ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Բժշկական համալսարանի գիտնականները եզրակացրել են, որ առանց ֆիլտրի ծխախոտի օգտագործումն ամենավտանգավորն է առողջության համար: Газета-ի հաղորդմամբ՝ ուսումնասիրությունը հրապարակվել է MedicalXpress կայքում:

Ըստ աղբյուրի՝ փորձագետները հետազոտել են 55-ից 74 տարեկան 14 հազար մարդկու ծխած ծխախոտի քանակի և տեսակի տվյալները: Նրանք եզրակացրել են, որ անֆիլտր ծխախոտը կրկնապատկում է թոքի քաղցկեղից մահվան վտանգը և 30 տոկոսով մեծացնում է մահվան հավանականությունը:

Միաժամանակ գիտնականները հիշեցրել են, որ ֆիլտրով ծխախոտը նույնպես շատ հաճախ թոքի քաղցկեղ է առաջացնում, բացառություն չեն նաև «թեթև», «գերթեթև» կամ մենթոլի համով ծխախոտները:  

Աշխատության հեղինակը Նինա Թոմասը խոստովանել է, որ դեռևս պարզ չէ, թե ինչու է առավել մահացու համարվում առանց ֆիլտրի ծխախոտը: Նրա կարծիքով՝ դա կարող է պայմանավորված լինել խտանյութի մեծ պարունակությամբ:

Փորձագետները հիշեցրել են, որ ծխելը թոքի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից մեկն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել