Դերասանուհի Տիրուհի Հակոբյանը մայիսի 9-ին դարձավ 24 տարեկան: Անմոռանալի ծննդյան և արկածների մասին դերասանուհին պատմել է BlogNews.am-ին, ինչպես նաև տրամադրել լուսանկարներ:
«Ամեն ինչ կեսգիշերից սկսվեց։ Այս անգամ սիրելիս այնպիսի անակնկալ էր պատրաստել, որ ես չէի կռահում: Զանգեց, ասաց, որ իջնեմ բակ: Աշտարակի ճանապարհով գնում էինք, ու դեռևս ոչինչ չէի կարողանում կռահել։ Այդ պահին կողքից մեքենա եկավ, ու մենք հազիվ խուսափեցինք վթարից: Երբ այդ մեքենան կանգնեց, սիրելիս զայրացած ասաց․ «Եթե հինգ րոպեից չվերադառնամ, մեքենայի դարակից հանիր զենքը, և եթե ինչ-որ բան լինի, կզանգես եղբորս»: Ես փորձում էի համոզել, որ չգնա, խնդիրների մեջ չընկնի, բայց ապարդյուն: Մոտեցավ մեքենային, նստեց, իսկ ես լարված սպասում եմ, թե ինչ է լինում: Որոշ ժամանակ անց այդ մեքենան գնաց, ես էլ բացում եմ դարակը, տեսնում եմ՝ այդտեղ վարդ է, և հասկանում եմ, որ ինձ խաբել են»,- պատմում է Տիրուհին:
Այն պահին, երբ դերասանուհին ուշքի է գալիս կատակից, կողքին հայտվում է մի ուրիշ մեքենա, որից էլ դուրս են գալիս ընկերները՝ տորթով, փուչիկներով, հրավառությամբ: «Ես այնքան վախեցած էի այդ պահին, նշանածս հարցնում էր՝ ինչպե՞ս ես, ասում էի՝ սիրտս լավ չէ, այնքան արագ էր զարկում: Հետո ընկերախմբով գնացինք սրճարան՝ ծնունդս շարունակելու, բայց այնտեղից շուտ գնացինք տուն: Երբ նստեցինք մեքենա, չէի հավատում, որ այսքան շուտ ենք տուն գնում: Միայն երբ տուն հասանք, սիրելիս ասաց՝ առավոտյան՝ 05:30, կլինես շենքի բակում և հարցեր չտաս»:
Պայմանավորվածության համաձայն՝ դերասանուհին առավոտյան շենքի բակում էր, բայց չգիտեր՝ ինչ է սպասվում իրեն: Տիրուհուն և սիրելիին միանում են դերասանուհի Եվա Զոհրաբյանը և նրա ընկերը. «Ոչ ոք ինձ չի ասում՝ ուր ենք գնում։ Երբ հասանք Սևան, Եվայի ընկերն ասաց, որ գնում ենք Ենոքավան՝ բարձրությունից թռչելու: Ես սարսափում եմ բարձրությունից և ամբողջ ճանապարհին մտածում էի՝ ինչպես եմ թռչելու»:
Ամեն ինչ իր տեղն է ընկնում, երբ պարզվում է՝ Ենոքավանի փոխարեն խումբն ուղևորվում է Վրաստան՝ Տիրուհու ծնունդը նշելու:
«Ես և Հայկը կարողանում ենք իրար գեղեցիկ անակնկալներ մատուցել, սիրում ենք մեր ժամանցը հետաքրքիր կազմակերպել, իսկ հատկապես տոն օրերին շատ ավելի հետաքրքիր ենք պատրաստվում»:
Այն հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ են օրինականացնել հարաբերությունները, Տիրուհին նշեց․ «Մենք շատ ենք ուզում այս տարի ամուսնանալ, գուցե ամռանը կամ աշնանը, բայց չենք ուզում ժամանակից առաջ ընկնել»: