Իսրայել պետությունն իր ստեղծման ժամանակաշրջանից տարաբնույթ համագործակցություն ուներ արևմտյան պետությունների հետ: Օրինակ՝ Ֆրանսիան Իսրայելին ռազմական տեխնիկա և սպառազինություն մատակարարող երկրներից էր, սակայն 1967թ. ամռանը՝ 6-օրյա պատերազմի մեկնարկից մի քանի օր առաջ, Շառլ Դե Գոլը հայտարարեց, որ Ֆրանսիան այլևս հարձակողական զենք չի մատակարարի Իսրայելին, սակայն վերոգրյալը չէր վերաբերում ռազմական «Սաար» տեսակի մոտորանավերին:
1967թ. դեկտեմբեր ամսին պաղեստինցի ահաբեկիչները գրոհեցին Աթենքում գտնվող հրեական ինքնաթիռը: Իսրայելը, որպես պատասխան, ոչնչացրեց պաղեստինցիների դաշնակից Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի օդանավակայանի ինքնաթիռները: Ֆրանսիան, որը Լիբանանի հետ շատ ավելի դաշնակցական հարաբերություններ ուներ վերջնականորեն սրեց հարաբերություններ Իսրայելի հետ: Արգելվեց անգամ ռազմական մոտորանավերի մատակարարումը: Սակայն 1969թ. հունվարի 4-ին ֆրանսիական քաղաքի ծովային նավահանգստից 3 «Սաար» տիպի ռազմական մոտորանավ ուղղություն վերցրին դեպի հրեական Հայֆայի նավահանգիստ:
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը դիմեց Ֆրանսիայում գտնվող Իսրայելի ռազմածովային ուժերի նախարար Մորդեհայ Լիմոնին: Հրեա պաշտոնյան նշեց, որ «Իսրայելին պատկանող ռազմանավերին հրահանգվել է ուղևորվել Հայֆա»: Պարզ դարձավ, որ իբր թե քաղաքային իշխանությունները և նավաշինարանի աշխատակիցները հավաստիացնում էին որ մատակարարման արգելանքի որոշումը նրանք ստացել են միայն ամսի 6-ին և դա հաստատում էին իբրև թե «իրական փաստաթղթերով»: Հունից դուրս եկած ֆրանսիացի նախարարը հրամայեց ուժեղացնել հսկողությունը, սակայն հրեաները շատ ավելի խորամանկ էին, քան կարելի էր պատկերացնել․ նավաշինարանում դեռևս կային «Սաար» տիպի ռազմանավեր, որոնք պետք է, նախկին պայմանավորվածությունների համաձայն, տրվեին Իսրայելին:
1969թ. նոյեմբեր ամսին Շերբուր քաղաքում հայտնվեց նորվեգացի մի բիզնեսմեն՝ Մարտին Սիմ անվանմամբ: Նա նշեց, որ իր պանամական ընկերությունն այդպիսի նավերի կարիք ունի: Նա նշեց, որ 5% ավել կվճարի, քան հրեաները: Այդ ամենը դրդեց ֆրանսիացիներին գնալ գործարքի: Իրականում այդ մարդը սերտ կապեր ուներ հրեաների հետ: Նա ֆրանսիացների հետ ֆիկտիվ բնույթի «փաստաթղթեր» ստորագրեց: Որոշ ժամանակ անց նավահանգիստ ժամանեցին 50, այսպես կոչված, «նորվեգացի ծովագնացներ», որոնք ունեին շեկ մազեր և կապույտ աչքեր: Իրականում նրանք հրեաներ էին, որոնց «Մոսսադը» կարողացել էր ընտրել հատուկ գործողության համար: Նորաթուխ «նորվեգացիները» միմյանց հետ անգամ եբրայերոնով էին շփվում, սակայն ֆրանսիացիները ոչինչ չէին կասկածում:
Գործողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը: Մինչ գործողության մեկնարկը հրեաները անգամ բավականին հանդուգն կերպով, ոչ ավել, ոչ պակաս, «նշեցին» Սուրբ ծնունդը, որպեսզի վերջնականապես բթացնեն զգոնությունը բոլորի: Վերոգրյալ գիշերը սպա Էզրա Քեդեմի գլխավությամբ 5 ռազմանավեր դուրս եկան նավահանգստից և ուղևորվեցին դեպի Հայֆա: Գործողությունից հետո ֆրանսիական կառավարությունը ցասման մեջ էր և հեռացրեց իր ռազմական անձնակազմի մի մասին: Պարզ դարձավ, որ նավաշինարանի ղեկավար Ֆելիքս Ամիոն, ոչ ավել, ոչ պակաս, կապ ունի հրեական հատուկ ծառայությունների հետ, իսկ Մորդեհայ Լիմոնը ստիպված եղավ լքել Ֆրանսիան: Ֆրանսիայից «փախցրած» ռազմանավերը 1973թ. պատերազմի ժամանակ լրջորեն օգնեցին Իսրայելին ծովում: