168.am-ը գրում է.

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը համաձայն չէ, որ դատարանների մուտքերն արգելափակելու գործողությունները չի համապատասխանում Սահմանադրությանը։ Սահմանադրական դատարանի մոտ հավաքված մարդկանց միացած Լ.Մակունցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բողոքի ակցիան ուղղված է ոչ դատարանի դեմ, այլ այն արձագանք է այն հնարավոր միջամտություններին և միջամտողներին, որոնք մտածում են, որ դատարանը կարող է խամաճիկ դառնալ որևէ մեկի ձեռքին։

«ՀՀ-ում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները պատկանում են ժողովրդին, և այն, ինչ տեղի է ունենում հիմա, ժողովրդի արձագանքն է այն խորը անվստահությանը, որը մարդկանց մոտ կա դատական համակարգի նկատմամբ»,- ասաց Լ.Մակունցը՝ շեշտելով, որ հանրությունն է այս արձագանքը տվել, հանրությունն է վերջին օրերին իր խորը անվտանհությունը հայտնում տարբեր հարթակներում, այդ թվում և մամուլում դատական իշխանության նկատմամբ։

Նա հրաժարվեց անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի գործին. «Այս բողոքի ակցիան կապ չունի որևէ կոնկրետ գործի հետ։ Համընկել է, բայց ես չեմ ուզում, որ մենք կապենք դա որևէ դատական գործի հետ։ Սա դատական համակարգի նկատմամբ անվստահության մասին է։ Մենք բոլորս պետք է ի վերջո գիտակցենք այդ հանգամանքը, որ ՀՀ-ում բոլոր երեք իշխանությունները պատկանում են ժողովրդին և մենք այստեղ տեսնում ենք, ոչ թե պաշտոնատար անձնաց արձագանքը, այլ ժողովրդի արձագանքը»։

Թե ինչո՞ւ ԱԺ-ն չի ձեռնարկել դատական համակարգի բարեփոխումները՝ հարցին, Մակունցը պատասխանեց, որ խորհրդարանը ձևավորվել է և իր գործունեությունը սկսել է հունվարի 14-ից, այդ օրվանից սկսվել են աշխատանքներն անցումային արդարադատության ուղղությամբ, ինչի վկան մայիսի 24-ին նախատեսվող հանրային լսումներն են.

«Մենք արդեն անցումային արդարադատության առումով ստանձնել ենք գործընթաց, ձեռնարկել ենք քայլեր, ինչը վերաբերում է դատական ամբողջ համակարգի փոփոխություններին»։

Լ.Մակունցը խնդրեց սպասել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել