Խմորը պատրաստելու համար ձվի դեղնուցն առանձնացնել սպիտակուցից, հարել, ավելացնել ջուրը, վանիլինը: Սպիտակուցն առանձին հարել, մինչև փրփրելը, աստիճանաբար ավելացնել շաքարավազը, ալյուրը, օսլան, կակաոն, սոդան և այս 2 զանգվածները միացնել իրար, խառնել գդալով, ստացվում է թույլ խմոր: Ջեռոցը տաքացնել 200-220°С, տապակի մեջ յուղաթուղթ փռել, խմորը լցնել մեջը և թխել 10-15 րոպե:
Կրեմը պատրաստելու համար 5 ճ/գ կաթի մեջ լուծել օսլան և 0,5 բաժակ շաքարավազը: Կաթի մնացած մասը տաքացնել մինչև եռալը, թանձրացնել օսլայով, անընդհատ խառնելով եռացնել, ավելացնել հարած կարագը և սառեցնել: Կարմիր հաղարջի հյութին խառնել շաքարավազի մնացած մասը և ժելատինը, թողնել 40 րոպե, մինչև ժելատինն ուռչի, ապա եռացնել, մինչև ժելատինի լրիվ լուծվելը:
Ձևավորման համար կարագը հալեցնել, ավելացնել շաքարավազն ու ջուրը, եփել այնքան, որ շաքարավազը դառնա ոսկեգույն, ապա ավելացնել նուշը և բովել, մինչև զանգվածի գույնը դառնա շագանակագույն: Բիսկվիտի վրա քսել ժելեն և կրեմի 2/3-ը: Բիսկվիտը կտրտել 5 սմ լայնության շերտերի, վրան քսել կրեմ և հավաքել գալարի նման, ինչպես ցույց է տրված նկ. 3-ում, որ ստացվի կլորավուն տորթ, երեսը և կողքերը պատել կրեմով, նուշից ստացված նուգայով: Կարելի է ձևավորել պատրաստի շոկոլադե և սպիտակ բեզեներով: