168.am-ը գրում է․

Շրի Լանկայի իշխանությունները վերստին սոցիալական ցանցերի ժամանակավոր արգելափակում են նախաձեռնել, այդ թվում՝ Facebook-ում եւ WhatsApp-ում, ապրիլի 21-ին կղզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո բռնության աճի կապակցությամբ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Շրի Լանկայի պետական տեղեկատվության դեպարտամենտին:

Մի քանի տասնյակ մարդիկ, ինչպես գրում է Reuters-ը, վկայակոչելով ականատեսների, կիրակի օրն արեւմտյան ափի Չիլաու քաղաքում քարկոծել են մզկիթներն ու մուսուլմաններին պատկանող խանութները Facebook-ում ծայր առած լեզվակռվից հետո:

Տեղական ԶԼՄ-ները նաեւ հայտնել են մի քանի միջադեպերի մասին, որոնք լույս երկուշաբթի գիշերը տեղի են ունեցել քաղաքի արվարձաններում: Սոցիալական ցանցերի օգտագործման նախորդ արգելքը, որը սահմանել էր կղզում իրականացված մի շարք պայթյուններից հետո, պահպանվել է տասն օր՝ ապրիլի 21-ից մինչեւ 30-ը:

Ապրիլի 21-ին՝ կաթոլիկների ու բողոքականների կողմից Զատիկի տոնակատարության օրը, Շրի Լանկայում տեղի են ունեցել երկրի պատմության մեջ խոշորագույն ահաբեկչական գործողությունները: Ընդհանուր առմամբ Կոլոմբո, Նեգոմբո եւ Բաթիկալոա քաղաքներում որոտացել է ութ պայթյուն, այդ թվում՝ կաթոլիկական եկեղեցիներում՝ զատկական ծիսակատարությունների ժամանակ եւ հյուրանոցներում:

Ըստ վերջին տեղեկությունների, ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել է շուրջ 250 մարդ: Իշխանությունները ենթադրում են, որ գրոհների հետեւում կանգնած է «Ջամաաթ աթ Թահուիդ ալ Վաթանիա» տեղական խմբավորումը, որը կարող է կապեր ունենալ արտասահմանյան իսլամիստական կազմակերպությունների հետ: Մինչ այժմ իշխանություններն արդեն ավելի քան հարյուր մարդ են ձերբակալել, որոնք, ենթադրաբար, մեղսակից են ահաբեկչական գործողություններին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել