Տարօրինակ է, որ լրջորեն չվերլուծվեցին ասուլիսի ընթացքում վարչապետի արած հայտարարություններից մի քանիսը։ Վարչապետը հատուկ լուրջ դեմքով խոսեց նաև «Իմ մարմինն անձնական է» գրքի մասին՝ նշելով, որ առավոտյան հասցրել է կարդալ այդ գիրքը և երեխաների համար որևէ վտանգավոր բան չի գտել։ Ավելին՝ վարչապետը գովերգեց այդ գիրքը կազմողներին՝ նշելով, թե ի վերջո պետք է զբաղվել երեխաների սեռական գրագիտության բարձրացմամբ։

Ինչպե՞ս է ստացվում, որ վարչապետը երկրի համար կենսական խնդիրներին չի անդրադառնում, չի հասցնում այդ խնդիրների մեջ խորամուխ լինել, իսկ սորոսական գրանտներով այլասերության քարոզ պարունակող գրքույկները անվերապահ կարդում է։ Եթե նման գրքույկ ունենալու անհրաժեշտություն լիներ, ապա խնդրով կզբաղվեին նեղ մասնագետները, ովքեր նշված գրքույկի բովանդակության մեջ վտանգներ են տեսնում։

Ու վարչապետը հանկարծ սկսում է խոսել ավանդական և քրիստոնեական արժեքների օգտին։ Մի՞թե վարչապետը չի տեսել սոցապ նախարար Զարուհի Բաթոյանի հարցազրույցը, որում նա պաշտպանում է ոչ թե ընտանեկան արժեքները, այլ գովերգում է սեքսը։ Մի՞թե վարչապետը չի նկատում, թե այլասերության քարոզի ինչպիսի ակտիվություն է նկատվում։ Մի՞թե վարչապետը չի տեսնում, թե իր կողքիններն ինչպես են տենչում մարիխուանայի դոզայի տակ մնալ։

Այս ամբողջ պատկերը տեսնելով՝ միայն մի եզրակացություն կարելի է անել, որ վարչապետի և նրա թիմի թիկունքին կանգնած է «այլասերված գլոբալ հրեշը», որը նրանց բերել է իշխանության, իսկ հիմա եկել է Նիկոլի փոխհատուցելու ժամանակը։

Պարոն վարչապետ, չի կարելի երկակի ստանդարտներով առաջնորդվել, չեք կարող խաբել ժողովրդին, թե իբր նվիրված եք մեր ունեցած արժեքների պաշտպանությանը։ Սթափվեք և ուղղեք Ձեր սխալները։ Միշտ նկատի ունեցեք, որ ոչ անտեղի քննադատության հեղինակներն են իրականում ուզում, որ Դուք հաջողեք, այլ ոչ թե Ձեր կողքից ծափահարողները, որոնք դժվարին պահերին ժամ առաջ կլքեն Ձեզ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել