայն հետո հետ էր կանգնել այդ քայլից` փորձելով սրել իրավիճակը, աղմուկ բարձրացնել: Եվ որպեսզի դրա հետքը կորչի, սողոմոնյան վճիռ են կայացրել. պարզապես Էլոյանին տեղափոխել են այլ աշխատանքի` նրան վստահելով նախարարի խորհրդականի պաշտոնը: Թե ինչպես կարող է աշխատել նա այդ դերում այդքան իրարանցումից հետո, ինչքանով է նրան այդ գործը հոգեհարազատ, պարզ չէ: Ակնհայտ է մի բան, որ Վարդանյանի համար հեշտ չի լինելու, քանի որ նա ղեկավարի աշխատանքի փորձի պակաս ունի, առավել ևս, որ նա իր որոշումներում փոփոխամիտ է: Բացի այդ, նախարարը ստիպված է լինելու սպորտի հովանավորության նոր աղբյուրներ գտնել: Դժվար թե Ծառուկյանը ոգևորությամբ լուծի առաջացող ֆինանսական խնդիրները: Գաղտնիք չէ, որ նախկինում նա էր հովանավորներ գտնում տարբեր մարզաձևերի կարիքները հոգալու համար և, որպես կանոն, այդ հարուստներին կարգում տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների նախագահ: Իսկ առաջին քայլը, որը Վարդանյանը կատարել է, այն է, որ «Ղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին պարգևատրել է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալով` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում դրսևորած բացառիկ ծառայությունների համար: Թե ովքեր են շարունակելու հայրենական սպորտին «բացառիկ» ծառայություններ մատուցել, կբացահայտվի շատ շուտով: Հազիվ թե Վարդանյանն առանց աջակցողների մնա: Իսկ որ Ծառուկյանի համար այլևս սպորտը մենաշնորհային չի լինելու, հետևաբար և տարբեր հարցեր լուծելու լծակ, նաև` ընտրապայքարի ժամանակ, ակնհայտ է: Թերևս, նախարարի պաշտոնում ԲՀԿ-ի ներկայացուցչի փոխարեն նոր մարդու նշանակելու հիմնական շարժառիթն այն է, որ հաշվեկշիռը վերականգնվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել