Իր կյանքի ողջ ընթացքում՝ ծնունդից մինչև մահ, մարդը գտնվում է վախի մթնոլորտում: Վախենում է կարիքներից, ցավից, մահից, մանուկ հասակում՝ մթից, երիտասարդ տարիքում` միջին տարիքից, միջին տարիքում՝ ծերանալուց և այդպես շարունակ: Դրանք շատ են: Երբ սեփական երկիրը սկսում է պատերազմել, մարդու մոտ առաջանում է նոր վախ. վախ՝ պարտությունից, անորոշությունից, կորուստներից: Պատերազմ զորակոչված զինվորը՝ լինի կամավորական, թե պարտադիր զինծառայող, իր հետ տանում է վախ անորոշության հանդեպ: Արդյո՞ք լավ կվերաբերվեն իր հետ սպաները, ինչպիսի՞ն կլինի նոր կյանքը, կգնա՞ դիրքեր, իր բացակայության ընթացքում ո՞վ հոգ կտանի իր ընտանիքի մասին և ամենակարևորը՝ արդյո՞ք կենդանի կմնա նա: Այսպիսով, յուրաքանչյուր սպա պետք է քաջ գիտակցի, որ բանակի մարտունակությունը կախված է առավելապես այն մեթոդների ամբողջությունից, որոնք ուղղված են վախի բնազդի զսպման մեջ: Եթե զինվորներն ապրում են անորոշության մթնոլորտում, եթե գերակշռում են վախը, հետապնդումները, անգամ կարգապահությունը, եթե կառուցվում է գլխավորապես ռեպրեսիայով, ապա նման իրավիճակում վախի բնազդը վերածվում է անպաշտպանության և սպառնալիքների, ինչի էապես ազդում է բանակի մարտունակության վրա: Մյուս կողմից, չմոռանանք, որ ժամանակակից ռազմական տեխնիկայի կիրառությունը ինքնին ենթադրում է փոփոխություններ մարտավարության մեջ: Ոչ վաղ անցյալում կռվի ելքը որոշվում էր ձեռնամարտում, այնինչ ներկա պայմաններում ամեն ինչ կախված է մարդու կողմից ժամանակակից զրահատեխնիկայով հակահարված հասցնելուց: Կես դար առաջ կարելի էր անգամ մեկ մետրից տեսնել թշնամուն, հասկանալ անգամ մահվանից առաջ օտար լեզվով հնչող անեծքը` ողջ կյանքում հոգում պահելով նրա աչքերից առկայծող ատելությունը: Ի՞նչ էր մնում անել: Հավաքել վերջին ուժերը ու գետնին տապալել թշնամուն: Կյանքից զրկելը նույնչափ սթրես է, որքան սեփական կյանքի համար պայքարելը: Ժամանակակից զրահատեխնիկան, պայթուցիկ նյութերը, ավտոմատները ընդլայնեցին թշնամու ոչնչացման հնարավորությունները: Ներկայումս վերոհիշյալ հոգեբանական գործոնները, որոնք նախկինում մեծ դեր ունեին, սկսեցին իրենց տեղը զիջել ոչնչացման զենքերին: Հիմա հակառակորդը կարծես անտեսանելի է, հիմա զենքն է զենքի դիմաց դուրս եկել, ոչ թե հակառակորդները: Բանակի գերխնդիրը, այսպիսով, բարձր Մարտական Ոգի ունենալն է: Այն մարդու ռեակցիան է՝ պատասխան հարվածը, վախի հանդեպ: Անելանելի դժբախտությունից մեկը վազում է մի կողմ, մյուսը պայքարում է վայրենի հրեշի էնտուզիազմով, իսկ երրորդը սառը դատողությամբ ելք է փնտրում: Հիմա եթե նոր ռազմական տեխնիկայի կիրառումը էապես նվազեցրեց ատելությունը թշնամու հանդեպ, որպես անհատ նկատի ունենք, ապա ինչու՞ մեծացրեց ատելությունը ներքին հարաբերություններում, բարիկադի նույն կողմում, նույն նպատակին ծառայող, նույն երկրի անվտանգության համար պայքարող զինվորների միջև: Ուրեմն բարձր պահենք մարտական ոգին, կրճատենք անորոշությունը ու դադարեցնենք վախի մթնոլորտը: Դժվար չէ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել