Հայկականության նոր ձևաչափը` ցանցային պետության գաղափարը, չի լուծում լոկ միայն Հայաստան-Սփյուռք փաստացի փակուղի մտած հարաբերությունները վերաձևակերպելու կամ կարգավորելու խնդիր, ոչ էլ Հայաստան-Սփյուռք գործակցության արդյունավետության բարձրացման գերխնդիր ունի: Ցանցային պետությունը գլոբալ մակարդակում հայկականությունն աշխարհաքաղաքական և տնտեսական նոր միավոր դարձնելու խնդիր է լուծում: Ժամանակակից թվային տեխնոլոգիաները և դրանց զարգացման դինամիկան թույլ են տալիս համոզմունք ունենալ, որ աշխարհով մեկ սփռված հայերը` անկախ իրենց քաղաքացիությունից, կարող են միավորվել հայկականության նոր ձևաչափերի շուրջ և նոր շահեր ձևակերպել: Դրա պոտենցիալն ակնհայտ է, բայցև օրնիբուն աշխատաք է պահանջում թե՛ քաղաքական, թե՛ ինտելեկտուալ և թե՛ կազմակերպչական տեսանկյունից:

Անզեն աչքով հենց հիմա նկատելի է, որ ոչ միայն Հայաստան-Սփյուռք ներկայիս հարաբերություննեը մեծ հեռանկարներ չեն բացում մեր առջև, այլև Հայաստանի ներկայիս սոցիալ-տնտեսական իրողություններն ու դրանց զարգացման դինամիկան թույլ չեն տալիս հույս ունենալ, որ տեսանելի կամ հեռավոր ապագայում Հայաստանում կենսամակարդակի շեշտակի բարձրացում է լինելու: Ուրեմն՝ պետք է նոր ճանապարհներ փնտրել: Մեր ժողովրդի պատմությունը թույլ է տալիս եզրակացնել, որ մենք մեծ համակարգերում բավականին հաջող ինքնադրսևորվել և օգուտներ ենք քաղել: Հիմա մեր առաջ բաց է ԵԱՏՄ շուկան, և այդ մեծ համակարգից հնարավորինս շատ օգուտներ քաղելու համար մեզ հարկավոր է մաքսիմալ կերպով մոբիլիզացնել աշխարհի հայերի ինտելեկտուալ և ֆինանսատնտեսական ներուժը: Ցանցային պետության գաղափարը թույլ է տալիս նախագծել հայկականության այնպիսի միջավայր և մտածել այնպիսի նոր ֆինանսատնտեսական ձևաչափերի մասին, որոնք մրցունակ կլինեն ոչ միայն ԵԱՏՄ տարածքում, այլև գլոբալ տիրույթում: Այլ կերպ ասած` ցանցային պետությունը կարող է մեր լավ ապրելու անհատական ջանքերը միավորել նոր ձևաչափում, որից օգտվել կարող են Ամերիկայից մինչև Արցախ, Փարիզից մինչև Վլադիվոստոկ ապրող, աշխատող և իրենց ինքնության պահպանմամբ ու զարգացմամբ շահագրգիռ բոլոր հայերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել