Pastinfo.am-ը գրում է.

Վանաձորի երթուղիները սպասարկող միկրոավտոբուսների վարորդները վաղ առավոտից բողոքի ակցիա են կազմակերպել։ Պատճառը գազի թանկացումն է։ Վարորդները պնդում են՝ չեն սկսի աշխատել  այնքան ժամանակ, մինչև խնդիրը լուծում ստանա։ Պահանջում են հանդիպում մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ։

Վարորդներն առաջին անգամ գործադուլ էին արել կառավարության այն նիստից հետո, որի ժամանակ որոշվեց գազը վաճառել ոչ թե խորանարդ մետրով, այլ կիլոգրամով։ Ներքաղաքային երթուղիները սպասարկող վարորդները պնդում են՝ խորանարդ մետրով ավելի էժան է լինում, քան կիլոգրամով։ 

«Մեկ օրում ամեն ավտոյի մեջ թանկացել է 1500 դրամ։ Ամսվա կտրվածքով 60հազ. դրամի տարբերություն է տալիս, իսկ դա այս պայմաններում մեծ գումար է», - ասաց վարորդներից մեկը՝ ավելացնելով, որ գործադուլն անժամկետ է։

Վարորդներին  արձագանքեցին Վանաձորի քաղաքապետարանի համապատասխան բաժինների աշխատակիցները։ Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն էլ ասաց, որ հարցը քաղաքապետարանի լիազորություններից դուրս է, բայց վարչապետին կներկայացնեն իրենց բողոքը։

Քաղաքապետարանն ու մարզպետարանը մինչև երկուշաբթի ժամանակ է խնդրել՝ վարորդներին հորդորելով դադարեցնել գործադուլը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել