Սովորական տեսարան. սրճարանում երկու ընկերուհի են նստած։ Նայում ես մեկին. ինչ սիրունիկն է։ Գեղեցիկ բերան, փոքրիկ քիթ։ Հետո մյուսին ես նայում. էլի լավն է, միայն թե նույն բերանն ու լրիվ նույն քիթը։ Նրանք միանման են, որովհետև նույն վիրահատությունն են արել և նույն վիրաբույժի մոտ։
«Գալիս է ինձ մոտ մի աղջիկ, ցույց է տալիս Ալյոնա Շիշկովայի լուսանկարն Ինստագրամից և ասում է, որ հենց այսպիսի քիթ է ուզում»,- պատմում է պլաստիկ վիրաբույժը։ Ալյոնա Շիշկովան Թիմաթիի նախկին ընկերուհին է, Ինստագրամի աստղ։ Եվ բոլորը մի մարդու նման նույնն են պնդում. «Ալյոնայի քթից եմ ուզում»,- շարունակում է վիրաբույժը։ Ես պետք է իմ կարծիքը հայտնեմ. ինձ այս քիթը դուր չի գալիս։ Ինձ թվում է, որ այն հասարակացնում է դեմքը։ Ցույց եմ տալիս համակարգչային մոդելավորումը։ Բարեբախտաբար, շատերն ինձ հետ համաձայնում են։ Բայց ոչ բոլորը։ Եվ գնում են ուրիշի մոտ, դե, նա էլ կտրում է քիթը, լցնում է շուրթերը, անում է այնպես, ինչպես այդ հիմարիկն է ուզում։
Կար ժամանակ, երբ նրանք սովորական աղջիկներ էին։ Գեղեցիկ, համեստ աղջիկներ։ Իսկ հետո դժբախտություն տեղի ունեցավ։ Հոգեբանները դա դիսմորֆոֆոբիա են անվանում։ Դա այն է, երբ երիտասարդ մարդը չի ընդունում իր ինչ-որ մասեր, երբ նրան թվում է, որ իր քիթը հեռու է իդեալական կոչվելուց։ Բոլորը նրան ասում են. «Դու հրաշալի ես, և քիթդ էլ այնքան է քեզ սազում»։ Բայց արդեն ուշ է։ Աղջիկն անհետանում է մոտ մեկ ամսով, իսկ հետո ընկերուհիները նայում և զարմանում են. «Վայ, քթիդ ոսկորը կորել է»։
Պատճառը նաև այն է, որ դեռ տասը տարի առաջ պլաստիկ վիրաբուժությունը միայն հարուստներին էր հասանելի և շատ հարուստներին։ Հիմա նորարարությունները կատարելության են հասցվել, և նյութերն այնքան էլ թանկ չեն, վիրահատությունները մատչելի են դարձել։
Բա շուրթե՞րը, անպայման պետք է լցնել շուրթերը, սարքել այն «կրքոտ» բերանը, որը հիմա գեղեցկության չափանիշ է դարձել։ Ծիծաղելի հաստ շուրթերով աղջիկներ, որոնց նայելիս սարսափում ես։ Իսկ մի քսան տարի առաջ այդ շուրթերը հատուկ էին միայն պոռնոաստղերին։ Հիմա նրանք նստած են յուրաքանչյուր սրճարանում։ Նստում են, հիանում իրենցով Այֆոնի մեջ, սելֆիներ են անում ու հրապարակում։
Եվ մեր փողոցներով քայլում են միանման աղջիկները։ Քիթը՝ Շիշկովայից, շրթունքները՝ Իրինա Շեյքից և այլն։ Եվ նրանց կանգնեցնելն արդեն անհնար է։ Նրանք արդեն գիտեն, որ հետո պետք է հետույքը մեծացնեն, կուրծքը, նրանք փող են հավաքում հենց դրա համար։
Իհարկե, նրանք հիմար են։ Իհարկե, նրանց շրթունքները սարսափելի ծիծաղելի են։ Բայց իրենք գոհ են իրենցից, և նրանց հազարավոր բաժանորդներ Ինստագրամում երազում են նմանվել նրանց և նույն սարսափն անել իրենց հետ։ Եվ այս սարսափը կանգնեցնելը կարծես թե արդեն անհնար է։