Սիրուն լինելը պատիվ է նրա համար, որովհետև նա երկու ռասաների ներկայացուցիչ է՝ իր առավելություններով ու թերություններով: Այն, որ երկու տարբեր մայրցամաքից երկու տարբեր մարդ միավորվել են, ու այդ միությունից ծնվել է հենց ինքը, Աստծո կողմից տրված մի փոքր առավելություն է համարում: Ծանոթացեք, 28-ամյա Սիրուն Մինասն է։ Թերևս միայն նրան ճանաչողները գիտեն, որ Սիրունը հայի գեներ ունի, հրաշալի տիրապետում է հայերենին ու պաշտում Հայաստանը: Blognews.test.am-ի օբյեկտիվի առջև այս անգամ աֆրոամերիկացու արտաքինով հայուհին է:
«Հայրս հայ է, ժամանակին բնակվել է Հնդկաստանում, մայրս` նիգերիացի։ Հայրս բժիշկ է ու մեկնել էր Նիգերիա՝ աշխատելու, որտեղ էլ հանդիպել է մայրիկիս: Ես ու եղբայրներիցս մեկն այնտեղ ենք ծնվել, հետո ընտանիքով տեղափոխվել ենք Հայաստան ու բնակություն հաստատել Մեղրիում․ նորաստեղծ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարությունը հորս առաջարկում է հիվանդանոց բացել սահմանամերձ Մեղրիում, ու մենք տեղափոխվում ենք այնտեղ»։
Սիրունը հետաքրքիր ու վառ հիշողություններ ունի՝ կապված Մեղրիի հետ, սակայն հաճախ չի հասցնում լինել այնտեղ. «Մեղրիից մեկ-երկու կիլոմետր հեռու արդեն Պարսկաստանն է, ու ինձ համար մինչև հիմա էլ վառ են պարսկական գեղեցիկ այգիների պատկերները։ Իմ մանկության համը եղել է Մեղրիի արևահամ դեղձը։ Մեղրիում մանկություն ունենալը շատ հետաքրքիր է։ Մայրաքաղաքում այդքան պահպանված չէ դրսում հողերի հետ խաղալու, առօրյայից զրուցելու համար հետաքրքիր ու տաքուկ մի տեղ հավաքվելու կոլորիտը։ Մանկության բոլոր հետաքրքիր խաղերը խաղացել եմ ու հիմա էլ շատ կարոտում եմ այդ պարզ ու անհոգ օրերը»։
Ոչ ստանդարտ արտաքինը, Սիրունի խոսքով, ստիպել է շատերին, որ հետաքրքրությամբ վերաբերվեն իրեն ու փորձեն ծանոթություն հաստատել, շփվել. «Շատերի համար մեր մաշկի գույնը տարօրինակ էր, նույնիսկ երեխաների համար։ Չհասկացված լինելը շատերի մոտ բացասական ռեակցիա էր առաջացնում դեպի մեզ, բայց դե ժամանակի ընթացքում սովորում ենք դրան։
Հիմա մեծ մասամբ միայն դրական է վերաբերմունքը։ Եթե այն ժամանակ Հայաստանի համար կար մեկ սևամորթ կին, որը իմ մայրն էր, հիմա արդեն թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ սոցցանցերում մարդիկ տեսնում են, որ դա ինչ-որ արտասավոր ու տարօրինակ երևույթ չէ»։
Սիրունն ունի 2 եղբայր և 1 քույր. «Ամեն մեկս մեր գործի մեջ փորձում ենք լինել հնարավորինս լավը: Ես մեծն եմ, ինձ հաջորդող եղբայրս աշխատում է «Յանդեքսում»՝ որպես տարածքային զարգացման մենեջեր: Փոքր եղբայրս անիմատր է, սովորում է Թատերական ինստիտուտում։ Քույրիկս՝ Սառան, դեռ դպրոցական է, ու նրա համար ամեն ինչ դեռ առջևում է»։
Տանը խոսում են և՛ հայերեն, և՛ անգլերեն․ ասում է Սիրունն ու ավելացնում, որ այնքան էլ դժվար չէ պահպանել մշակույթների առանձնահատկությունները. «Փոքր ժամանակ մեր ընտանիքում կանոն կար, որ տանը միայն անգլերեն պետք է խոսեինք, որովհետև եկել էր մի շրջան, երբ մենք երեխաներով անգլերենը մոռացել էինք հայերեն սովորելու պատճառով։ Իսկ արդեն դրսում միայն հայերեն էինք խոսում։ Մայրիկս էլ է հայերեն լավ խոսում»։
Քանի որ Սիրունի հայրը ծնվել ու մեծացել է Հնդկաստանում, նրանց ընտանիքում կա նաև երրորդ՝ հնդկական մշակույթը: Սիրունի խոսքով՝ դեպի Հնդկաստան ճամփորդությունների ժամանակ մայրիկը սովորում էր նաև այնտեղի ուտեստները պատրաստել. «Այդպես մի օր նիգերիական, մի օր հնդկական, մի օր հայկական ուտելիք էինք փորձում: Մշակութային ու խոհանոցային բազմազանությունը քեզ թույլ է տալիս լայն միտք ունենալ»:
Սիրունի մտքով չի անցել երբևէ փոխել անունը. «Սիրուն անունն ինձ համար մայրս է ընտրել, այն հայկական ծագում ունի։ Հղի ժամանակ մայրս ուզում էր ավելի շատ բան իմանալ հայերի մասին ու ծանոթանալ հայկական մշակույթին։ Մի գիրք է կարդում՝ «Աշխարհի երջանկագույն մարդիկ»։ Ցեղասպանություն վերապրած հայ ընտանիքի պատմություն է, թե ինչպես են հրաշքով ողջ մնում, տեղափոխվում Ամերիկա։ Հերոսուհիներից մեկի անունը Սիրուն է լինում, ու նրան այնքան է հուզում այդ պատմությունը, որ որոշում է՝ եթե առաջնեկը աղջիկ լինի, նրան Սիրուն անունը կտա։ Այդպես էլ եղավ»,- ժպիտով նշում է գեղեցկուհին ու հավելում, որ իրականում երկու անուն ունի: Սիրունը դրանցից առաջինն է․ նիգերիականն է՝ Իսոկեն։
Սիրունը ևս մասնագիտությամբ բժիշկ է, որոշել է հայրիկի ուղով շարունակել. «Հայրս մանկաբարձ-գինեկոլոգ է, ես՝ պլաստիկ վիրաբույժ․ ընդհանուր ուղղությունը պահպանել եմ։ Ինքս երբեք պլաստիկ վիրահատական միջամտության չեմ դիմել։ Չկա արտաքինիս մեջ մի բան, որը չեմ հավանում և կուզեի փոխել, չնայած դեռահասության տարիներին եղել են այդպիսի մտքեր»,- ասում է Սիրունն ու ավելացնում, որ ինքը՝ որպես մարդ ու մասնագետ, ծայրահեղ փոփոխությունների կողմնակից չէ. «Մարդուն նայում եմ որպես Աստծո ստեղծագործություն, և Նա ավելի լավ գիտի ինչպես ստեղծել ամեն մեկիս։ Իմ՝ որպես պլաստիկ վիրաբույժի գործը զուտ որոշակի նուրբ շտկումներ անելն է ու հնարավորիս ընդգծել այն, ինչը որ կա, ոչ թե պացիենտին դարձնել անճանաչելի»։
Սիրունը վերջերս հանդես է գալիս նաև որպես ֆոտոմոդել՝ ցուցադրելով հայ դիզայներների հագուստները։ Հարցին՝ որքանո՞վ է ինքը հետևում նորաձևությանն, ու ի՞նչ կերպարում կարելի է տեսնել նրան առօրյայում, պատասխանում է. «Իրականում հետևում եմ միայն հարմարավետությանը։ Մաքսիմալ հարմարավետ, գեղեցիկ ու պրակտիկ պիտի լինի հագուստը, որ իմ ակտիվ առօրյայում ես կարողանամ ինձ լիարժեք զգալ։ Բարձրակրունկները իմ աշխույժ առօրյան կարող են դանդաղեցնել ու դարձնել քիչ էֆեկտիվ։ Շատ սիրում եմ, բայց քիչ կիրառում առօրյայում»։
Գեղեցկուհին իրեն տարօրինակ ու կոնֆլիկտային մարդ չի համարում. «Տարօրիակություն չէի ասի, բայց ընդհանրապես ալկոհոլ չեմ օգտագործում։ Ոչ թե նրա համար, որ բժիշկ եմ ու առողջ ապրելակերպին եմ հետևում, այլ ինքս իմ համար այդպիսի որոշում եմ կայացրել»:
Սիրունը վերջերս է նշանադրվել։ Ընտրյալը Ռաֆայելն է՝ մասնագիտությամբ ֆինանսիստ: Տարիքային տարբերությունը մեծ չէ՝ ընդամենը 3 տարի. «Ես միշտ պատկերացնում էի, որ պետք է ավելի հասուն տարիքի մեկի հետ շփվեմ, որ ինձ կարողանա հանդուրժել, բայց ես ճիշտ ընտրություն եմ արել։ Կոնֆլիկտային մարդ չեմ, բայց, ինչպես տեսնում եք, տարօրինակություններ ունեմ։ Ռաֆայելն ինձ կարողացել է գրավել ինքնավստահության շնորհիվ, բայց ոչ անիմաստ, այլ ինչ-որ բանից բխող ինքնավստահության, համառության ու նաև ինձ շատ սիրելու ու հարգելու շնորհիվ: Ամենաշատը ես վերջինն եմ կարևորում, որ հարաբերությունների հիմքում լինի փոխադարձ հարգանք»,- ասում է Սիրունն ու ավելացնում, որ հիմա էլ պատրաստ է ընտանիք կազմել, որը հիմնված կլինի սիրո, ընկերության ու հավատքի վրա, որ շփումը ոչ միայն մարմնական լինի, այլև հոգևոր։
Նոր ընտանիքում գրկաբաց են ընդունել ոչ ստանդարտ արտաքինով գեղեցկուհուն. «Երևի սկզբում մի քիչ տարօրինակ էր հնչում, որ ես կիսով չափ հայ եմ, մտահոգ էին ու անհամբեր, բայց ծանոթությունից հետո ես էլ ընդհանրապես խնդիր չունեի, մանավանդ տատիկի կողմից, քանի որ վերջինս ինձ «փորձության» էր ենթարկել: Եթե ինձ հաջողվեր պատրաստել դոլմա, որը նա կհավաներ, ուրեմն՝ ես հարս կգնայի իրենց ընտանիք, եթե ոչ... Ու պատկերացրեք իմ վիճակը․ համացանցով, գործընկերներիս ու մայրիկիս օգնությամբ ես հաջողեցի փորձությունը։ Տատին եկավ, համտեսեց, ասաց՝ շատ լավ է, մնացածի մասին արդեն կխոսենք» (ծիծաղում է):
Ռաֆայելի համով-հոտով խստությունը տարաձայնությունների պատճառ չի դառնում: Սիրունը լավ գիտի՝ ինչը նրա համար ընդունելի կլինի, ինչը՝ ոչ. «Միաժամանակ նա ինձ տալիս է այն ազատությունը, որն ինձ պետք է աշխատանքի ու ընտանիքի մեջ ինձ լիարժեք ծաղկելու համար»։