Ես ուզում եմ հասկանալ, թե Ավետիք Իշխանյանն ինչքա՞ն կարող է ստել, բայց երևակայությունս արդեն չի բավականացնում: Վերջին տարիների ընթացքում, այս էլ որերորդ անգամն է, լսում եմ, որ պարոնը պատեհ ու անպատեհ առիթներով Տեր Եսայի Քահանայի անունն է տալիս ու հայտարարում, թե իբր նա ասել է, որ աթեիստ հայը հայ չէ, լրագրողն էլ եզրակացնում է, որ եթե իր պապերը աթեիստ են եղել, ուրեմն ինքն էլ հայ չէ: Սարկազմը հասկանալի է, սակայն մեղմ ասած՝ անգրագետ` հատկապես լրագրողի համար, քանի որ կարծում եմ պետք է նախ ճշտել Իշխանյանը ինչքանո՞վ իրավունք ունի նրա անունը տալու, նամանավանդ, եթե ստում է: 
Չէի ցանկանա անրադառնալ այս թեմային, քանի որ երբեք էլ Իշխանյանն ու իր պատվերներով արտահայտած կարծիքները կարևոր չեն եղել ինձ համար, սակայն անընդհատ կրկնվող սուտը փարատելու համար ասեմ, որ նա երբեք նման հայտարարություն չի արել, թե իբր աթեիստը հայ չէ: Ընդհակառակը, նա իր հայտարարությունների մեջ շատ հստակ ասել է, որ երբեք չի վիճարկվում որևէ հայ մարդու, անկախ իր կրոնական, սեռական ու սոցիալական պատկանելիությունից, հայ լինել-չլինելու հարցը: Խոսքը հայի ինքնության և հայի պատկանելիության մասին է: Պարոնն ինքն էլ իր խոսքում, գուցե չիմանալով, ընդգծում է, որ հայ ժողովրդի ու հայ եկեղեցու պատմությունը զուգահեռ և միահյուսված իրականություններ են, այսինքն հայ եկեղեցին մեր ինքնության ու ազգային արժեքների կրողն ու պահպանողն է: 
Մյուս կողմից, պարո՛ն Իշխանյան, հերի՞ք չէ Ձեզ տանջեք ու խոսեք մի բանի մասին, որից բան չեք հասկանում: Հասկացանք՝ փող եք ստանում, որ փորձեք հեղինակազրկել ազգային ու հոգևոր կառույցները, սակայն գոնե այնքան հեռատեսություն ունեցեք, որ չհեղինակազրկեք ինքներդ ձեզ: Չնայած ես չեմ Ձեր դատավորը, գուցե դրա համա՞ր էլ եք փող ստանում: 
Բայց ամեն դեպքում նկատի ունեցեք. 
1. Դուք չեք որոշում եկեղեցին բանակում, դպրոցում կամ որևէ այլ հաստատությունում որքան «խորանա»: Եկեղեցու մասին խոսելու փոխարեն ավելի լավ է խոսեք աղանդների մասին, որոնք մեր հասարակության մեջ խորանում են իրենց մանիպուլացիոն հնարքներով, որոնց չգիտես, թե ինչու պաշտպանում եք: 
2. Մյուս կողմից ասում եք, որ եկեղեցուն արտոնություն է տրվել քարոզելու և նշում այդ արտոնությունը ետ վերցնելու մասին: Տգիտությունն էլ չափ ունի: Եկեղեցուն քարոզելու արտոնություն ոչ Դուք եք տվել, ոչ էլ պետությունը: Էլ չշարունակեմ… 
3. Ասում եք Հայ եկեղեցու պատմություն առարկան հանել, բայց նաև հերքում ինքներդ Ձեզ, թե հայ ժողովրդի ու հայ եկեղեցու պատմությունները միահյուսված են: Արդյո՞ք այդ հանգամանքը չի ընդգծում Հայ եկեղեցու պատմություն առարկայի կարևորությունը: 
4. Վարդանանց պատերազմը վիճահարո՞ւյց հարց է: Սա արդեն անգրագիտության հարց չէ, այլ՝ անբարոյականության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել