Ճապոնական մի խորիմաստ ասացվածք կա․ «Ավելի հեշտ է գտնել 10.000 զինվոր, քան մեկ գեներալ»: Չնայած այն հանգամանքին, որ յուրաքանչյուր ազգ ունի իր յուրովի ընկալումը, սակայն ասացվածքի բովանդակությունը հաստատված է փորձով։ Եվ ցավալի է, որ մեզ մոտ ընկալումները շատ հեռու են այս աֆորիզմի տրամաբանությունից։
Այսօր իշխանական վերնախավի թողտվությամբ և անմիջական մասնակցությամբ տեղի է ունենում բացահայտ առճակատում իրենց ոչ ընդունելի, բայց մեծ վստահություն և հարգանք վայելող շատ գործիչների նկատմամբ, ովքեր երկարատև մարտական ուղի են անցել և մեծ ներդրում են ունեցել հայ ժողովրդի հաղթանակների կերտման գործում:
Այսպիսի իրավիճակի պատճառով ստեղծվել են այնպիսի պայմաններ, երբ հասարակության համար ոչ մի արժեք չստեղծող և բանակի մասին որևէ պատկերացում չունեցող ինչ-որ «մարդ-երևույթներ» օրուգիշեր խոսում են բանակից, քննադատում և բարձրագոչ կարծիքներ արտահայտում, գեներալին ու զինվորին հավասարեցնում, դնում են մի հարթության վրա ու նման կերպ փորձում են արժեզրկել վստահություն վայելող, պատերազմական ուղի անցած շատ գործիչների։
Բայց ասեմ, որ այդպիսի տեղեկատվական արշավները որևէ արդյունք չեն կարող ունենալ երկարաժամկետ իմաստով, քանի որ այն մարդիկ, որոնք ցանկանում են ցեխ շպրտել երկրի պաշտպանությանը նվիրված անձանց ուղղությամբ, ի վերջո իրենք են ցեխոտվելու, քանի որ հասարակության գնահատանքին են արժանանում ոչ թե դատարկ խոսքերը, ֆեյքային հատվածական գրոհները, ինչ-որ «գլուխգործոց» մի քանի գրառումները կամ մի քանիսի ռեպլիկները, այլ հայրենիքի պաշտպանությանն ուղղված գործերը: