Ինչպես գիտեք, «Գահերի խաղը» ստեղծելու ժամանակ Ջորջ Մարտինը ոգեշնչվել է Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմից, որը 15-րդ դարում Անգլիան բաժանեց երկու մասի։ Ստեղծագործության մեջ կերպարների մեծ մասը հիշեցնում են այդ ժամանակաշրջանում գործող տեղացի արիստոկրատներին։ Օրինակ՝ 1483 թվականին Ռիչարդ Յորքեցին իր եղբոր՝ Էդվարդ 6-րդի մահից հետո, իր զարմիկների՝ գահին բազմելու իրավունքը հայտարարեց անօրինական և փորձեց գրավել գահը։ Նման կերպ է վարվել նաև Սթանիս Բարատեոնը, սակայն որոշ կերպարների իրական նախատիպերն ապրել են այլ երկրներում և այլ դարաշրջաններում, որոնց մասին էլ կփորձենք պատմել։

Վիզերիս, նախատիպը՝ Մարկոս Կրասոս

Ստեղծագործության մեջ: Նրա հայրը և եղբայրները մահացել են, նա ստիպված է եղել թաքնվել այլ երկրում և մահացել է, երբ նրա վրա հալված ոսկի են լցրել։

Իրականում: Կրասոսի հայրն ու ավագ եղբայրը վախճանվել են պատերազմի ժամանակ, այդ պատճառով նա ստիպված է եղել Հռոմից փախչել Իսպանիա։ Ավելի ուշ իշխանություն ստանալով՝ սպանվել է պարթևների հետ ճակատամարտում։ Վերջիններս ճակատամարտից հետո մահացած Կրասոսի բերանը հալված ոսկի են լցրել։

Ջոն Սնոու, նախատիպը՝ Վիլհեմ Նվաճող

Ստեղծագործության մեջ: Էդվարդ Սթարքը, ով Ջոնին հայտարարել էր իր ապօրինի զավակ, մահանում է հեռավոր հարավում։ Ջոնն էլ միավորում է հյուսիսի բնակիչներին և պատից այն կողմ ապրող վայրենիներին ու դառնում հսկայական երկրի արքա։

Իրականում: Վիլհեմի հայրը՝ Նորմանդիայի տիրակալը, մահացել է հեռավոր Նիկեայում՝ Երուսաղեմից Ֆրանսիա վերադառնալու ճանապարհին։ Վիլհեմը եղել է ապօրինի զավակ, և նրան անվանել են Բաստարդ։ Նա կարողացել է գրավել Անգլիան, որտեղ նրան են ենթարկվել ինչպես տեղի արիստոկրատները, այնպես էլ պիկտերը, որոնք ֆիլմում դարձել են վայրենիների նախատիպը:

Թիրիոն Լանինսթեր, նախատիպը՝ Կլավդիուս

Ստեղծագործության մեջ: Թիրիոնը Վեսթերոսի ամենաազդեցիկ մարդկանցից մեկի որդին է, սակայն նրա փոքր լինելու համար հայրը նրան չի սիրում։ Չնայած սրան՝ Թիրիոնը, շնորհիվ իր խելքի և ինքանկրթվելու ձգտման, կարողանում է ոչ միայն գոյատևել, այլ նաև դառնալ Վեսթերոսի հավանական թագուհու խորհրդականը։

Իրականում: Ծնվելուց հետ նրան տվել են Տիբերիուս անունը։ Ապագա կայսրը եղել է ընտանիքի ամենակրտսերը։ Նա եղել է շատ թույլ և անընդհատ հիվանդացել է։ Մայրը նրա մասին ասել է․ «Մարդ, որին բնությունը սկսեց ստեղծել, սակայն չավարտեց»։ Նա սիրում էր պատմություն և անգամ գրել է գիտական աշխատություններ, իսկ հետագայում, անտեսելով բազում դավադրություններ և մահափորձեր, ոչ միայն դառնում է Հռոմի ղեկավար, այլ նաև սրբադասվում է։

Բրիենա Տարթ, նախատիպը՝ Ժաննա դը Արկ

Ստեղծագործության մեջ: Բրիենան կրում է տղամարդու զրահ, շատ լավ է տիրապետում սուսերին և հայտնի է որպես «Տարթի կույս»։

Իրականում: Օռլեանի կույսը լավ սուսերամարտիկ էր, կռվում էր տղամարդկանց հավասար, ինչպես նաև նախընտրում էր տղամարդկանց համար նախատեսված զրահ։

Մելիսանդրա, նախատիպը՝ Գրիգորի Ռասպուտին

Ստեղծագործության մեջ: Մելիսանդրան դառնում է Ստանիս Բարատեոնի խորհրդականը։ Նա կարողանում է կախարդել ստվերները և գուշակել ապագան։ Սակայն նրա խորհուրդներն այդքան էլ չօգնեցին Ստանիսին հասնել գահին։

Իրականում: Գրիգորի Ռասպուտինը Նիկոլայ 2-րդ կայսեր մտերիմ ընկերն էր։ Նա գրեթե սուրբ էր համարվում և թողել է մի շարք գուշակություններ։ Ավելի ուշ եկեղեցին սկսում է հետապնդել նրան, և շշուկներ են տարածվում այն մասին, որ Ռասպուտինը կախարդ է և բացասաբար է ազդում կայսեր վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել